Բրյուսելյան հանդիպումից առաջ ադրբեջանական մամուլը ողողվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները քննադատող եւ գործունեությունը նսեմացնող հրապարակումներով: Այս վարքագիծը պատերազմից հետո պաշտոնակա Բաքվի վարած արտաքին քաղաքականության հիմնական գիծն է: Ադրբեջանի առաջնորդը նախ հայտնել էր, թե 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել հակամարտության լուծման ուղղությամբ, իսկ դրանից հետո էլ անիմաստ էր անվանել նրա գործունեությունը: Ընդ որում՝ պնդելով, թե Արցախի խնդիր «այլեւս չկա»՝ նկատի ունենալով, որ այն լուծել է պատերազմի միջոցով:
Սակայն Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ Արցախ չի կարող ոտք դնել, համենայն դեպս՝ խաղաղ պայմաններում, քանի որ արցախյան հիմնահարցը պատերազմով ոչ թե լուծվել է, այլ ավելի է խորացել, եւ վաղ թե ուշ կողմերը նստելու են բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ հիմնական դերը վերապահված է միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Վերջինս արդեն սկսել է իր գործողությունների ակտիվ փուլը՝ Հայաստանին փոխանցելով Ադրբեջանի հինգ առաջարկները եւ հետ ստանալով Երեւանի պատասխան երկու լրացված առաջարկները՝ արցախահայության անվտանգության եւ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ: Այս միտումը՝ ԵԱՀԿ հարթակն օգտագործելը, նշանակում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերականգնման գործընթացը դիտարկվում է Արցախի հիմնահարցի, այն է՝ նրա կարգավիճակի հարցին զուգահեռ եւ այդ առաքելությունն արդեն 30 տարի ստանձնած կառույցի միջոցով:
Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը բարձրացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված անվտանգային, հումանիտար խնդիրները: Հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության հիման վրա` մինչեւ ապրիլի վերջը ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը իրենց երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջեւ խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Հատկանշականն այն է, որ Բրյուսելում երկու առանցքային հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնց առաջնահերթությունը Հայաստանն արդեն տեւական ժամանակ ընդգծում է: Դրանք են՝ սահմաններին անվտանգության ապահովման խնդիրները եւ Արցախի կարգավիճակի խնդրից առանձին՝ պետությունների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի մեկնարկը: Եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմի համար ձեռնտու թեզեր կան նաեւ հանդիպումից հետո հրապարակված՝ Շառլ Միշելի ուղերձում:
Հրապարակված հայտարարությունում ասվում է, որ Եվրամիությունը հավատարիմ է Կովկասում լարվածության թուլացման ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի հետ խոր համագործակցության հաստատմանը եւ պատրաստ է աջակցել կողմերին՝ կազմակերպելով փորձագիտական խորհրդատվություններ ու ավելացնելով ֆինանսական օգնությունը։ Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդի նախագահը ընդգծել է հումանիտար հարցերի ամբողջական ու արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ռազմագերիների ազատ արձակումը եւ անհետ կորածների խնդրի համապարփակ լուծումը:
Շառլ Միշելն իր ուղերձում հատուկ շեշտել է կողմերի ռազմական ուժերի՝ միմյանցից պատշաճ հեռավորության ապահովումը՝ որպես տարածաշրջանում բախումների կանխման եւ լարվածության նվազեցման միջոց: Այլ կերպ ասած՝ եվրոպական կառույցը համաձայն է հայկական կողմի առաջարկության հետ, որ կողմերի զինված ուժերը Արցախի շփման գծում եւ ՀՀ սահմանին պետք է հեռացվեն միմյանցից: Այս հարցում հայկական պետություններին առաջնայնություն տալը բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ ադրբեջանական զինուժը ներկայում կանգնած է հայկական բնակավայրերին խիստ մոտ, որոշ դեպքերում՝ նույնիսկ նրանց ներսում, ինչը խաթարում է այնտեղ բնակվողների բնականոն կյանքը:
Բրյուսելյան հանդիպումը փաստեց մեկ բան՝ եվրոպական կառույցներն ուժեղացնում են ճնշումներն Ադրբեջանի իշխանությունների վրա, եւ դա արվում է ի պատասխան պաշտոնական Բաքվի այն հայտարարություններին, թե Մինսկի խումբն այլեւս անելիք չունի: ԵԽ-ից եկած բոլոր պաշտոնական հաղորդագրություններում ընդգծված են Հայաստանի ներկայացրած խնդիրներն ու դիտարկումները, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հին աշխարհամասի կառույցներն այլեւս «հալած յուղի» տեղ չեն կարող ընդունել Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականության կեղծ հիմնավորումները: Պաշտոնական Բաքուն ուզի՝ թե չուզի պետք է հնազանդություն դրսեւորի, առավել եւս, որ եվրոպական կառույցը դրա դիմաց միլիարդավոր եվրոների աջակցություն է խոստանում, իսկ Ալիեւը չի կարող դրանից հրաժարվել՝ պատերազմի ընթացքում կրած հսկայական կորուստներն աչքի առաջ ունենալով: