Բեմում կանգնած մարդը նախանձելի է թվում. քչերը կմտածեն նրա անցած ուղու, ապրածի, տառապանքների, զրկանքների, կորուստների մասին, հատկապես երբ փայլուն է կատարում իրեն վիճակված դերը. կարծես բախտը բերել է, ու նա այնպիսի վայելքի մեջ է, որից զրկված են շատ-շատերը… Իսկ նա, թերեւս, մեզանից մեկն է` իր հույզերով, ուրախություններով, հոգսերով ու մտահոգություններով. հավանաբար, տարբերությունը ճանաչումն է. բեմից հեշտ են ճանաչում մարդուն, իսկ որքան մեծ է ճանաչումը, այնքան մեծ է պարտավորությունը, այնքան բարդ` բեմից դուրս ապրելը…
Թե ինչ դժվարություններով էր ապրում հայ նշանավոր գրող Նար-Դոսի (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) ընտանիքը, եւ ինչեր էր հաղթահարում նա ստեղծագործական կյանքին նվիրվելու ճանապարհին, ընթերցողներին հայտնի է դպրոցական նստարանից։ Մարդու ու նրա բարոյական տեսակի մտահոգությունն է գրողի առարկան։ «Նար-Դոսի մեջ մարդը եւ գրողն իրարից անբաժան էին եւ իրար չժխտող»,- նրա մասին գրում է Ավետիք Իսահակյանը եւ նրան համարում «մեր գրականության հարատեւ փառքերից մեկը»։ Սակայն խոսքն այսօր ոչ թե գրողի, այլ նրա որդու` Նար Հովհաննիսյանի մասին է, ում ստեղծագործական ճանապարհին նույնպես ընկած էր մարդկային տառապանքների ու փառքի ուղին։ Նարը ծնվել է Թիֆլիսում` 1913 թ. մարտի 30-ին։ 1931-37 թթ. Թիֆլիսի օպերայի եւ բալետի թատրոնում խմբերգիչ էր, իսկ 1941 թ. հունիսի 24-ին, Թբիլիսիի կոնսերվատորիայի երգարվեստի` Ե. Ա. Վրոնսկու դասարանը հազիվ ավարտած, կամավոր մեկնում է ռազմաճակատ` որպես Սեւծովյան հատուկ զորամասի շարքային զինվոր։ Երգի հանդեպ սերը, ինչպես որ հոր` գրականության հանդեպ գրողի սերը, խոր արմատներ ուներ, որ ծլարձակել էր մարդկայինի ու կյանքի հանդեպ սիրուց. հայրենիքը վտանգի մեջ էր, իսկ երգել կարելի էր եւ ռազմաճակատում: Ու նրա երգը չընդհատվեց կրակե դաշտում. ճակատում կազմավորվել էր երգի ու պարի անսամբլ, եւ Նարի բասը անսամբլում հզոր, հաղթական ձայնով ոգեւորում էր թշնամու դեմ մարտնչողներին։ Երգիչը, սակայն, զենքը վայր չէր դրել, եւ պատերազմի դաշտը իդիլիա չէր նրա համար. նա խիզախորեն մարտնչում էր Հյուսիսային Կովկասում, մասնակցում Կերչի, Սեւաստոպոլի, Թեոդոսիայի ազատագրմանը, իսկ 1943 թ. ծանր կոնտուզիա ստանալու պատճառով տեղափոխվում է հոսպիտալ, այնուհետեւ Մոսկվա ու նախքան հայտնի երգիչ դառնալը հաստատվում որպես հայրենիքի նվիրյալ մարտիկ` պարգեւատրվելով Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով՝ երկու անգամ, բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով։
Եվ միայն զենքը վայր դնելուց ու ապաքինվելուց հետո սկսվեց Նար Հովհաննիսյանի ստեղծագործական ու բեմական բուն կյանքը, կյանք, որ, ասես, հանդիսատեսի աչքից վարագուրում էր ծանր անցյալը` ենթադրության իսկ տեղիք չտալով, որ բեմական հագուստի տակ հայրենիքի զինվորի` արյունով կնքված ճանապարհն է թաքնված… Հովհաննիսյանի երգապնակը հարուստ էր` որպես իր ձայնի դիապազոնը` ելեւէջումների նրբերանգներով, հստակ ու պարզ առոգանությամբ, մատուցման վարպետությամբ, ունկնդրին գերող հուզականությամբ՝ լիներ ռոմանս, կատակերգ, երգիծանք, թե խրոխտ-հերոսական հիմներ ու քայլերգեր, քնարականից մինչեւ խոհափիլիսոփայական կատարումներ։ Երգացանկն ընդգրկում էր տարբեր ոճերի` հայ, ռուս, այլազգի, ինչպես դասական, այնպես էլ ժամանակի երգահանների ստեղծագործություններ։ Նրա կատարմամբ «Ախ մարալ ջան, էրվում եմ», «Երազ», «Գետակի վրա թեքվել է ուռին», «Պարսկական երգ», «Օ, վարդ, ջահել իմ օրերի», «Սարի կեռաս է շուրթը քո» երգերը լսողը գուցե չպատկերացնի, որ, ասենք, նույն երգիչը նույն հաջողությամբ կկատարի «Խեչոյի կինը տղա է բերել», «Հոր-հոր աղայի երգը» կամ «Երգ լվի մասին»-ը, մինչդեռ Նար Հովհաննիսյանն իր տաղանդով ու դերասանական արվեստով ինքնատիպ օպերային երգիչ էր եւ բազմաթիվ մեներգերի հրաշալի կատարող ու մատուցող։ Նա զբաղված է եղել «Զեմիրե», «Դավիթ Բեկ», «Սեւիլյան սափրիչ», «Դոն Կառլոս», «Դոն Կիխոտ», «Արշակ Բ», «Ալմաստ», «Մազեպա», «Իշխան Իգոր», «Աիդա», «Ֆաուստ», «Նորմա» եւ այլ օպերային ներկայացումներում։
Նար Հովհաննիսյանը Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի բեմ բարձրացավ 1951 թ. եւ մինչեւ կյանքի ավարտը ծառայեց իր արվեստին` գերելով ոչ միայն հայ հանդիսատեսին, այլեւ հյուրախաղերի մեկնելով թե՛ ԽՍՀՄ տարբեր քաղաքներ ու շրջաններ, թե՛ արտասահմանյան երկրներ, ինչպես Սիրիա, Լիբանան, ԿԺԴՀ, Բելգիա, Հունգարիա, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, աֆրիկյան 9 երկիր եւ այլուր։
1954 թ. Նար Հովհաննիսյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, տասը տարի անց` 1964-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1954-1963 թթ. դասախոսել է Երեւանի կոնսերվատորիայում` որպես ավագ դասախոս։ Երգիչն զբաղվել է նաեւ հասարակական գործունեությամբ, 1955-59 թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։
Նար Միքայելի Հովհաննիսյանը վախճանվել է 1995 թ. դեկտեմբերի 25-ին, Երեւանում։