«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի՝ ՀԱԷԿ-ի առանձին հատկացված հրապարակում նոր 110/220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային եւ գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգում մասնակիցների որակավորման չափանիշներ կկիրառվեն։
Դեռ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշմամբ սահմանված էր, որ նշյալ գնման ընթացակարգում որակավորման ապահովում ներկայացնելու պահանջ կա։ Հիմա կկիրառվեն նաեւ մասնակիցների որակավորման չափանիշներ։ ՀԱԷԿ-ի ԲԲՍ-ն կառուցվել է դեռեւս 1974 թ.: Տարիների ընթացքում մասնակի վերակառուցման աշխատանքներ արվել են՝ փոխարինելով սարքավորումների մի մասը: Բայց հիմա անհրաժեշտ է նոր ԲԲՍ, որի կառուցումը, ի դեպ, նախատեսված է եղել «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի» շրջանակներում:
Ծրագրի հիմնական մասի ֆինանսավորումն իրականացվել է 2015 թ. փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացումը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով տրված վարկային միջոցների հաշվին։ Սա գործում էր մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետում չավարտված միջոցառումների անխափան ընթացքն ապահովելու նպատակով ընդունվեց ՀՀ կառավարության 2020 թ. հունիսի 11-ի համապատասխան որոշումը՝ ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին: Հետո նոր ԲԲՍ-ի կառուցման աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությամբ գնման ընթացակարգ նախաձեռնելու նպատակով, վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում եւ փորձաքննություն արվեց:
Հաշվի առնելով երկարամյա շահագործման արդյունքում ԲԲՍ-ի էլեկտրական սարքավորումների եւ ենթակառուցվածքների ֆիզիկական եւ բարոյական մաշվածությունը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն նախաձեռնեց «ՀԱԷԿ-ի առանձին հատկացված հրապարակում նոր 110/220 կՎ ԲԲՍ-ի կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային եւ գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարման» գնման ընթացակարգը։ Դրա արդյունքում ընտրված մասնակից ճանաչվեց նմանատիպ աշխատանքների փորձ չունեցող «Էփրան» ՍՊԸ-ն, ում հետ կնքվեց համապատասխան պայմանագիր՝ պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվելուց հետո համաձայնագիր կնքելու ծանուցումը եւ կնքվելիք համաձայնագրի նախագիծը սահմանված ժամկետում ուղարկվեցին պայմանագիրը կնքած անձին, սակայն «Էփրան» ՍՊԸ-ն չներկայացրեց ստորագրված համաձայնագիրը, բանկային երաշխիքների տեսքով պայմանագրի եւ որակավորման ապահովումները, ինչի արդյունքում ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը միակողմանի լուծվեց:
Փաստորեն, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ստացվեց, որ 6 ամսից ավելի տեւած գործընթացի արդյունքում չունենք կնքված պայմանագիր, իսկ աշխատանքների կատարումը հետաձգվեց որոշակի ժամկետով՝ «հնարավոր է՝ բերելով նաեւ աշխատանքների եւ ծառայությունների արժեքների ավելացմանը՝ հաշվի առնելով գնաճը»: Նոր ԲԲՍ-ի կառուցման աշխատանքները «Էփրանի» կողմից իրականացվելու ռիսկերի վերաբերյալ գրությամբ հայտնել էր նաեւ ՀՀ ԱԱԾ-ն՝ տեղեկացնելով, որ ընտրված մասնակիցը չունի փորձ, ֆինանսական միջոցներ եւ համապատասխան աշխատանքային ներուժ:
Դրա համար էլ մրցութային պահանջներ ձեւավորելու եւ պատահական մասնակիցներին բացառելու նպատակով անհրաժեշտ եղավ դիտարկել կազմվող մրցութային փաստաթղթերում հետեւյալ պահանջները ներառելու հնարավորությունը։ Այն է՝ մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող 10 տարվա ընթացքում (սկսած 2012 թ. հունվարի 1-ից) 220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) վերակառուցման կամ կառուցման երկու պայմանագրերում որպես կապալառու կամ ենթակապալառու աշխատելու փորձ, որոնց շրջանակներում իրականացրած լինի ստորեւ նշված հիմնական գործառույթները. ա) 220 կՎ կամ ավելի բարձր լարմամբ ենթակայանում շինարարական աշխատանքների իրականացում, բ) նոր 220 կՎ ԲԲՍ-ի կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային եւ գործարկման-կարգաբերման աշխատանքների եւ շահագործման հանձնման աշխատանքների իրականացում, գ) 220 կՎ կամ ավելի բարձր լարմամբ ենթակայանում ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքավորումների կարգաբերման եւ շահագործման հանձնման աշխատանքների իրականացում:
ՀԱԷԿ-ում եւ ՏԿԵՆ-ում սա ճիշտ են համարում, որովհետեւ որակավորման չափանիշների սահմանումը հնարավորություն է ընձեռում զերծ մնալ ֆինանսապես անկայուն, ցածր պատասխանատվությամբ եւ երբեւէ նմանատիպ առաջադրանք չիրականացրած ընկերությանը երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերակառուցման առաջադրանքի պատվիրման ռիսկից: Ի համեմատություն միջազգային զարգացման բանկերի գնման ուղեցույցներով սահմանված որակավորման ընթացակարգերի, ՀՀ օրենսդրությամբ՝ ենթաօրենսդրական մակարդակում, մասնակիցների որակավորման չափանիշների սահմանումը սահմանափակված է որակավորման եւ կատարման ապահովման երաշխիքների ներկայացումով: Մասնավորապես՝ մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ:
Հավելենք, որ մասնակիցների որակավորման չափանիշները մշակվել են միջազգային վարկատու կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերում կիրառվող որակավորման չափանիշների հաշվարկման ընթացակարգերի համաձայն եւ չեն հակասում «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումներին, քանի որ առաջարկվող չափանիշները բխում են նախատեսվող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից: