Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 19-ից բացվել է «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» խորագրով ցուցահանդեսը։ Հայաստանյան 32 թանգարան և հիմնադրամ, անհատ կոլեկցիոներներ համատեղ ներկայացրել են շուրջ 150 ցուցանմուշ։ Ցուցահանդեսը պատմում է հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին` 18-րդ դարից մինչ 20-րդ դարի 60-ական թվականները։
Ուսումնասիրվել և բացահայտվել են բացառիկ կարևոր տեղեկություններ հայ վաճառականների գործունեությունից, հայերի կողմից սուրճի և առաջին սրճարանների մշակույթի տարածման մասին եվրոպական խոշոր քաղաքներում՝ Օքսֆորդ, Լոնդոն, Մարսել, Փարիզ, Վիեննա, Պրահա: Ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 15-ը:
Ապրիլի 22-ին Գյումրիի 5 թանգարանների ներկայացուցիչներն էին Թումանյանի թանգարանում, որի ցուցասրահի պատերին գծանկարներ են, որոնք ներկայացնում են հայ մեծերի՝ նկարիչների, գրողների, երաժիշտների, գիտնականների (Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Սիլվա Կապուտիկյան, Պարույր Սեւակ, Վիլյամ Սարոյան, Կոմիտաս, Հրաչյա Աճառյան, Հովհաննես Շիրազ և այլք), որոնց կյանքում դեր է ունեցել սուրճը, նրանց սերն ու առանձնահատուկ պատմությունները՝ կապված այս ըմպելիքի հետ, և անգամ ինչպիսի հիշատակություն ունի ըմպելիքը, թե բազմաթիվ գրական ստեղծագործություններում կամ նկարիչների աշխատանքներում:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ու Երևանի Մ․Մաշտոցի անվ. Մատենադարանի հասարակության կապերի բաժնի ղեկավար Տաթև Սարոյանը տեղեկացրին, որ կերպարների էսքիզները կատարել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող հայ նկարիչ Լևոն Գյուլխանյանը, նկարվել են Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն, նկարիչ Կարեն Բարսեղյանի (ներկա էր ցուցադրությանը) և նկարիչ Լևոն Ֆլջյանի կողմից։ Ցուցասրահում ներկայացված են նաև 32 թանգարանների և մասնավոր հավաքածուների թանգարանային թեմատիկ ցուցանմուշներ։ Անի Եղիազարյանը ողջունեց ներկաներին, տեղեկացրեց՝ յուրաքանչյուր ուրբաթ տարբեր թանգարանների ներկայացուցիչներ կպատմեն իրենց մասին՝ կապված սրճի օգտագործման հետ։
Ընթացքում զրուցեցի ցուցահանդեսի կազմակերպիչների հետ։ Ցուցադրությունն իրողություն է դարձել Անի Եղիազարյանի, Տաթև Սարոյանի և դիզայներ Մկրտիչ Մաթևոսյանի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Տ․Սարոյանը, կապված իրականացրած նպատակի հետ, ասաց․«2019 թվականից աշխատում եմ Մատենադարանում, իսկ 2021 թ. Հովհաննես Թումանյանի թանգարանում իրականացնում ենք իմ 6 տարվա երազանքը՝ սուրճի նախագիծը, որի համահեղինակներից եմ ու հետազոտողը»։ Սկսելով ներկայացնել ցուցադրությունը՝ Տ․Սարոյանը կարևորեց համագործակցությունը մնացած թանգարանների հետ։ Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի էքսկուրսավարներ Աննան և Նարինեն ներկայացրին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատրաստած և օգտագործած սրճեփներն ու սուրճի բաժակները։ Կերամիկայից պատրաստված սրճեփները տարբերվում են իրենց տեսքով ու կառուցվածքով և նման են տղամարդու դեմքի։
Այս պատկերասրահը բացվել է 1987 թ․նոյեմբերի 6-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։ Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից։ Մեծ քնարերգուի հայրական տունը, որը կառուցվել է 1828 թվականին, բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից 1975 թվականի հոկտեմբերի 29-ին, Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, դարձավ հուշատուն-թանգարան։ Այն 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվել էր։ Այժմ վերականգնվել և ձևավորվել է հին ոճով այնպես, ինչպես 1957 թվականին նկարագրել են Վարպետի հարազատները։ Այս թանգարանի ֆոնդապահ Սուսաննա Մնացականյանը ներկայացրեց դրվագներ՝ կապված Վարպետի՝ սուրճ օգտագործելու հետ։ Նշեց, որ Իսահակյանը սուրճն ըմպել է կաթով։ Մահից քիչ առաջ էլ կաթով սուրճ է խմել։ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը Լենինականում հիմնադրվել է 1983 թվականին, սակայն գործում է 2003 թվականի սեպտեմբերից։ Այս թանգարանի ֆոնդապահ, Շիրազի Գոհար քրոջ թոռնուհի Նարինե Խաչատրյանը ներկայացրեց սուրճի այն պարագաները, որոնք օգտագործել է հայ մեծ բանաստեղծը։ Ելույթի վերջում Ն. Խաչատրյանը Թումանյանի թանգարանին նվիրեց սուրճի մի բաժակ և Շիրազի «Դանթեական առասպել» գիրքը, որը հրատարակվել է վերջերս և ամբողջական է՝ ի տարբերություն խորհրդային տարիներին տպագրվածի։
Հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում, 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում 19-րդ դարում կառուցված տունը, որտեղ տեղակայված է «Մհեր Մկրտչյան» թանգարանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի սիրելի վայրերից մեկն է եղել «Ուստա Կարո» խաշարանը։ Թանգարանի էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանը ներկայացրեց մշակութային այս օջախը, հետաքրքիր դեպքեր պատմեց Ֆրունզ-Մհեր Մկրտչյանի մասին։ Գյումրիի Քանդակագործության ազգային պարկ-թանգարանից նույնպես ցուցանմուշներ կային։ Տ․ Սարոյանը ներկայացրեց նաև հայ մեծերի օգտագործած սուրճի պարագաները, այն սրճարանները, որտեղ իրենց ազատ ժամանակն են անցկացրել մշակութային գործիչները։ Հովհաննես Այվազովսկին վաղ տարիքում աշխատել է հունական սրճարանում որպես սպասավոր։ Ծանր բան էր սրճարանում «ճուտիկ» լինելը: Փոքրիկ սրճարանը միշտ լիքն է եղել մարդկանցով: Այստեղ կային մշտական հաճախորդներ, որոնք ամբողջ երեկո գինի ու սուրճ էին խմում: Նրանք գլխավորապես ձկնորսներն էին, առևտրականները և Թեոդոսիայի նավահանգստում խարիսխ գցած առևտրական նավերի նավաստիները: Ամենից շատ աղմկում էին ձկնորսներն ու նավաստիները: Նրանք բարձրաձայն վիճում էին իրենց զբաղմունքի առավելությունների մասին: Երբեմն վեճը վտանգավոր բնույթ էր ստանում, քիչ էր մնում՝ վերածվեր տուրուդմփոցի: Այդպիսի պահերին բարձր վաճառասեղանի ետևից իսկույն դուրս էր պրծնում տակառի պես հաստ ու կլոր հույն սրճարանատերը: Ճարպկորեն անցնելով սեղանների արանքով՝ նա բարձրաձայն հայտարարում էր, թե հենց նոր հիանալի գինի է ստացել: Երբեմն նրան հաջողվում էր կանխել ընդհարումը և վիճողներին հաշտեցնել: Բայց և առանց կռիվների էլ երեկոները սրճարանում միշտ աղմուկ էր տիրում, որին միախառնվում էին դոմինոյի խաղաքարերի չրխկոցները և խաղամոլների մոլեգին բացականչությունները: Եվ այս ու այն կողմից հաճախակի լսվում էին հաճախորդների զիլ ձայները.
-Ճուտի՛կ: Ճուտի՛կ: Այստեղ արի:
Մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի տունը միշտ լի է եղել հյուրերով։ Սիրել է զրուցել ու միաժամանակ նկարել։ Զրույցները ծավալվել են սուրճի սեղանի շուրջ, որը շատ անգամ մատուցել է քույրը՝ Կատարինան։ «Կուզեի, որ Հայաստանը չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ»,-ասել է Մ․Սարյանը։
Սուրճն իր ուրույն տեղն է զբաղեցրել նշանավոր շատ հայ ընտանիքների կյանքում։
Թեհլիրյանները երկար տարիներ զբաղվել են սրճագործությամբ:
Թեհլիրյանների նախապապը 16-17 տարեկանում վիճում է տան անդամների հետ և հեռանում տնից: Տարիներ անց վերադառնում և գյուղում մականուն է ստանում։ Թուրքերեն «կռիվ» բառը «թեհն» էր, ու գյուղացիներն ասում էին, որ նա «թեհ է ըրել», որտեղից էլ ծնվում է նրա մականունը՝ Թեհլիր, նրա զավակներին էլ ասում են Թեհլիրի տղաներ, այստեղից էլ սկիզբ է առել Թեհլիրյան ազգանունը:
Սուրճի բիզնեսը հիմնադրել էր Թեհլիրը, ով տան անդամների հետ վեճից հետո մեկնել է Քոնիա, որտեղ էլ սկիզբ է դրել ընտանեկան բիզնեսին: Հետագայում այդ բիզնեսը շարունակել են նրա զավակները և սերնդեսերունդ փոխանցել Սողոմոն Թեհլիրյանի հորը ու նրա եղբայրներին, ովքեր Սերբիայում սուրճի խանութ են ունեցել: Ներկայացնելով սրճարանների դերը, դրանց մուտքը հայ կյանք՝ Տ․ Սարոյանը տեղեկացրեց՝ 1930-ական թթ. Երևանում գործող սրճարանները հիմնականում կրում էին ֆրանսիական սրճարանների մշակույթի ազդեցությունը՝ շնորհիվ Ֆրանսիայից վերադարձած հայ մտավորականների ու հայրենադարձների։ Այս մշակույթի ձևավորումը նպաստեց նաև կանանց մուտքին սրճարաններ: «Տուրիստ» սրճարանում ամենից հաճախ կարելի էր հանդիպել Եղիշե Չարենցին: Նա ուներ անվանական հատված, որ կոչվում էր «Չարենցի սեղան», և այն երբեք չէր զբաղեցվում։ Գտնվում էր բակի խորքում` ծածկի տակ: Շատ հաճախ, երբ երեկոյան Չարենցը ձեռնափայտը ձեռքին մտնում էր բակ և ուղղվում դեպի իր սեղանը, անմիջապես, կարծես մագնիսական ուժով, հայտնվում և դեպի այդ կողմն էին շարժվում ժամանակի նշանավոր մարդիկ` գրողներ, նկարիչներ, դերասաններ. ծայր էր առնում մի հետաքրքիր ու աշխույժ զրույց գրականության, արվեստի ու բոլորին հետաքրքրող բազում այլ հարցերի շուրջ:
Բանախոսը հետաքրքիր հուշեր պատմեց բոլոր մեծերի մասին, ովքեր ներկայացված են նկարներում։ Ցուցադրությունից հետո երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը հանդես եկավ հայ աշուղական արվեստի մասին բանախոսությամբ։ Ժամանակին Գյումրին եղել է այս արվեստի կենտրոններից մեկը։ Ցուցադրությանը ներկա էին մշակութային գործիչներ Գագիկ Գինոսյանը, Հայկ Դեմոյանը, արվեստասերներ։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը կարևորեց ցուցադրությունը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին։ Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասաց, որ ցուցադրությունը գործելու է ամեն օր, բացի երկուշաբթիից: Այցելության ժամերն են 10:30-ից մինչև 17:00-ն, բայց լրացուցիչ պայմանավորվելու դեպքում հնարավոր է այցելել նաև ավելի ուշ ժամերի: Այցելելով Թումանյանի թանգարան՝ հետաքրքիր շատ տեղեկություններ կիմանանք սուրճի և այդ ըմպելիքն օգտագործած երևելիների մասին։