Դեռեւս 5-րդ դարում պատմագիր Եղիշեն ասել է. «Տվեք ինձ կիրթ եւ խելացի մայրեր՝ ես ձեզ կտամ կիրթ ու խելացի հասարակություն»։ Իսկ 20-րդ դարի ռազմական, պետական գործիչ, իմաստասեր Գարեգին Նժդեհը բանաձեւել է. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»։
Մայրերի եւ կնոջ ունեցած դերը բարձր է գնահատվել հայերիս կողմից բոլոր ժամանակներում։ Հատկապես ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերը, նվիրվածությունն ու մեծարանքը մեր ազգային նկարագիրը ձեւավորող անկյունաքարերից են։ Մեծարել կնոջը՝ նշանակում է արժեւորել, գնահատել, նկատելի դարձնել նրա առաքինություններն ու արժանիքները, որի պարագայում «կփոքրանան» արատներն ու թերությունները։
Այսօր մայրության եւ գեղեցկության օրն է։ Ապրիլի 7-ը դեռեւս վաղնջական ժամանակներից մեր նախնիները նշել են որպես դիցամայր Անահիտին նվիրված գեղեցկության եւ մայրության տոն։ Քրիստոնեության ընդունումից հետո նույնպես օրվա խորհուրդը կարեւորվեց եւ ըստ արժանվույն գնահատվեց՝ վերագրվելով Մարիամ Աստվածածնին։ Մեր ազգային տոնացույցում ապրիլի 7-ը ներառվեց 1995-ից։ Տոնը սիրվեց եւ ընկալելի դարձավ մեր հասարակության կողմից։ Արդյունքում ձեւավորվեց հրաշալի ավանդույթ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը համարել կանանց նվիրված միամսյակ:
Օրվա խորհուրդն առանձնահատուկ է նրանով, որ մեծարանքի են արժանանում հենց մայրությունն ու մայրության հարատեւ գեղեցկությունը՝ որպես կյանքի շարունակականության եւ երջանկության անսպառ աղբյուր: Հաճախ թյուր կարծիք կա, թե երեխային լույս աշխարհ բերելն ու մայր լինելը միեւնույն բանն են, սակայն այդպես չէ: Մայրությունը նախեւառաջ հոգատարության եւ սիրո նվիրում է, ոչ թե պարտականությունների կատարում, քանի որ երեխան մոր միջոցով է ճանաչում աշխարհը, եւ ինչ նվիրում է մայրը, այն էլ՝ հետագայում երեխան վերադարձնում է մարդկանց։ Եթե մայրը կարողանում է սեր, հոգատարություն նվիրել, բարության եւ առաքինության օրինակ ծառայել, ապա երեխան կյանքում ավելի ինքնավստահ եւ հաջողակ է լինում, աշխարհի եւ մարդկանց ընկալումը՝ բարի ու դրական, իսկ դժվարությունները թվում են ժամանակավոր եւ հեշտ հաղթահարելի։
Նոր ժամանակներում կանայք զանգվածաբար ներգրավվեցին հասարակական կյանքում, իսկ անկախացման տարիներին՝ ակտիվորեն նաեւ քաղաքականության մեջ, հաճախ ոչ այնքան իրենց ներքին մղումով, որքան օրենքի պահանջներից եւ մեր ժամանակակից կյանքի մոդայիկ հոսանքներին հարելով։ Սակայն նոր իրավունքների եւ հնարավորությունների դիմաց կանայք հաճախ զրկվում են ի վերուստ իրենց տրված շատ հատկանիշներից։ Հայ կանանց եւ մայրերի դերը պահանջված եւ կենսական է թե՛ ընտանիքում, թե՛ հանրային կյանքի ներդաշնակության, թե՛ երկրի զարգացման գործում, սակայն դա չպետք է լինի կնոջ իրական առաքելության հաշվին։
Հայ կանանց եւ նրանց ունեցած դերի մասին հետաքրքիր եւ արժեքավոր տեղեկություններ ենք ստանում օտար աղբյուրներից։ Պրուսական ազգագրագետ, կոմս Ավգուստ ֆոն Հաքստհաուզենը, ով 1843-ին եղել է Հայաստանում, մեր երկրին վերաբերող ճանապարհորդական նոթերում անդրադարձել է նաեւ հայ կնոջը։ «Հայ ժողովրդի ընտանեկան կյանքը եւ ընտանեկան դրվածքն ունեն ամբողջովին նահապետական բնույթ։ Միայն մի բանում են նրանք խորապես եւ էականորեն տարբերվում ասիական մնացած ժողովուրդներից. դա կնոջ դիրքն է, նրա ինքնուրույնության ճանաչումը, նրա իրավահավասարությունն ու արժանապատվությունը, որ արտահայտվում է հայկական ընտանեկան դրվածքով, ինչպես նաեւ իրենց՝ կանանց անհատականությամբ։ Իմ կարծիքով՝ դրա պատճառը հայերի կոչվածությունն է առ բարձր մշակույթ, ինչպես նաեւ նրանց ակնառու հոգեւոր կերտվածքի մեջ այն առաքելությունը, որ թվում է, թե տրված է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ միջնորդ եւ կապող օղակ լինելու համար»,- գրել է Հաքստհաուզենը։
Ուշադրության են արժանի նաեւ հայտնի ռուս ճանապարհորդ, բժշկապետ Ա. Ելիսեեւի խոսքերը մեր կանանց մասին: Նա 1860-ական թվականների կեսերին Ռուսաստանի աշխարհագրական ընկերության հանձնարարությամբ ճանապարհորդել է Փոքր Ասիայում, այդ թվում եւ Արեւմտյան Հայաստանում. «Հայուհու աշխատասիրությունը մինչեւ անգամ առակ է դարձել Արեւելքում. թրքական հայտնի առակ կա, որ ասում է` «հայուհին նման է անընդհատ պտտող անիվին», մինչդեռ թրքուհին, պարսիկ կինը կամ արաբուհին իր մարդու հարեմից դուրս, օրինակի համար՝ այրիացած ժամանակ, սովորաբար ոչ մի բանի ձեռք զարկել չէ կարողանում։ Հայուհին, ընդհակառակը, այնպիսի դիրք է բռնում, որ կարողանում է ոտի կանգնեցնել մի ամբողջ հայ ընտանիք: … Ընտանեկան կյանքը շատ զարգացած է հայերի մոտ, եւ Արեւելքի բոլոր ազգերի մեջ մենք չենք ճանաչում մի ուրիշ ազգ, որի մեջ այնքան լավ կազմակերպված լիներ ընտանիքը եւ այսքան ամուր դիրք ունենար կինը, իբրեւ մայր եւ իբրեւ ամուսին: Կարելի է ասել, որ հայն ամենաքնքուշ ամուսինն է Արեւելքում»։
Այս ամենը ներկայացնում ենք այն պատճառով, որ մեր ժամանակակիցներից շատերի մոտ թյուր պատկերացումներ կան նախկինում հայ կնոջ ունեցած դերի մասին։ Շատերին թվում է, թե հայ կինը եղել է հալածված եւ ճնշված, մինչդեռ, ինչպես տեսնում ենք, բազամաթիվ վկայություններ կան, որոնք ցույց են տալիս այն մեծ հարգանքը եւ դերը, որ ունեցել է հայ կինը, հայ մայրը։