Երեւանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը հիմնադրվել է1949 թ. Շենգավիթում՝ որպես Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մասնաճյուղ։ Մեկ տարի անց արդեն գործել է որպես արվեստի ինքնուրույն կրթօջախ։ Տնօրենն է եղել Բաբկեն Սարգսյանը։ 1971-1975 թթ.՝ տնօրեն Ֆելիքս Հակոբյանի օրոք, դպրոցի համար նոր շենք է կառուցվել, բացվել են նոր բաժիններ, ավելացել է աշակերտների թիվը։ 1990-ական թթ. ուսուցչական անձնակազմի ուժերով եւ Սարգիս Ալաջաջյանի ղեկավարությամբ դպրոցում ստեղծվել է կամերային նվագախումբ։ 1997-2001 թթ. դպրոցը գլխավորել է Ֆլորա Մարտիրոսյանը։ 2001 թ. տնօրեն է նշանակվել Սվետլանա Մուրադյանը։ Դպրոցում ստեղծվել է ուսուցիչների երգչախումբ՝ Հենրի Մանգասարյանի ղեկավարությամբ։
2011 թ. սեպտեմբերից մայրաքաղաքի այս կարեւոր երաժշտանոցը տնօրինում է Անահիտ Համլետի Գեւորգյանը։ Այժմ այստեղ գործում են 10-ից ավելի բաժիններ, որոնցում երաժշտական կրթություն են ստանում հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ։ Օրերս բազմամարդ էր Ա. Տիգրանյանի անվ. երաժշտականի դահլիճը, որի մի պատը զարդարված էր ՀՀ եւ Ֆրանսիայի դրոշներով։ Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակներում այստեղ կայացավ «Բարեկամության գաղտնիքը» խորագիրը կրող համերգ։ Բերձորի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանն այժմ դասավանդում է այս դպրոցում, եւ նրա հրավերով ներկա եղա համերգին։ Դպրոցի տնօրեն Ա. Գեւորգյանը ողջունեց ներկաներին եւ ներկայացրեց պատվավոր հյուրերին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան կրթական եւ համալսարանական համագործակցության գծով կցորդ Սելին Գերեն, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյան, Երեւանի ավագանու անդամ Արման Անտոնյան, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Մինասյան եւ այլք։ Համերգի կազմակերպիչներ՝ վոկալի եւ թատերական խմբերի ղեկավարներ Հասմիկ Ջարոյանը եւ Նարինե Թարզիմկոյանը ներկայացրին ծրագիրը։ Մասնակից աշակերտները միասին հնչեցրին Ֆրանսիայի եւ ՀՀ պետական օրհներգերը, բաց թողեցին խաղաղությունը խորհրդանշող փուչիկներ։ Պարզվեց՝ խմբի կազմում էր նաեւ Բերձորից տեղափոխված 5-րդ դասարանցի Մանե Մուրադյանը։
«Զարմանալի բան է տարածությունը, մինչ մենք այստեղ խաղաղ նստած ենք, հենց այս պահին, աշխարհի ինչ-որ կետում արկեր են պայթում, արվեստն է մեռնում, սերն է քչանում, մարդիկ, աշխարհը կիսած հազար մասերի, բախտ են որոշում, ու ամեն բան դեպի մահ է գնում, թվում է, թե չկա փրկություն, թվում է, թե բարին է պարտվում: Բայց, բարեբախտաբար, հենց այս նույն պահին, աշխարհի մի ուրիշ կետում խենթեր են ծնվում, սերն է շատանում, արվեստն է ծաղկում….»,- այս խոսքերով սկսվեց համերգը։ Ընթացքում հաղորդավարները ներկայացրին նաեւ ֆրանկոֆոնիայի պատմությունը, առաքելությունը։ Հայաստան-Ֆրանկոֆոնիա հարաբերությունները սկսվել են 2003 թ.: 2010 թ. Շվեյցարիայում կայացած Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթնաժողովում անդամ երկրներն ու կառավարությունների ղեկավարներն առաջին անգամ իրենց դիրքորոշումն արտահայտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Համերգի ընթացքում տեղեկացվեց մի ազդեցիկ պատմության մասին, որը եւս մեկ բանալի է՝ բացելու Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամության գաղտնիքը: «Շոկոլատյէ դէ ակուաբելլա» շոկոլադի գործարանը մի անգամ «Հայերի կոտորածը» անվանումով բացիկների հավաքածու է թողարկում, որը ցնցում է ամբողջ աշխարհը: Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն աշխարհին իրազեկելու համար գործարանը համաշխարհային ցուցահանդեսում պարգեւատրվել է բարձրագույն մեդալով:
Համերգի ընթացքում ներկայացվեցին ֆրանսիական երգարվեստի լավագույն նմուշներ, որոնք վարպետորեն էին կատարում հայ աշակերտներն իրենց ուսուցիչների ղեկավարությամբ։ Բոլոր ելույթները որոշակի ներկայացնում էին բարեկամ երկիր Ֆրանսիայի կենցաղն ու արվեստը։ Հիանալի կատարմամբ հանդես եկան ֆլեյտահար Մարի Հովհաննիսյանը, դաշնակահարներ Նարեկ Մկրտչյանն ու Վահե Դանիելյանը՝ կոնցերտմայստեր Քնարիկ Վարդանյանի նվագակցությամբ, վոկալիստ Մարիամ Վարդումյանը, այլ երգիչ-երաժիշտներ։ Հրաշալի էր թավջութակահարների խմբի ելույթը։ Ներկայացվեց փարիզյան սրճարան, որը երգաշատ էր, ու հնչեցին սիրված երաժիշտների՝ Բիզեի, Մասնեի, Պիաֆի, Սեն Սանսի երգերը, Վիդոր-սերենադ: Ֆրանսիա-Հայաստան բարեկամության գործում չանդրադառնալ Ազնավուրին՝ անհնար է։ Եվ հաղորդավարների հրավերով «մի աշխարհ երեխա» մոտեցավ բեմին, երգչախմբի ղեկավարներ Ռուբեն Կարասեֆերյանի ղեկավարությամբ հնչեց Ազնավուրյան երգը (մենակատար՝ վոկալիստ Վահագն Ռուբենյան)՝ որպես աղոթք ուղղված Տիրամորը, որ համերաշխություն լինի աշխարհի ազգերի միջեւ, որովհետեւ մարդկությունը՝ անկախ մաշկի գույնից, արարել է ուզում խաղաղ աշխարհում։ Ներկաներին մեծ հուզմունք պարգեւեց նաեւ «Քեզ համար, Հայաստան» երգը «մի աշխարհ երեխաների» կատարմամբ։ Համերգի վերջում Ֆրանսիայի դեսպանատան կրթական եւ համալսարանական համագործակցության գծով կցորդը շնորհակալություն հայտնեց միջոցառման համար։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանի կողմից տեղակալ Ա. Մինասյանը պատվոգիր հանձնեց «Երեւանի Ա. Տիգրանյանի անվ. երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ ոլորտում ներդրած ջանքերի, բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար։ Երեւանի ավագանու անդամ Արման Անտոնյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանի հետ էլ կիրականացվեն աշխատանքներ՝ ի շահ Փարիզի ու Երեւանի։ Տեղեկացրեց՝ շուտով Երեւանի պատմության թանգարանը կստանա Լուվրի թանգարանի աջակցությունը։ Դահլիճում հանդիպեցի նաեւ Քաշաթաղի շրջվարչակազմի հիմնադիր ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանին, ով եկել էր ըմբոշխնելու գեղեցիկ համերգը, որին մասնակից էր նաեւ թոռնուհին: