Պատկերիդ հետ զրուցում եմ օրն ի բուն,
Ո՞վ կարող է ինձ ասել, թե դու չկաս,-
Արցունքներս քո ձեռքերով ես սրբում,
Քիչ է մնում իմ փոխարեն հեկեկաս։
Մա ՜յր, ամեն օր ինձ մայրություն ես անում,
Բայց քանի՞ օր ես քո զավակը եղա,-
Ցավն իմ հոգուց հառաչանքներ է քամում,
Որ աղոթեմ՝ մա ՜յր, քաղցր մայր, քեզ մեղա։
Ես գրականագետ չեմ եւ, քավ լիցի, Ռազմիկ Դավոյանի պոեզիայի գրականագիտական վերլուծություն կատարելու դույզն-ինչ նպատակ չունեմ։ Դրանք կկատարեն գրականագետները, դավոյանագետներն ու, անշուշտ, գալիք սերունդները։
Բայց որքանով, բառի ամենախոր իմաստով, Ռազմիկի կրտսեր եղբայրը (ոչ կենսաբանական) լինելու մեծագույն պատիվն եմ ունեցել ավելի քան քառասուն տարի եւ կարծում եմ՝ պատշաճ եմ կատարել այդ վեհ պարտականությունը, իմ համեստ կարծիքով՝ կարողացել եմ ճիշտ ճանաչել Ռազմիկ Դավոյան մարդուն, քաղաքացուն ու պետական մասշտաբի հասարակական, քաղաքական գործչին, ուստի ինձ իրավունք վերապահեցի մի քանի խոսք ասել Ռազմիկ Դավոյան մարդ երեւույթի մասին (Ռազմիկը իրենց ընտանիքի ամենակրտսեր՝ 11-րդ զավակն էր)։
24 տարեկանում Ռազմիկն արդեն ավարտել էր իր գլուխգործոցներից մեկը՝ «Ռեքվիեմ» պոեմը։ Խորհրդային Միության խստագույն գրաքննության պայմաններում այն 5 տարի պահվեց փակի տակ, չտպագրվեց։ Ռ. Դավոյանի առջեւ ամենավերին ատյանների կողմից պայման էր դրված. «Կատարիր համապատասխան (իմա՝ իրենց ուզած) կրճատումներն ու փոփոխությունները, եւ «սիրով» կտպագրենք»։ Ռազմիկն անդրդվելի մնաց, պատասխանը մեկն էր. «Պոեմը կամ պետք է տպագրվի, ինչպիսին որ կա՝ առանց կրճատումների ու փոփոխությունների, կամ չպետք է տպագրվի առհասարակ։ Իսկ չտպագրվելու դեպքում ստիպված կլինեմ մտածել դրսում տպագրելու մասին»։
Ի վերջո, 1969 թ. պոեմի տպագրության վրա դրված տաբուն հանվեց, եւ այն տպագրվեց առանց կրճատումների կամ փոփոխությունների։
Ռազմիկ Դավոյանը խորհրդային իրականության թերությունների, բացասական բարքերի ու այլ երեւույթների ամենահետեւողական քննադատներից էր։ Սակայն, դրանով հանդերձ, որպես մեծանուն բանաստեղծ, ըստ արժանվույն էր գնահատվում ընթերցասեր հանրության լայն շրջանների, հանրապետության ղեկավարության կողմից։ Նրա բանաստեղծական տողը ամենաբարձր գնահատվողներից էր։
Խորհրդային տարիներին Հայաստանում եւ Խորհրդային Միությունում առհասարակ, արգելված էր ոչ միայն դաշնակցական կուսակցությունը, նրա անդամների կամ գաղափարակիրների մուտքը Հայաստան կամ Խորհրդային Միություն, այլեւ նույնիսկ դաշնակցական կուսակցություն եզրույթի հրապարակային արտաբերումն ընդհանրապես։ Դավոյանը, լինելով դաշնակցության գաղափարների կրող եւ աշխարհում սփռված հայության միավորման, համախմբման, նրանց գոյապահպանության եւ մայր հայրենիքի հետ սերտ կապեր հաստատելու ջատագովներից ու կարեւոր դերակատարներից մեկը, արտասահմանում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Հունաստանում, Ֆրանսիայում եւ այլուր հանդիպումներ է ունեցել այդ կուսակցության առաջնորդների հետ եւ քննարկել ժամանակի պահանջով թելադրված բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր։
Նրա այդ գործունեությունը չի վրիպել ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի ամենատես աչքից։ Հայրենիք վերադառնալուց հետո նա մի քանի անգամ հրավիրվել է այն ժամանակվա Հայաստանի ՊԱԿ-ի երկարամյա նախագահ եւ Մոսկվայի անվերապահ վստահությունը վայելող Մարիուս Յուզբաշյանի մոտ «անհրաժեշտ զրույցի»։ Այդ զրույցներից մեկի ժամանակ վերջինիս տված խորհուրդներն ու նախազգուշացումները ներկայացնում եմ առանց խմբագրման. «Հարգարժան ընկեր Դավոյան, Դուք հայաստանյան իշխանությունների կողմից հարգված եւ ժողովրդի կողմից սիրված բանաստեղծ եք։ Բայց կրակի հետ եք խաղում։ Այժմ Մոսկվան ինձ վստահում եւ ինձ է հանձնարարում Ձեզ դարձի բերել եւ հետ կանգնեցնել նման անխոհեմ քայլերից ու բավարարվում է իմ ձեռնարկած քայլերով եւ իրենց ուղարկված պատասխաններով։ Հետագայում, Աստված մի արասցե, եթե չբավարարվեն իմ ձեռնարկած քայլերով եւ սկսեն անձամբ իրենք զբաղվել, հետեւանքների կանխատեսումները ամենամռայլը կլինեն»։
Բայց, միեւնույն է, Ռ. Դավոյանը այդ բոլորից չէր երկնչում եւ շարունակում էր իր հայրենանվեր գործունեությունը։ ՀՀՇ-ի իշխանության տարիներին՝ 1994 թ. սեպտեմբերին, երբ դաշնակցական կուսակցությունը Հայաստանի նորանկախ հանրապետությունում օրենքից դուրս էր հայտարարվել, գործունեությունը կասեցվել, եւ հայաստանյան կազմակերպության ղեկավարներն էլ կալանավորվել էին, Ռ. Դավոյանն այնքան մեծ հեղինակություն էր վայելում թե՛ հանրության լայն շրջաններում եւ թե՛ Հայաստանի գրողների միությունում, որ լինելով դաշնակցական կուսակցության ճանաչված անդամ եւ գաղափարակիր, ինչպես երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ ՀՀՇ-ական իշխանությունների կամքին հակառակ ընտրվեց ՀԳՄ նախագահ։ Երկու տարի ղեկավարեց այդ ամենաըմբոստ (այն ժամանակվա) կազմակերպությունը։ Դրանից երկու տարի անց, զգալով, որ օրվա իշխանությունների եւ հատկապես Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի կողմից ակտիվացվում է այսպես կոչված գրողների երկրորդ կազմակերպության՝ Հայ գրողների միության գործունեությունը, ինչն աներկբայորեն հանգեցնելու էր Հայաստանի գրողների միության անխուսափելի պառակտման, դա կանխելու նպատակով 1996 թ. սեպտեմբերին կամովին հրաժարական տվեց՝ պայմանով, որ ՀԳՄ նախագահ առաջադրվի ժամանակի մեծագույն արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը։ Եվ այդպես էլ եղավ։
Դավոյանի հրաժարականի կապակցությամբ Վանո Սիրադեղյանը լրատվամիջոցներին տված ճեպազրույցում ասաց. «Ռազմիկը խիզախ քայլ կատարեց»։ Ռազմիկի հրաժարականի հրապարակումից հետո Վանո Սիրադեղյանը եւ Վազգեն Սարգսյանը որոշել էին նրան հրավիրել եւ բացառապես երեքով գնալ, նշել Ռազմիկի՝ իրենց համար կարեւոր այդ «խիզախ» քայլը, ձեռքի հետ էլ, որպես իրենց ավագ գրչընկեր եւ մեծ բանաստեղծ, շահել նրա սիրտը։ Հացկերույթի ժամանակ Վանոյի կես կատակ, կես լուրջ այն հարցին, թե «Ինչպե՞ս է զգում իրեն բանաստեղծ, բայց արդեն ոչ գրողների միության նախագահ Ռազմիկ Դավոյանը», Ռազմիկը մեծին վայել եւ իրեն բնորոշ սրությամբ բաժակը բարձրացնելով հեգնախառն ասել էր տառացիորեն հետեւյալը. «Ես երբեւէ ինձ այսքան պաշտպանված չեմ զգացել, ինչպես այժմ եմ զգում, քանի որ աջ կողմումս նստած է ՀՀ պաշտպանության նախարարը, իսկ ձախ կողմումս՝ ներքին գործերի նախարարը», եւ խմել բաժակի պարունակությունը։
Ռազմիկ Դավոյանը եւ ես համագյուղացի ենք՝ Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղից։ 1949 թ. երբ դեռեւս մեկ տարեկան էի, իսկ Դավոյանը՝ ինը, նրանց ընտանիքը գյուղից տեղափոխվել է Լենինական (ներկայիս Գյումրի), իսկ ավելի ուշ՝ 1960 թ. Ռազմիկն ընդունվել է Երեւանի մանկավարժական ինստիտուտ եւ մշտապես բնակություն հաստատել Երեւանում։
Քանի որ Ռ. Դավոյանն ապրել է Լենինական քաղաքում, իբրեւ բանաստեղծ նորամուտը նշել, քիչ թե շատ ճանաչելի դարձել այստեղ ապրելու տարիներին, իսկ իբրեւ հայտնի բանաստեղծ, հետագայում, իբրեւ դասական գրող հայտնի դարձել որպես Լենինականից Երեւան տեղափոխված մարդ, Հայաստանի պոեզիայի եւ գրականության հետ շփվող հանրության լայն շրջաններն այն կարծիքին էին, որ Ռ. Դավոյանը ծնունդով Լենինականից է։ Թեեւ նա ներկայանալիս առիթը բաց չի թողել ուրախությամբ հայտարարելու, որ ինքը ծնունդով Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղից է, իր ծնողներն արմատներով կապված են եղել իր գյուղին։
Հիշում եմ, դեռեւս Խորհրդային Միության տարիներին՝ 1980-ական թթ. կեսերին ԱՄՆ-ի հայաբնակ շրջաններում տպագրվող հայալեզու հայտնի ամսագիրը տպագրել էր Դավոյանի «Ոգեղեն հաց» վերտառությամբ բանաստեղծությունը եւ բավական պրոֆեսիոնալ ձեւով ու բարձր մակարդակով վերլուծել բանաստեղծության իմաստն ու բովանդակությունը։ Հոդվածագիրը բանաստեղծության վերնագիրը տարածել էր նաեւ այդ ծավալուն վերլուծականի վրա՝ համընդգրկուն ձեւով ցույց տալով, թե ինչ է նշանակում «Ոգեղեն հացն» առհասարակ, եւ ինչ է ասել այդ բանաստեղծությամբ Ռ. Դավոյանը։
Ես արդեն նշել եմ, որ գրականագետ չեմ, որ նման կարգի (ինչը ստորեւ գրելու եմ) համեմատություններ անեմ, բայց ակամայից մտաբերեցի մի բան։ Մեծն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հանճարեղ ստեղծագործությունը դարեր շարունակ՝ սկսած 11-րդ դարից, հայ ժողովուրդը աստվածացրել, սրբացրել է։ Նրա առանձին հատվածներ հաճախ տարել, կարդացել են հիվանդ մարդու սնարին՝ «գլխին»՝ հուսալով, որ հենց միայն «Նարեկի»՝ «Ի խորոց սրտի աստծոյ հետ» աղոթքները լսող հիվանդը կարող է բուժվել, քանի որ այն Աստծո կողմից տրված ստեղծագործություն է։
Ահա «Ոգեղեն հաց» բանաստեղծության եւ դրա վերաբերյալ ծավալուն վերլուծականի վերնագիրը նույնպես «Ոգեղեն հաց» դնելով՝ հեղինակը մոտավորապես նույն բանն էր ցանկացել ասել, նույն միտքն էր արտահայտել, որ Ռ. Դավոյանի «Ոգեղեն հաց» բանաստեղծությունը հենց «Նարեկի» նման աղոթք է եւ «ոգեղեն հաց» է բառիս լայն եւ բուն իմաստով։
Այս բանաստեղծության, ինչպես նաեւ, առհասարակ, Ռ. Դավոյանի՝ որպես բանաստեղծի մասին ծավալուն վերլուծականում հեղինակը նշել էր. նրա ստեղծագործությունները մեծ հեռանկար են խոստանում հեղինակին, ինչը, ինչ խոսք, Ռ. Դավոյանի համար ընդունելի, նույնիսկ ինչ-որ տեղ էլ շոյիչ էր եւ հատկապես սփյուռքահայության շրջանում էլ ավելի հայտնի դառնալուն նպաստող հանգամանք։ Վերլուծականի հեղինակը թյուրիմացաբար նշել էր, որ բանաստեղծը ծնվել է Լենինականում։
Սակայն այդ բոլորը Ռ. Դավոյանին հետ չպահեցին, որ դիմի այդ նույն ամսագրի խմբագրությանը եւ պահանջի, որ իր խոսքը տպագրվի նույն ամսագրում եւ ուղղում մտցվի, որ ինքը ծնունդով ոչ թե Լենինականից է, այլ Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղից։ Ինչը եւ կատարվեց։ Ահա այսպիսին էր Ռազմիկ Դավոյանը որպես մեծանուն բանաստեղծ, որպես մարդ եւ որպես հասարակական-քաղաքական գործիչ։ Իսկ բերված օրինակների շարքը կարելի է երկար շարունակել։
1964 թ. մոր մահից հետո Ռազմիկը սիրելի մոր կիսանդրին մշտապես պահում էր իր ննջարանում։ 58 տարի շարունակ հաճախ զրուցել է նրա հետ.
… Պատկերիդ հետ զրուցում եմ օրն ի բուն …
հաճախ լսել նրա չարտաբերած, բայց Ռազմիկի կողմից ընկալված, ընդունված ու գնահատված աղոթքներն ու խորհուրդները.
… -Մայրս ասում էր հեռու մնա առակախոս էդ էշերից,
Մեկ էլ տեսար իրենց կեղտը կհավաքեն քո փեշերից …
58 տարի շարունակ առավոտյան արթնանալիս Աստծո առաջին բարի լույսը մորն է ավետել, իսկ երեկոյան, քնելուց առաջ շոյելով մոր գլուխը, վերջին բարի գիշերը նույնպես մորն է մաղթել։
Ռազմիկն անհունորեն ծանր էր տանում վերջին երեք տարիների Հայաստանի ձախողումները եւ հատկապես պատերազմի հետեւանքով մարդկային ու տարածքային ահռելի կորուստները։ Հաճախ հարցազրույցներ տալիս թեեւ եթերում, հեռուստաէկրանի առջեւ ձգտում էր հանրությանը ուրախ երեւալ եւ ցույց չտալ սրտի ցավը, բայց նրա մտերիմները գիտեին, որ անհունորեն ցավում է այդ բոլորի համար՝ չմոռանալով ոչ մի վայրկյան։
Վստահաբար կարելի է ասել, որ Դավոյանի ստեղծագործությունները գալիս են դարերի խորքից եւ հասնում մեր նորագույն ժամանակները, անջնջելի ու մնայուն կապ ստեղծում նարեկացիական ժամանակներից մինչեւ մեր օրերը հայ ժողովրդի ոգեղեն մշակույթի, գրական ու ստեղծագործական անանց ու մնայուն արժեքների միջեւ եւ հավերժ շարունակելու են իրենց ճամփան։
Ռազմիկ Դավոյանն ամուր էր կապված իր ծննդավայրի, իր հող ու ջրի հետ եւ իբրեւ իր վերջին կամք պատվիրան էր թողել, որ երկրային կյանքն ավարտելուց հետո իրեն վերադարձնեն իր բուն արմատներին եւ ամփոփեն հայրենի գյուղում։
Վերստին ակամայից հիշում ես.
-Ինձ հողից արորով հանեցիք…։
Լիահույս եմ, որ նրա շիրիմն ուխտատեղի կդառնա հայ ժողովրդի ինչպես ներկայիս ու գալիք սերունդների, այնպես էլ ամենատարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար։
Ալբերտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Իրավաբան