Ադրբեջանի հայտնի բռնապետը չի դադարեցնում պատմությունը կեղծելու փորձերը: Այս երեւույթը պաշտոնական Բաքուն հետխորհրդային ժամանակահատվածում բարձրացրել է պետական քաղաքականության մակարդակի՝ քարոզչության հիմնական օրակարգային հարցերի վերածելով: Տվյալ արատավոր միտումը օրինաչափորեն նկատվում է այն պետությունների վարած քաղաքականության մեջ, որոնք ունեն ընդամենը 1 դարի պատմություն եւ ստեղծվել են այլ ժողովուրդների պատմական բնօրրաններում:
Օրերս Ալիէշը կրկին պատմությունը կեղծելու հերթական փորձն էր անում: Արտասահմանյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Բաքվի առաջնորդը դեմքի բութ արտահայտությամբ փորձում էր կեղծել պատմությունը՝ ասելով, թե Զանգեզուրը Հայաստանին է հանձնվել 1920 թ., 1900-ականների սկզբին քարտեզի վրա Սեւան անունով լիճ չի եղել, որ Երեւանն իրենց պատմական քաղաքն է՝ իր խոսքերը համեմելով ադրբեջաներեն տեղանուններով: Բայց, հայտնի պատճառներով, օրինաչափորեն իր հայտարարությունները հիմնավորելու Ալիեւի փաստարկները չէին անցնում 100-120 տարվա սահմանագիծը: Սա բնական է, քանի որ հայերի, թալիշների, լեզգիների, ավարների եւ այլոց պատմական հայրենիքներում բոլշեւիկյան առաջնորդների ստեղծած պետությունը կարող էր ունենալ ընդամենը մեկ դարի պատմություն եւ «փաստեր»:
Ալիեւի հետ հանդիպմանը ներկա գտնվողները կտարակուսեն եւ, բնականաբար, իրենք իրենց հարց կտան, թե մարդկության պատմության մեկնակետ հանդիսացող Արարատի ստորոտին տեղակայված պետության պատմությունն արդյոք սահմանափակվո՞ւմ է 100 տարվա պատմությա՞մբ: Մտահոգվածները կվերադառնան իրենց երկրները, համացանցում կփնտրեն Հայաստանի մասին տեղեկությունները եւ անկախ աղբյուրներից ու 100 տարին գերազանցող պատմական փաստերն ուսումնասիրելիս կհամոզվեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում հազարամյակներով ապրել են բնիկ ժողովուրդներ, որոնց թվում չի եղել ադրբեջանցի ազգ: Բնականաբար, նրանք 100 տարին գերազանցող հնության քարտեզներում չեն գտնի նաեւ Ադրբեջան անունը:
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի առաջնորդն էժանագին կեղծիքով է զբաղվում եւ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր երկիր այցելած հյուրերի հանդեպ: Այսինքն՝ աչքակապությամբ, աճպարարությամբ է զբաղված: Ասել, թե Ալիեւը մտահոգված է եւ կարեւորում է քաղաքակիրթ աշխարհի կարծիքը, ճիշտ չէր լինի: Ավելի շուտ՝ նա հաշվի չի էլ նստում այդ կարծիքի հետ, ինչպես այսօր է անում՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելով եւ երեկ էր անում՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, Նախիջեւանը եւ Արցախը հայաթափելով, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելով եւ յուրացնելով: Բաքվում արտասահմանցի հյուրերի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած սուտը պետք է առաջին հերթին իրեն՝ Ալիեւին, ինքնահաստատման, մուս կողմից էլ՝ Ադրբեջանի քաղաքացիներին կեղծ իրականության մեջ պահելու համար:
Հայկական պետություններն ինքնահաստատվելու կարիք չունեն: Մեծ Հայքի տարածքների հայկակականության մասին փաստող պատմական-վավերագրական աղբյուրները բյուր են: Դրանք մեզ են հասել եւ ամրագրված են նախաքրիստոնեական ժամանակաշրջանից սկսած մինչեւ մեր օրերը փաստագրված պատմական արձանագրություններում ու քարտեզներում: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանն իր նենգ գործելաոճին համահունչ նման կեղծիքները կրկնելով՝ հող է նախապատրաստում հերթական հայկական տարածքի գողության համար, ինչպես անում է 1918 թ. ստեղծվելուց ի վեր՝ թիզ առ թիզ հողեր գողանալով հայկական տարածքներից, հայաթափելով հայկական բնակավայրերը եւ ոչնչացնելով հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած մշակութային ժառանգությունը:
Սա է այդ պետության էությունը, եւ դա առաջին հերթին պետք է հասկանանք մենք՝ հայերս, եւ լուրջ ռեսուրսներ ներդնենք՝ պետական մակարդակով Ադրբեջանի կեղծիքին դիմակայելու համար: Իլխլամի յուրաքանչյուր նման ելույթ տենդագին ծիծաղի առիթ է դառնում ամեն հայի եւ տարածաշրջանի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր օտարազգի քաղաքացու համար, բայց 7 մլրդ բնակչություն ունեցող աշխարհում նրանց թիվը, ցավոք, փոքր է: Այսօր մարդիկ պատմական, փաստավավերագրական գրքեր չեն կարդում, նման պատմական փաստեր ու վավերագրեր չեն ուսումնասիրում, այլ դա ստանում են հեռուստատեսությունից եւ համացանցից: Իսկ այդտեղ Ադրբեջանը մեծ պաշարներով լայնածավալ քարոզչական պատերազմ է վարում, որին հայկական կողմից չպատասխանելը հղի է պարտությամբ ոչ միայն տեղեկատվական դաշտում, այլեւ Հայաստանի ու Արցախի համար մղվելիք առաջիկա ճակատամարտերում: