Ապրիլի 24-ին Արցախը եւս ոգեկոչել է 1915-ին օսմանյան Թուրքիայում իրականացված Մեծ եղեռնի զոհերի հիաշատակը: Հրեշավոր ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 մլն հայերի ոգեկոչման միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը: Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց բերված ճրագները, ի հիշատակ նահատակների, թախծել են մարդկանց բնակարանների գոգերին… Ապա մեկնարկած միջոցառումը, որի կազմակերպիչներն էին ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ «Արամ Մանուկյան» ուսանողական միությունները, շարունակվել է բողոքի ակցիայով: Ավանդույթ դարձած պահանջատիրական ջահերթը եկեղեցու բակից ձգվել է մինչեւ Ստեփանակերտի հուշահամալիր, որին միացել են մտավորականության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասել է թե` ակցիային մասնակցում էր այն սերունդը, ում վիճակված է առաջ տանել Հայ դատը ու մինչեւ վերջ հետամուտ լինել ժողովրդի համախմբման, հայրենիքի անվտանգության եւ զորացման խնդրի լուծմանը:
Ջահերթի մասնակցները դատապարտել են թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը եւ ռազմագործողությունների ժամանակ հակառակորդի դրսեւորած նոր ոճրագործությունները` միջազգային կառույցներին կոչ անելով գնահատական տալ հարեւան երկրի իշխանությունների կողմից շարունակվող ծայրահեղ թշնամական, հայատյաց քաղաքականությանը:
Վաղ առավոտից չի դադարել մայրաքաղաքի հուշահամալիր տանող մարդկանց հոսքը: Մեծ եղեռնն իրագործած օսմանյան Թուրքիայի ու նրա պարագլուխների ոճիրը դատապարտող պաստառներով եւ նկարներով բազմահազարանոց երթի մասնակիցները շարժվել են դեպի «Զանգակատուն» հուշարձան, որը խորհրդանշում է 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը, եւ ծաղիկներ տեղադրել` մատուցելով իրենց հարգանքի տուրքը: Նրանց համախմբվածությունը մեկ անգամ եւս ապացույցն էր այն բանի, որ արցախցիները միշտ զգոն են ու արթուն, նրանց հետ է ողջ հայ ժողովուրդը: Ասել է թե՝ իր անկախության եւ ազատության համար պայքարող Արցախին ծնկի բերել չի լինի:
Ժամը 11-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ (նրանք մասնակցել են նաեւ ջահերով երթին) համալիր են այցելում Անվտանգության խորհրդի անդամները: Այստեղ են նաեւ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, ազատամարտի վետերաններ, հյուրեր Հայաստանից ու արտերկրից: Երկրի իշխանությունների անունից ծաղկեսպակ է տեղադրվում: Որպես հարգանքի տուրք, ծաղիկներ տեղադրելով հուշարձանին, իրենց խոնարհումն են բերում եւ արարողության մյուս մասնակիցները:
Հուշահամալիրում, ի հիշատակ Մեծ եղեռնին զոհ գնացած մեկուկես մլն հայերի, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ, գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի եւ ոգեկոչման արարողություն: Դիմելով ներկաներին՝ նա նշեց. «Մեր ժողովրդի զավակները նահատակվեցին, գազանաբար խաչվեցին, մորթվեցին իրենց հողի վրա, իրենց օջախներում, որովհետեւ երդվյալ ուխտավորներ էին, զտարյուն հայ քրիստոնյաներ, ովքեր նախընտրեցին ֆիզիկական մահը, բայց երբեք երդմնազանց չեղան ու կրոնափոխ չդառան: Հավատարիմ մնալով երդմանը` ստացան նահատակի պսակը: Այսօր, երբ լարված է մնում իրավիճակը տարածաշրջանում, աշխարհի տարբեր մասերում, յուրաքանչյուր միջազգային կառույցի քաղաքական, պետական, հասարակական գործչի, դիվանագետի կամ հոգեւոր առաջնորդի առաքելությունն է ամեն կերպ չեզոքացնել մարդկությանը սպառնացող ցեղասպանությունները եւ թույլ չտալ, որ մարդկության դեմ նոր ոճրագործություններ իրականացվեն»,- իր խոսքում նշեց սրբազանը: Նրա կարծիքով՝ քանի դեռ Թուրքիան բացահայտ խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդը շարունակելու է իր պայքարը` երբեք չհրաժարվելով պահանջատիրական իր իրավունքից: Արցախցիները, իրենց հերթին, համայն հայության աջակցությամբ շարունակելու են պայքարը հանուն ազատության, հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի դեմ ձեռնարկած լայնածավալ ռազմագործողություններին՝ նա անարգանքի սյունին գամեց հայ զինվորների նկատմամբ չարանենգ հանցանք դրսեւորած մարդասպաններին: Նա եւս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց աշխարհին սպառնացող նոր բռնությունների վտանգի վրա, ընդգծեց հրեշավոր չարիքի դեմ համատեղ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունը:
Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքի ավելի քան 80 տոկոսը, եւ, փաստորեն, հայրենազուրկ դարձանք: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` Ստեփանակերտի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո. «Առայսօր միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի դատապարտել եւ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա, փաստորեն, միջազգային հանրության համար մի խարան է, որը կարող է մաքրել միայն ճանաչելով եւ դատապարտելով միջազգային մակարդակով: Նաեւ շատ կարեւոր է, որ մենք ճիշտ պատկերացնենք իրականությունը: Դժբախտաբար, 1915 թ. ցեղասպանությունը դրանով չի եզրափակվել, վերջակետը դրվել է 1920 թ. Շուշիի կոտորածի ժամանակ: Իրենց ցեղասպան քաղաքականությունից չեն հրաժարվել նաեւ 100 տարի հետո»,-նշեց Դ. Բաբայանը` հավելելով, որ ադրբեջանաթուրքական տանդեմը 2020 թվականի ագրեսիայի ժամանակ փորձել է նորից ցեղասպանություն իրականացնել: Արցախի արտգործնախարարի խոսքով` ընդհանրապես մինչ այսօր նրանք չեն հրաժարվել իրենց ցեղասպան քաղաքականությունից: «Պետք է այս ամենը հաշվի առնենք եւ ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք նոր ողբերգություններ: Դա հնարավոր է, եթե վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն, եթե լինենք միասնական, եթե մեր արժեհամակարգը պահպանենք»,- ասաց արտգործնախարարը:
Դատապարտելով 21-րդ դարասկզբին թուրքերի իրագործած՝ հայերի զանգվածային կոտորածը՝ ԱՀ խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մասնավորապես նշեց. «Մենք արդեն սովորել ենք, ու մեր գենետիկ կոդի եւ ազգային հիշողության մեջ արդեն հավերժվել է ապրիլի 24-ը: Հիշատակի օր, որ մեր խոնարհումն ու հարգանքի տուրքն ենք բերում Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մեր քույրերին ու եղբայրներին: Արդեն երրորդ տարին է, ինչ ուրիշ կերպ ենք վերաբերվում ցեղասպանության տարեդարձերին: Վաղուց արդեն մեր պետական քաղաքականության մեջ առաջնահերթություն է դատապարտել ոճրագործությունը: Միաժամանակ աշխարհին փորձում ենք ներկայացնել, որ դա այն ողբերգությունն է, չարանենգ հանցագործությունը, որը երբեք չպետք է կրկնվի որեւէ ազգության համար: Հաշվի առնելով ժողովրդի առջեւ ծառացած նոր մարտահրավերները՝ յուրաքանչյուրիս առաքելությունն է ամենուր առաջ տանել այս գաղափարը` հնչեցնելով միջազգային ամենատարբեր հարթակներում»:
Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանի համոզմամբ՝ այն հանգամանքը, որ նախորդ դարասկզբին իրականացված ահավոր հրեշագործությունը գրեթե նույն ձեռագրով թուրքերի կողմից կրկնվեց եւ դարավերջին, զգաստացրեց արցախցիներին, ամբողջ հայ ժողովրդին` արժանանալով աշխարհի համայն հայության հզոր դիմադրությանը: «Թշնամին այսօր էլ չի հրաժարվում հայատյաց իր քաղաքականությունից: Տարածաշրջանում շարունակում է լարված մնալ իրադրությունը, եւ հակառակորդը դիմում է նորանոր սադրանքների: Դեռ վերջնական խաղաղություն չի հաստատվել Արցախի հողի վրա: Երկրի միջազգային ճանաչումը պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է մնում, ինչը կարող է ամրապնդել Արցախի անվտանգությունն ու պաշտպանունակությունը, կանխարգելել նոր ցեղասպանությունները»,- կարծում է պատգամավորը:
Բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանի համոզմամբ՝ անպատժելիությունը խրախուսում է Թուրքիային ոչ միայն նոր բարբարոսություններ կատարելու մարդկության դեմ, այլեւ հովանավորում եւ քաջալերում է ահաբեկչական հանցավոր մի պետության, ինչպիսին իր կրտսեր արյունարբու եղբայր Ադրբեջանն է, որը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Ահա թե ինչու համայն հայության առաջ խնդիր է ծառացած համատեղել բոլոր ջանքերը` հակազդելու ընդհանուր հակառակորդին եւ դիմագրավելու բոլոր մարտահրավերներին: «Ցեղասպանության ճանաչման գործընթացն աշխարհում շարունակական բնույթ է կրում, եւ վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո մի օր ստիպված է լինելու խոստովանել իր հանցանքն ու առերեսվել»,- ասում է Ս. Խանյանը:
Համախմբվելու, հերթական փորձություններին դիմակայելու, սթափ եւ աչալուրջ գտնվելու, միաբանվելու եւ հայրենիքի շահը վեր դասելու, անկախության համար պայքարը շարունակելու անհրաժեշտությունն իր խոսքում ընդգծել է Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան հիմնական դպրոցի տնօրեն, հանրապետության վաստակավոր մանկավարժ Անահիտ Պողոսյանը: «Քանի դեռ լուրջ մարտահրավերներ կան մեր առջեւ ծառացած, ու տակավին լուծված չէ Արցախի հիմնախնդիրը, հայրենիքի անվտանգության ապահովմանը պիտի ուղղվեն բոլոր ջանքերը, միաբանվենք եւ հզորանանք,- ասում է նա: – Հավատարիմ մնալով պայքարը շարունակելու գաղափարին՝ մենք տերը պիտի լինենք մեր անցյալի ու ապագայի, պարտավոր ենք շարժվել առաջ ու կերտել մեր սերունդների, Արցախ աշխարհի, մայր Հայաստանի, միացյալ մեր հայրենիքի լուսավոր ապագան»,- կարծում է Ա. Պողոսյանը:
Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի տարելիցի կապակցությամբ ոգեշնչման եւ հիշատակի արարողություններ են կազմակերպվել նաեւ բոլոր շրջկենտրոններում: