ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնում տեղի ունեցավ էթնոմշակութային հանձնախմբի գիտական սեմինարը` «ՀՀ էթնոմշակութային հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով. զեկուցեց պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը։
Բացման խոսքում ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը ուշադրություն հրավիրեց պետական գործառույթների բաղադրիչների վրա` տնտեսություն, քաղաքականություն, իրավակարգ, էթնոմշակութային արժեքներ, ռազմական պատրաստվածություն եւ այլն։ Խնդիրը նաեւ պետական եւ մասնավոր մակարդակներում դրանց շփման եզրերը սահմանելն ու պարզելն է։
Ազգային անվտանգության համատեքստում զեկուցող Հրանուշ Խառատյանը շոշափեց խնդրին առնչվող մի շարք հարակից հարցեր, որոնք այսօր լուծումներ ու պատասխաններ են պահանջում։ Մասնավորապես` ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել. ինչ ծրագրեր ու նպատակներ են դրվում դրա հիմքում, եւ ինչ սցենարով է իրականանում այն։ Պետությունը` ա) կարող է լինել ինքնիշխան, բ) միութենական, գ) ռեգիոնալ-տարածաշրջանային, դ) այլ, ասենք` արեւմտյան կողմնորոշման։ Ամեն դեպքում` Արցախի ինքնորոշումից դուրս որեւէ հարց քննելը սխալ մոտեցում կլինի։
Հայկական պետության առջեւ` ի թիվս շատ խնդիրների, կարեւորվում է էթնոսի պահպանության ու պաշտպանության խնդիրը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը առավել մեծ քանակով ապրում ու աշխատում է հայրենիքից դուրս, ինչն անտեսել անհնար է։ Որքանով դրական է սփյուռքի ներուժն օգտագործելը, նույնքան եւ նրա պաշտպանությունը կարող է խնդրահարույց լինել, քանզի տարբեր պայմաններում եւ իրադրություններում մեր պետությունը կարող է բախվել այլ պետության շահերի, պետություն, որի տարածքում բնակվում են թե՛ հայկական ծագում ունեցող տվյալ պետության քաղաքացիներ, թե՛ Հայաստանի քաղաքացիներ։ Օրինակը շատ պարզ է` այսօրվա պատերազմական վիճակում հայտնված հակամարտող երկու պետություններում էլ (Ուկրաինա-Ռուսաստան) հայկական մեծ սփյուռք կա, որ կարող են մեկի կամ մյուսի շահերի պաշտպանության կիզակետում հայտնվել։ Սրանից բացի, կան եւ այլ կատեգորիաներ. ասենք, այն հայերը, ովքեր ընդունում են իրենց ծագումը, բայց ապրում են ծպտված` այլ կրոնի եւ այլ ազգի անվան տակ. կան եւ այնպիսիներ, ովքեր չեն էլ ընդունում իրենց ծագումը եւ ժխտական են վերաբերվում դրան. արդյոք, մեզ համար խնդի՞ր են նրանք, թե՞ ոչ։ Ի վերջո, մենք էթնիկակա՞ն, թե՞ ազգային անվտանգության խնդրի առջեւ ենք կանգնած, իսկ, գուցե, պետք չէ՞ դրանք միմյանցից տարանջատել…
Ամեն դեպքում, օրինաչափությունն այն է, որ պետությունները պաշտպանում են իրենց էթնիկական ինքնության արժեքները ու զարգացնում դրանք, ինչպես բնիկ տեղանքը, միասնական պատմական անցյալի հիշողությունը, լեզուն, մշակութային, հոգեկան առանձնահատկությունները եւ այլն։ Տարբեր պետություններ տարբեր կերպ են լուծում խնդիրը։ Բերվեցին Շվեյցարիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի օրինակները։ Շուրջ 200 տարի գոյություն ունեցող Շվեյցարական Ֆեդերացիան ոչ էթնիկական է եւ բաժանված է մի շարք կանտոնների, որոնք արդեն էթնիկական կամ էթնոմշակութային են. կան անգլախոսներ, գերմանախոսներ, ֆրանսախոսներ, իտալախոսներ, կաթոլիկներ, բողոքականներ եւ այլն։ Թուրքիայի հարցը պարզ է` անհանդուրժողականություն այլազգիների հանդեպ, բացի այդ` նրանք տարածաշրջանի բնիկ ժողովուրդ չեն. թուրքական պետությունը կայացել է էթնիկ` բնիկ, ժողովուրդների, ինչպես հույների, հայերի բնաջնջման հետեւանքով, հետեւաբար, խոսք չի կարող լինել թուրքական էթնոսի մասին։ Մի այլ երեւույթ է Ֆրանսիայում բրիտանացիների անհետանալը մայր ժողովրդի ընդհանրության մեջ։ Ռուսաստանը բազմազգ ժողովուրդների պետություն է, որտեղ յուրաքանչյուրը զարգացնում է սեփական մշակույթը նաեւ։
Սեմինարն ընթացավ բանավիճային մթնոլորտում։ Այն եզրափակեց ու ամփոփեց Հայկ Սարգսյանը, ով ազգային արժեքների գնահատման, պաշտպանության ու պահպանման հարցերում կարեւորեց իրավական համակարգում մարդու, անհատի պաշտպանվածության, կրթվածության աստիճանը…