Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

«Այս նամակը կտակ է. իմ բերանով հազարավոր մեռելներ են խոսում…»

Ապրիլի 23, 2022
Սոցիում
Խնկելի անուն՝ Արմին Վեգներ
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
530
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Առաջին աշխարհամարտի տարիներն, որպես գերմանական սանիտարական ծառայության սպա, ազնվարյուն այս գերմանացին ծառայում էր Միջագետքում: Այդ ընթացքում, անտեսելով թուրքական իշխանությունների սպառնալիքներն ու հարուցած արգելքները, պայուսակում բժշկական միջոցների տակ թաքցրած լուսանկարչական ապարատով կարողանում է ժապավենի վրա վերցնել պատկերներ՝ հայերի կոտորածների, հյուծված ու մեռնող գաղթականների, մահվան ճամբարների տեսարաններով: Նպատակ ունենալով  հրավիրել Գերմանիայի հանրության ուշադրությունը տեղի ունեցող նախճիրի վրա, բուժակ-սպան այդ լուսանկարների մի մասն ուղարկում է գերմանական մամուլին, հանրային գործիչներին, սակայն գերմանական իշխանությունները խոչընդոտում են դրանց հրապարակմանը: Ավելին, 1918 թ. արիասիրտ սպան ձերբակալվում է: Վճիռը՝ վերադառնալ իր երկիր, իսկ նրա ձեռամբ արված ավելի քան 2000 լուսանկարների մեծ մասը բռնագրավվում եւ ոչնչացվում է: Այդուհանդերձ, բուժակին հաջողվում է որոշ լուսանկարների ապակե նեգատիվներ, գոտու մեջ թաքցրած, դուրս բերել հայակեր բորենիների կայսրությունից: Սակայն սեփական աչքերով հայոց դժոխքը տեսած Վեգներին հանգիստ չէր տալու մորթվող արեւմտահայության  դեմ շարունակվող ոճրագործությունը: Եվ նա, հայության վերջին բեկորները փրկելու հույսով, բաց նամակով դիմում է աշխարհի գերհզոր պետության նախագահին: Ընդարձակ է այն, ուստի ներկայացնում ենք հատվածաբար:

ԱՐՄԻՆ ԹԵՈՖԻԼ ՎԵԳՆԵՐ. ԿՏԱԿ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Բաց նամակ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին՝ հայ ժողովրդին Միջագետքի անապատ աքսորելու մասին: Բեռլին, հունվար, 1919 թ.:

«Արտաքսելու նպատակն է ոչինչը…». Թալեաթ, Թուրքիայի ներքին գործերի նախարար:

«Պետության պարո՛ն պրեզիդենտ, մի՛ փակեք ձեր ականջները, քանզի ձեզ դիմում է մի անծանոթ: Անցյալ տարվա հունվարի 8-ին Միացյալ Նահանգներին հղած ձեր ուղերձում Դուք պահանջ էիք ներկայացրել ճնշումից ազատագրելու Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրք ժողովուրդներին: Նրանց թվում են եւ հայերը: Այդ ժողովրդի համար է, որ ես բարձրացնում եմ իմ ձայնը՝ իբրեւ այն սակավաթիվ եվրոպացիներից մեկը, որ ապրել է նրա ահավոր կործանումը՝ սկսած Անատոլիայի պտղաբեր դաշտերից մինչեւ նրա խղճուկ խլյակների բնաջնջումը Միջագետքի ամայի անապատներում… Ես ինձ իրավունք եմ վերապահում ի ցույց դնել ձեր առջեւ զրկանքի ու սոսկումի պատկերներ: Գրեթե երկու տարի շարունակ  անցնում էին դրանք հայացքիս առջեւով, որպեսզի այլեւս երբեք ինձ չլքեն… Ոչ ոք արգելք չեղավ Թուրքիայի խավարամիտ իշխանավորներին՝ վերջ տալու իրենց դաժանագին խոշտանգումներին, որոնց գործադրումն իրապես կարելի է համեմատել միայն խելացնոր ոճրագործի արարքի հետ: Այսպես. նրանք մի ողջ ժողովուրդ՝ տղամարդկանց, կանանց, ծերերի, մանուկների, հղի մայրերի, անօգնական ծծկերների քշեցին Արաբական անապատ՝ ո՛չ այլ մտադրությամբ, քան սովահար անել… Նախքան ընտանիքների տեղահանումը, տղամարդկանց խմբերով կոտորում էին, շղթաներով կամ թոկերով իրար կապած՝ նետում գետը, ձեռքերն ու ոտքերը կապկպած, գլորում լեռնիվար, կանանց վաճառում էին հասարակաց շուկաներում կամ ծերերին ու մանուկներին մահակների մահացու հարվածների տակ քշում փողոցներով բռնի աշխատանքի: Իբր այսքանը բավական չէ, իրենց ոճրագործ ձեռքերը հավիտենապես նույնքան արատավորելու համար նրանք մի ժողովրդի, որին նախապես զրկել էին պարագլուխներից ու ճարտասան առաջնորդներից, օրվա ու գիշերվա ցանկացած ժամի արտաքսում էին քաղաքներից, կիսամերկ հանում անկողիններից, կողոպտում նրանց տները, հրկիզում շեները, ավերում եկեղեցիները կամ վերածում դրանք մզկիթների: Խլում էին հայերից նրանց անասունը, վերցնում նրանց էշերն ու սայլերը, ձեռքերից հափշտակում հացը, մերկացնում նրանց անդամները, հափշտակում ծամերի ու ատամների ոսկին: Պաշտոնյաներ, սպաներ, զինվորներ կատաղի մոլուցքով մրցակցում էին անասնական հաճույքի համար՝ դպրոցներից դուրս էին քարշ տալիս փխրուն կազմվածքով որբ աղջիկների, որ բռնաբարեն: Ծանր հղի կամ մահամերձ կանանց ցիցեր էին խրում, եւ կինը, չկարողանալով քարշ գալ, վայր էր ընկնում գյուղամիջյան ճանապարհին ու հանգում… Ճանապարհներին սփռված էին տղաների հատած ձեռքեր՝ կտտամահ արվածների գութ հայցող ձեռքեր, որ աղերսանքով մեկնած են եղել իրենց խոշտանգողներին… Գաղթականների թափորներից, որ մեկնելու ժամանակ հայրենի Բարձր Հայքում բազմահազար շունչ էին հաշվվում, Հալեպ քաղաքի սահմաններին հասնելիս միայն մի քանի հարյուր մարդ էր մնացել, մինչդեռ դաշտերը ծածկված էին ուռած կամ սեւացած դիերով, որ օդում վարակ էին տարածում: Անարգված, մերկանդամ ու շորերը կողոպտած՝ փռված էին նրանք շուրջբոլորը, կամ մեջք-մեջքի կապած՝ նրանց հրում գցում էին Եփրատը՝ ձկներին կեր… Այսպես մեռնում էին նրանք՝ քրդերից զարկված, ռազմական պահնորդներից կողոպտված, գնդակահարված, կախված, ջրահեղձ, ցրտահարված, թունավորված, դաշունահար, խեղդամահ արված, սովալլուկ, նեխած, շնագայլերից հոշոտված… Մանուկները լալիս էին մահամերձ, տղամարդիկ ջախջախվում ժայռերին, մայրերն իրենց փոքրիկներին նետում էին ջրհորները, հղի կանայք, իրար ձեռք բռնած, երգելով նետվում էին Եփրատը: Աշխարհի բոլոր մահերով, բոլոր դարերի մահերով մեռնում էին նրանք: Ես տեսել եմ խելագարների, որոնք իրենց արտաթորանքն էին ուտում իբրեւ կերակուր, հանդիպել եմ կանանց, որ եփում էին իրենց նորածին զավակների մարմինները, աղջիկների, որ հերձում էին իրենց մայրերի դեռեւս տաք դիակները, որպեսզի մահացածի աղիներում փնտրեն ավազակաբարո ժանդարմների ահից կուլ տված ոսկին… Ավերակ իջեւանատներում նրանք պառկում էին կիսանեխ դիակների կույտի մեջ եւ անտարբեր սպասում մահվան: Որովհետեւ ինչքա՞ն կարող էին նրանք այդ կերպ ձգել իրենց գոյությունը՝ ձիերի գոմաղբի մեջ հատիկներ որոնելով կամ խոտ ճարակելով: Սա միայն չնչին մասն է այն ամենի, ինչ որ ես անձամբ եմ տեսել, ինչ որ ծանոթներն ու ճամփորդներն են ինձ պատմել, կամ լսել եմ տեղահանվածների բերանից…

Պետության պարո՛ն պրեզիդենտ, երբ Դուք թերթելու լինեք սարսափազդու դեպքերի այն ամփոփագրերը, որ անաչառությամբ հավաքել են լորդ Բրայսը Անգլիայում եւ Յոհաննես Լեփսիուսը Գերմանիայում, ապա կտեսնեք, որ ես չեմ չափազանցնում: Բայց եթե արդեն Ձեր ձեռքին են, ինչպես ենթադրում եմ, սոսկումի այն պատկերները, որոնց ամբողջ աշխարհն է տեղյակ՝ բացի Գերմանիայից, որոնց իսկությունն այստեղ ամենաամոթալի ձեւով ժխտում էին, ապա ո՞ր իրավունքով եմ ես դրանք ուղղակի երդումով հաստատում: Երբ անապատում շրջում էի տեղահանված գաղթականների ճամբարներով, նստում նրանց վրաններում՝ սովյալների ու մեռնողների հետ իրենց խսիրի վրա, նրանք պարզում էին ինձ աղերսող ձեռքերը: Նրանց քահանաների ձայնը, որ հարյուրներով մեռելներ էր օրհնել թաղելիս, ինձ երդվել տվեց օգնություն խնդրել նրանց համար, երբ կրկին Եվրոպայում լինեմ: Բայց այն երկիրը, ուր ես վերադարձա, պարտված կողմն է: Իմ սեփական ժողովուրդն ինքը կարիքի մեջ է: Քաղցածներ, հիվանդներ, թշվառներ լցվել են քաղաքներն ու փողոցները: Մի՞թե ես կարող եմ օգնություն խնդրել մի երկրից, որն ի զորու չէ թերեւս շուտով օգնել ինքն իրեն, ուր մնաց մի ավելի խեղճ երկրի: Դրա համար էլ ես դիմում եմ Ձեզ՝ վստահ իմ խոսքերի զորությանը: Այս նամակը կտակ է. իմ բերանով հազարավոր մեռելներ են խոսում…

Պարո՛ն պրեզիդենտ, բավական չէ, որ Դուք միայն իմանաք այս ժողովրդի տառապանքը… Այդ ժողովուրդն այնքան ուժասպառ է, որ սեփական ուժերով չի կարող ոտքի կանգնել… Մարդկանց մեջ ոչնչացված կորովը դեռ երկար ժամանակ չի կարող վերականգնվել: Այն անբավ հարստությունները, որ այս երկրի ընչաքաղց կեղեքիչները կուտակել են տեղահանվածների թողած գանձերի հաշվին, սոսկ չնչին երաշխիք կարող են լինել… Շատ հայեր բռնի ուժով իսլամ են ընդունել, հազարավոր մանուկներ գողացվել են, հազարներով կանանց առեւանգել ու թուրք կանանց համար աղախին են դարձրել: Նրանց բոլորին պետք է ազատությունը վերագտնելու երաշխիք տրվի: Բռնադատման բոլոր զոհերը, որոնք հրաշքով փրկվել են, պետք է ոտք դնեն իրենց հայրենիքը, ովքեր երկու տարի եւ ավելի ապրել են անապատում, իրենց կորած ինչքի համար պետք է փոխհատուցում ստանան, իսկ որբերը՝ խնամք: Այն, ինչի կարոտ է այս ժողովուրդը, սերն է, որից նա այնքան երկար զրկված է եղել: Սա է մեր բոլորի մեղքի ապաշխարանքը:

Պարո՛ն պրեզիդենտ, հպարտությունն ինձ թույլ չի տալիս որեւէ բան խնդրել իմ սեփական ժողովրդի համար… Սակայն հայ ժողովրդի համար, որ ահավոր նվաստացվել է, իմ արյունոտված խիղճն ինձ ստիպում է միջնորդ դառնալ…»:

Վեհանձն ու մեզ համար նվիրական Արմին Վեգների նամակն այսքանը չէ ու ասվածով չի ավարտվում: Միայն հավելենք, որ այն ավարտվում է առանց պատասխան ակնկալելու՝ հուսալով, որ այն լսելի կլինի պարոն պրեզիդենտին որպես մարդկայնության ձայն…

Թեգեր: 1915ԱՄՆԱրմին ՎԵԳՆԵՐԹուրքիաՑեղասպանությունՕսմանյան ԹուրքիաՕսմանյան կայսրություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մեծ եղեռնից մինչեւ մերօրյա եղեռնագործություն

Մեծ եղեռնից մինչեւ մերօրյա եղեռնագործություն

Հերթական արարողությունը

Հերթական արարողությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist