Վերջին շրջանում, պայմանավորված ադրբեջանական զինուժի Փառուխ եւ Քարագլուխ բնակավայրերի նկատմամբ ձեռնարկած զավթողական հարձակումներով, հաճախ է խոսվում Շիկաքարի (Քարագլխի) ռազմավարական նշանակության մասին: ԱՀ տեղեկատվական շտաբի տրամադրած հաղորդագրության համաձայն՝ գլխավոր բարձունքը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ է, իսկ մյուս «թեւում» հակառակորդն է փորձում իրեն «տեր-տիրական» զգալ՝ ձեռնամուխ լինելով այսպես կոչված՝ ինժեներական ամրությունների շինարարությանը: Սակայն թշնամին հանցավոր այս քայլով ամենեւին էլ չի բավարարվում ու սադրիչ իր գործողություններով ջանքեր է թափում միջազգային հանրությանը ներկայանալ «զոհի կարգավիճակով»՝ երբեմն հայտնվելով ծայրահեղ զավեշտալի իրադրությունում: Ասվածի վկայությունն են օրեր առաջ սոցիալական ցանցերում տարածված սահմռկեցուցիչ այն տեսարանները, որոնք առնչվում են հայկական հին գերեզմանոցների պղծման եւ շիրիմների անարգման բարբարոս գործողությունների հետ:
Հանցագործի սեփական ձեռագիրը փորձելով վերագրել հայերին՝ ադրբեջանցիները, հայկական հին գերեզմանոցից «դուրս բերած» մարդկանց գանգերն ու ոսկորները անամոթաբար «ի ցույց դնելով», աշխարհով մեկ վայնասուն են բարձրացրել, թե իբր հայերը Խոջալուի իրենց հայրենակիցներին «ցեղասպանության են ենթարկել» եւ զոհերի դիակները բերել, «աչքից հեռու տեղ» հուղարկավորել են, որպեսզի «իրենց հանցավոր հետքերը թաքցնեն»… Զգո՞ւմ եք, թե սադրիչ քայլերում թշնամին որքան արհեստավարժ է դարձել եւ ինչպես է ձգտում մարդասպանի ու ագրեսորի սեփական արարքը հայերի վրա բարդել: Ցավոք, որքան էլ որ փաստն արձանագրելու լինենք, ատելություն եւ հայատյացություն քարոզող Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը սա է: Հակառակորդը կանխամտածված հերթական քայլով ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Այն է՝ ամեն կերպ արդարացնել իր նվաճողական քաղաքականությունը, ամրապնդվել դիրքերում եւ Քարագլուխը համարել «նախնիների պատմական բնակավայր»…
Մինչդեռ միանգամայն այլ բան են հուշում Քարագլուխ եւ Փառուխ համայնքների տարածքներում գտնվող դարավոր եկեղեցիներն ու խաչքարերը, պատմամշակութային մյուս հուշարձանները, որոնք այս օրերին մոլեռանդաբար ավերվում, ոչնչացվում են ադրբեջանցիների կողմից: Այս հրեշավոր հանցագործությունների դեմ իրենց ցասումն ու վրդովմունքն են արտահայտում Հայ առաքելական եկեղեցին, ԱՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, մարդու իրավունքների պաշտպանը, հասարակական մի շարք կազմակերպություններ՝ դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային այլ կառույցների: Սակայն, սովորության համաձայն, «սթափության կոչերից» բացի ստացվող արձագանքներն իրավական, դատապարտող ազդակներ չեն պարունակում…
Մեկնաբանելով իրականացվող վանդալիզմի դրսեւորումները՝ ահա թե ինչ է պատմում ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է Արցախի պատմամշակութային հուշարձանների, վանքերի եւ եկեղեցիների ուսումնասիրմամբ: «Փառուխ-Քարագլուխ տեղանքը, անվտանգության տեսանկյունից բացի, անչափ կարեւոր է նաեւ պատմամշակութային ժառանգության առումով,- ասում է նա:- Քարագլուխը Ասկերան քաղաքից 10 կմ հյուսիս-արեւմուտք է, Շիկաքար կոչվող ժայռի շրջակայքում: Քարագլխի պատմական բերդը նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում՝ համարվելով Խաչենի ամրակուռ բերդերից մեկը»:
Փոխնախարարի խոսքով՝ 2011 թ. կառավարության որոշմամբ Փառուխի հուշարձանները ներառվել են Ասկերանի շրջանի պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Ըստ հավաստի փաստաթղթերի՝ շրջակա տարածքում կան 20-ից ավելի հուշարձաններ: Այդ թվում՝ 2 եկեղեցի, Շիկաքարի հանրահայտ բերդը, տարբեր հուշարձաններ, խաչքարեր, հին գերեզմանոցներ: Այստեղ է եւ Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011 թ. հետազոտություններ է իրականացրել Ազոխի միջազգային գիտական արշավախումբը:
Լեռնիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ տարածքի բռնազավթմամբ վտանգված է Արցախի մշակութային ժառանգության կարեւորագույն հատվածներից եւս մեկի ճակատագիրը: «Տարածքն առանձնանում է Արցախի կարեւոր պատմությունը, մեր ինքնությունը վավերագրող հարուստ պատմամշակութային արժեքներով, որոնք մանրակրկիտ հետազոտության կարիք ունեն: Հատկանշական է, որ ընդամենը հինգ ամիս առաջ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության կողմից այստեղ հետազոտություններ են իրականացվել, եւ ավելի քան 20 նոր խաչքարեր են հայտնաբերվել,- տեղեկացնում է նախարարի տեղակալը եւ հավելում,- Արցախի պատմամշակութային արժեքներին հերթական ծանր հարվածն է հասցվել: Խաթարվում է պատմական լանդշաֆտը, ինչը մեր ժողովրդի ինքնության վկայություններից է: Միջազգային հանրության հայացքի ներքո դաժանորեն հոշոտվում, վերացվում է հայկական հետքը, ինչը ադրբեջանցիներին հնարավորություն է ընձեռում անարգել իրագործել իրենց ցեղասպան ծրագիրը եւ մնալ անպատիժ»:
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշվում է. «Մեր մտահոգությունները առարկայանում են ս.թ. մարտի 30-ին ադրբեջանական AZTV լրատվամիջոցի տարածած տեսանյութով, որտեղ ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992 թ. ռազմական գործողությունների հետեւանքով: Այնինչ իրականությունն այլ է: Թեեւ ադրբեջանական կողմը վաղուց դիմում է զեղծարարության եւ հայկական կողմին մեղադրում Իվանյան գյուղում ադրբեջանցիների զանգվածային սպանության մեջ, սակայն բազմաթիվ անառարկելի ապացույցներ կան, որ Արցախի զինված ուժերը ռազմական գործողություններից առաջ ու ընթացքում հումանիտար միջանցք են տրամադրել քաղաքացիական բնակչությանը, եւ այդ կոտորածը տեղի է ունեցել հենց ադրբեջանական ընդդիմության զինյալների կողմից՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Ակնայի (ադրբեջանական կիրառմամբ՝ Աղդամի) մատույցներում: Նրանք նպատակ ունեին այդ կոտորածն Ադրբեջանում օգտագործել որպես իշխանափոխության հիմք, որի մասին խոստովանել է նաեւ Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը»:
Ելնելով ունեցած բավարար տեսագրական, աշխարհագրական ու մշակութաբանական տվյալների վերլուծությունից՝ հայտարարության մեջ շեշտվում է, որ նշված կադրերը Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12-րդ դդ. թվագրվող հայկական գերեզմանոցից են: Հետեւաբար, ներկայացվող ոսկորները հայկական հին գերեզմանոցի աճյունների ոսկորներն են: Տեղանքը ճանաչող փորձագետներն ու Փառուխի բնակիչները եւս հստակորեն արձանագրում են, որ տեսանյութը «Կալեն խութ» գերեզմանոցում է նկարահանված: Մշակութաբանների ու հնագետների առաջին հայացքն անգամ բավարար է արձանագրելու, որ տեսանյութում ներկայացվող մարդկային գանգերը հայերին բնորոշ արմենոիդ մարդաբանական տիպի բրախոկեֆալ (կլորագլուխ) կառուցվածքն ունեն, այնինչ Ադրբեջանի բնակչությունն ունի կասպիական մարդաբանական տիպի գանգի դոլիխոկեֆալ (երկարագլուխ) կառուցվածք: Ներկայացվող բոլոր ոսկորները ողորկ են, ինչը հնագիտական առումով նշանակում է, որ դրանք չեն կարող 30 տարվա հնության լինել, այլ՝ դարերի, իսկ ադրբեջանական համարվող բնակչության քոչվոր նախնիներն Արցախի այս հատվածներ ներխուժել են միայն 18-19-րդ դարերում:
«Հաշվի առնելով նախընթաց տասնամյակներում Ադրբեջանի կողմից համակարգային ու դիտավորյալ կերպով իրականացված հանցագործությունները հայկական ու համաքրիստոնեական հարուստ մշակութային ժառանգության դեմ, որոնք նոր թափ են առել 2020 թ. ագրեսիայից սկսած եւ արձանագրվել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից 2022 թ. մարտի 9-ի բանաձեւով, կոչ ենք անում միջազգային հանրությանը, մշակութապահպան ու իրավապաշտպան կազմակերպություններին՝ անտարբերություն չցուցաբերել ու զսպման միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վարած մշակութային էթնոցիդի դեմ: Ցավում ենք, որ առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հակառակ իր պարտավորություններին ու կոչմանը, այդպես էլ փաստահավաք առաքելություն չի ուղարկել Արցախի բռնազավթված տարածքներ եւ որեւէ նշանակալի ջանք չի գործադրում կանխելու նորանոր հանցագործությունների իրագործումը Ադրբեջանի կողմից»,- ընդգծվում է հայտարարության մեջ: