Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով,
Որ ոչ լսված էր, ոչ էլ տեսնըված
Մարդկային ցեղի երբեւէ կրած անպատվության մեջ
Եվ մինչեւ անգամ իրենց՝ թուրքերի
Արյունով հունցված սեւ պատմության մեջ:
Անպատկերացնելի են հոգեկան տառապանքները, երբ Պարույր Սեւակը հղացել է «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ» պոեմները, վերապրել հայկական կոտորածների ողջ սարսափներն ու մղձավանջը… Եվ ինչո՞ւ միայն Սեւակը, շատ-շատերը, ովքեր համարձակվել են շոշափել Հայոց եղեռնի թեման, քանզի այն վերապրելը մարդկային գերագույն ճիգեր է պահանջում` բանականությունից չզրկվելու համար։ Թուրքական ոճրագործությունների սահմռկեցուցիչ պատկերներն արտացոլվեցին ոչ միայ հայ, այլեւ համաշխարհային մշակույթում, եւ «թուրք» անվանումը դարձավ վիրավորական արտահայտություն իրեն հարգող յուրաքանչյուր մարդու համար` անկախ ազգությունից ու դավանանքից… Մշակույթն ապրեցնում է ամեն բան, ինչ մտնում է նրա տիրույթ, քանզի մշակույթն է հիշողության պահապանը, ու քանի դեռ կա մշակույթը, ցավոք, նրա հետ գոյատեւելու են եւ այն ողջ սարսափները, որոնք մարդկության հանդեպ գործել են թուրքական իշխանությունները։ Պատմության դասագրքից չի անհետանում ոչ մի բան` ո՛չ լավը, ո՛չ վատը, եւ միայն մնում է զտել այն, ապրել ու ապրեցնել լավագույնը, որ տրված է մարդկությանը իր կյանքի փոքրիկ հատվածում, մի բան, որ դժվար է իրականացնել թուրքական մարդատյաց քաղաքականության պայմաններում, քաղաքականություն, երբ ոճրագործական մրցավազքի մեջ թուրք պարագլուխները առաջինը լինելու մեծ ձգտում ունեն, ինչպես որ ժամանակին Թալեաթն էր պարծենում. «Հայկական հարցը լուծելու տեսակետից ես երեք ամսում ավելի շատ գործ կատարեցի, քան Աբդուլ Համիդը՝ երեսուն տարում»։
Աշխարհում ընդամենը մեկ հայ թողնելու գաղափարը այսօր էլ չի լքել թուրքական իշխանությունների հոգեգար ախորժակը, թեեւ այսօր նրանց կողմից առավել բարձրաձայն են հնչում խաղաղության մասին քարոզները, սակայն թուրքերի պարագայում սա զարմանալի չէ, քանզի այն տեղավորվում է թուրքական քաղաքականության ու դիվանագիտության օրինաչափության շրջանակներում։ Հարձակվելուց առաջ թուրքերն իրենց ապահովում են հակառակորդի զգոնության թուլացմամբ` բարի ու խաղաղասեր ձեւանալով, շահելով դիմացինի վստահությունը։ Օսմանյան կայսրության ու Թուրքիայի տարբեր վարչակարգեր երբեւէ չեն փոխել այլազգիների, մասնավորապես` հայերի հանդեպ ցեղասպան քաղաքականությունը` այն սերմանելով իրենց սերունդների մեջ, ու թեեւ հայկական ցեղասպանության օրը խորհրդանշորեն ընդունվում է 1915 թ. ապրիլի 24-ը` Կարմիր կիրակին` Մեծ եղեռնը, երբ թուրք իշխանությունները գիշերը ձերբակալեցին ու աքսորեցին հայ մտավորականության առաջին հոսքը` առնվազն 235 հոգի, հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններն առավել ընդարձակ ժամանակաշրջան են ընդգրկում` 1894-1923 թթ.։ Թուրքիան համեմատաբար հանգիստ էր ԽՍՀՄ տարիներին, երբ հայ ժողովրդի արեւելյան հատվածը Խորհրդային Միության մաս էր կազմում։ ԽՍՀՄ-ի տրոհվելուց եւ Հայաստանի անկախացումից հետո Թուրքիան կրկին գլուխ բարձրացրեց` դաշնակից եղբոր` Ադրբեջանի հետ ու նրան օգտագործելով, հայկական հողերը զավթելու, հայերին խոշտանգելու, հայոց մշակույթը ոչնչացնելու միջոցով տարածաշրջանում նոր դերակատարություն ձեռք բերելու եւ հաստատվելու միտումով։
Եթե նոր սերնդի համար 1894-1923 թթ. թուրքական եղեռնագործությունները կարող էին նախահայրերի կամ մշակութային հիշողություն լինել, ապա ետխորհրդային շրջանում, ցավոք, նոր սերունդն իր մաշկի վրա զգաց թուրքական «խաղաղության» համը` իր ողջ դաժանությամբ, անմարդկային էությամբ, երբ թուրք-ադրբեջանական երկյակը` արհամարհելով պատերազմի օրենքների ու սովորույթների մասին միջազգային կոնվենցիաները, դիմեց իրեն հատուկ վայրագությունների։ Իսկ աշխարհը լռեց, ինչպես միշտ. աշխարհը գիտի թե՛ թույլին, թե՛ ուժեղին օգտագործելու ձեւը։ Թվում է, աշխարհում չկա այնպիսի պատերազմական կոնֆլիկտ, որի մեջ այս կամ այն կերպ խառնված չլինի Թուրքիայի մատը, անգամ խաղաղության միջնորդի դեր ստանձնելու երեսպաշտական հայտարարություններով։ Երբեւէ չպետք է մոռանալ, որ թուրքական դիվանագիտությունը խարսխված է շողոքորթության, խոստումների եւ դրանց տակ թաքնված նենգամտության վրա։ Այսօր ձեւանալով Ռուսաստանի բարեկամ, Թուրքիան ակտիվորեն զինում ու խրախուսում է Ուկրաինային` ձգձգելով հակամարտող կողմերի միջեւ պատերազմը, թուլացնելով երկու կողմերին էլ եւ երկու, իսկապես դարերով համատեղ ապրած ժողովուրդների միջեւ թշնամություն սերմանում, միեւնույն ժամանակ իրեն առաջարկելով երկու կողմերի միջեւ խաղաղության միջնորդի դեր։ Չմոռանանք, որ Թուրքիան երբեւէ չի առաջնորդվել բարոյական նորմերով, չի ընդունել ցեղասպանության փաստը, չի մտահոգվել իր վրայից մաքրելու միլիոնավորների անմեղ արյան հետքերը. հակառակը` հետապնդվել, ձերբակալվել, դատապարտվել, Թուրքիայից արտաքսվել են նրանք, ովքեր զգոնության կոչեր են արել թուրքական իշխանություններին։ Չպետք է գայթակղվել այն փաստով, որ որոշ թուրք գործիչներ ու հասարակության ներկայացուցիչներ հանդես են եկել ցեղասպանությունը դատապարտելու եւ այն ճանաչելու օգտին. նրանք սոսկ անհատներ են, ովքեր չունեն իշխանություն, իսկ պատմական իրողությունները թելադրում են հենց իշխանությունները եւ հասարակությանը ստիպում գնալ իրենց ետեւից` որքան էլ դա հասարակության կամքին հակառակ լինի. անգամ սեփական ժողովրդի հանդեպ բռնությունը ոչ ոք չի վերացրել, ոչ մի իշխանություն…
Այնպես որ, Թուրքիայի հետ խաղաղությունից խոսելու համար անհրաժեշտ է անհերքելի երաշխիք, ինչը թուրքական իշխանության կողմից Հայոց եղեռնի ճանաչումն է, բռնազավթված հայկական հողերի վերադարձը եւ զոհերի սերունդներին նյութական փոխհատուցումը. առանց այս երաշխիքի, նշանակում է կամավոր ընդունել մշտական զոհի կերպարը եւ կուլ գնալ թուրքական մարդասպան քաղաքականությանը…