«1816 թ. այցելելով Վենետիկ, ինչպես ինձ վրա, այնպես էլ մնացած ճանապարհորդների՝ մեծ տպավորություն թողեց Ս. Ղազարի համայնքը, որը, թվում է, միավորում է իր մեջ վանքային հաստատության բոլոր առավելությունները՝ զերծ լինելով բոլոր թերություններից. մաքրություն, հարմարավետություն, հեզություն, անկեղծ Աստվածասիրություն: Միության եղբայրների տաղանդն ու բարեգործությունն ունակ են աշխարհիկ մարդուն համոզել, որ գոյություն ունի մեկ ուրիշ աշխարհ, մեկ ուրիշ կյանք հենց այս կյանքում, հենց այս աշխարհում: Այս մարդիկ ստրկացված, բայց ազնվական մնացած ազգի հոգեւոր դեմքերն են, ազգ, որը ենթարկվել է աքսորի եւ հալածանքի՝ հավասար հրեաների եւ հույների, բայց չի չարացել առաջինների պես եւ չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես: Այս ազգը ձեռք է բերել հարստություն առանց վաշխառության: Դժվար է գտնել մի այնպիսի ազգի ձեռագիր, որը այսքան հանցագործությունների միջով է անցել, բայց մնացել է այսքան անարատ: Բայց ինչպիսին էլ որ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն մինչեւ այս շատ տխուր է, ինչ էլ որ նրանց չսպասվի ապագայում՝ իրենց երկիրը պետք է լինի ամենահետաքրքիրներից մեկն աշխարհում, իսկ նրանց լեզուն ավելի գրավիչ լինելու համար հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել: Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այնտեղ ջրերը ետ քաշվեցին ջրհեղեղից հետո, եւ այնտեղ բաց թողնվեց աղավնին: Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած որ ժամանակին այն հզոր թագավորություն էր՝ շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրապներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով եւ իր էությամբ…»:
Ջորջ ԲԱՅՐՈՆ
Անգլիական խավարամոլներին մերկացնող եւ օսմանյան բռնակալության տակ խոշտանգված ժողովուրդների պաշտպան բազմաթափառ բանաստեղծը չէր կարող անտարբեր անցնել այդ նույն բռնակալության տակ տառապող հայ ժողովրդի կողքով: 1816 թ. նոյեմբերի 11-ին հասնելով Վենետիկ, Բայրոնը հրապուրվում է Սբ Ղազար հայկական վանքով եւ միաբանությամբ: «Այդ ժամանակ,- գրում է նա,- ուրիշ ճամփորդների նման ես էլ խիստ հետաքրքրվում էի Սբ Ղազարի մենաստանի ընկերությամբ»: Հետո այդ այցի մասին հուշագրելու էր Մխիթարյան միաբանության երեւելի դեմքերից Հարություն Ավգերյանը. «Դեկտեմբերի 1-ին մեծահռչակ եւ աշխարհաքարոզ անգլիացի բանաստեղծ Լորդ Բայրոնը, որի գրվածքները ոսկու արժեք ունեին, այցելության եկավ մեր վանքը… Նա աշխույժ, ուրախ բնավորությամբ եւ կրակոտ աչքերով մի երիտասարդ էր. թեեւ կաղ էր մի ոտքից, բայց գեղեցիկ էր դեմքով….»:
Վարդապետ Հարություն Ավգերյանի պաշտոնն է եղել ընդունել եւ ուղեկցել կղզի այցելած հյուրերին: Նա Բայրոնին առաջնորդում է վանքի գրադարան, ծանոթացնում մագաղաթյա թանկարժեք գրչագրերին եւ հայ ճարտարապետության հատընտիրներին: Հաջորդ օրը բանաստեղծը նորից է գալիս, լինում վանքի տպարանում, Ավգերյանի հետ երկար զրուցում հայոց պատմության եւ մատենագրության շուրջ: Զրույցի ավարտին նա խնդրում է Ադոնց աբբահորը եւ վարդապետ Ավգերյանին թույլ տալ իրեն բնակվել վանքի մեջ՝ հայերեն սովորելու եւ հայ մշակույթին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար: Սակայն աբբահայրը մերժում է նրան՝ երկյուղելով այդ այցելության քաղաքական բնույթից. չէ՞ որ Եվրոպայի խոշորագույն բանաստեղծներից մեկը լինելով հանդերձ, նաեւ քաղաքական մեծ դեմք էր՝ տարագրված մշուշոտ Ալբիոնից՝ Անգլիայից: Մերժելով ըմբոստ բանաստեղծին, հոգեւոր հայրերը, սակայն, նրան խոստանում են ստեղծել բոլոր պայմանները վանք այցելության եւ հայ մշակույթին մոտիկից ծանոթանալու համար: Միջավայրով, նորածանոթ վանականներով հիացած Բայրոնը համաձայնում է առաջարկին: Նա հատկապես հիացած էր քառասունն անց, կորովի դեմքով, կրակոտ աչքերով, սեւ մորուքով Հարություն Ավգերյանով, ով այցերի ամբողջ ընթացքում առաջնորդել էր իրենց մեծանուն հյուրին: Հայրենապաշտ ու բազմագետ վարդապետը մայրենիից բացի տիրապետում էր մի քանի հին ու նոր լեզուների՝ հունարեն, լատիներեն, եբրայերեն, ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, հունգարերեն, գերմաներեն: Նաեւ հմուտ լեզվաբան էր, բառարանագիր ու թարգմանիչ, խորիմաց պատմաբան: Հենց նա էլ, հուրախություն Բայրոնի, դառնում է նրա հայերենի ուսուցիչը: Բանաստեղծն իր ուսուցչին «Հայր Պասկալ» էր անվանելու, ուսուցիչն իր նորընծա սանին՝ «խենթ»:
Հայերեն դասերի համար վանականները նրան են հատկացնում Գրչագրաց կամ Փոքր մատենադարանը՝ ծովահայաց պատուհանով սենյակը, որտեղ էլ հռչակավոր անգլիացին սկսում է հայերենի ուսումնառությունը: Հետո նրանք համատեղ ստեղծում եւ հրատարակում են անգլերեն-հայերեն եւ հայերեն-անգլերեն քերականության դասագրքերը, անգլերեն-հայերեն բառարանը, որի առաջաբանում բանաստեղծն արծարծում է հայ ժողովրդին թուրքական ու պարսկական լծից ազատագրելու խնդիրները: Նա հայերենից անգլերեն է թարգմանում երկու թուղթ Նոր Կտակարանից, երկու գլուխ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», հատվածներ՝ Ներսես Լամբրոնացու «Ճարտասանությունից», Աստվածաշնչի այն մասերը, որոնք պակասել են անգլերեն թարգմանության մեջ:
1823-ին, մինչ Հունաստան մեկնելը, երախտագետ բանաստեղծը կրկին այցելում է Սբ Ղազար կղզի, հրաժեշտ տալիս իր հայ բարեկամներին: Հունաստանում, սեփական միջոցներով զինելով 500 ազատատենչների, ստանձնում է ապստամբ գնդերից մեկի հրամանատարությունը՝ մասնակցելով հակաթուրքական ապստամբությանը: Հարազատ երկրից խռովյալ բանաստեղծին, սակայն, կարճ կյանք էր վերապահված՝ 1824-ի ապրիլին, 36 տարեկան ծաղկուն հասակում հիվանդանում է տենդախտով եւ վախճանվում… Սակայն նա՝ Լա-Մանշը լողալով անցած հանճարը, անմահանալու էր իր քերթվածներով: Նրա կերպարը վրձնելու էր նաեւ մեծն Այվազովսկին՝ «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» կտավով:
«Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ ինչ լեզվով են խոսում աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզուն է, եւ Հայաստանն աստվածների հայրենիք է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են»,- գրել է հանճարեղ անգլիացին՝ հավերժորեն մնալով մեր ժողովրդի օտարազգի նվիրյալների հավերժախոս լուսամատյանում: