Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում բացվել են երեք նոր լսարաններ։ Նորաբաց ստեղծարարության եւ նորարարության, դասախոսների համաշխատանքի եւ հեռավար կրթության լսարանները ձեւավորվել են տեխնոլոգիական նոր լուծումներով եւ միտված են կրթություն ստանալու համար ավելի լավ միջավայր ստեղծելուն: Ուսանողները հնարավորություն կունենան գաղափարներ գեներացնել, ստարտափ թիմեր ձեւավորել եւ համատեղ աշխատանքի միջոցով կյանքի կոչել դրանք:
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում լսարանների բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով նաեւ համալսարանի խորհրդի նախագահն է։ Ապրիլի 27-ին մարզային ղեկավարության ուղեկցությամբ նա շրջայց է կատարել համալսարանի տարածքով, ծանոթացել նորարար ծրագրերին, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ։ Խաչատուրյանի խոսքով՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից սպասելիքները գերազանցվել են. «Ես չէի կասկածում, որ բոլորիս մի մեծ անակնկալ է սպասվում։ Ստեղծվել է մի միջավայր, որտեղ եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները իսկապես կրթություն ստանալու լիարժեք հնարավորություն ունեն։ Կարելի է ասել, որ այսօր Գյումրու եւ Երեւանի համանուն մասնաճյուղերի միջեւ մրցակցություն է ձեւավորվում։ Բոլորս շատ ենք խոսում կրթության կարեւորության մասին, սակայն ամենակարեւորն է, որ այն լինի նորարար, եւ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք այստեղ, նորարարական սկզբունքներով է ստեղծված»,- ասել է նախագահը։ Նշենք, որ մեկ տարի առաջ ընտրված Կարեն Պետրոսյանը մասնաճյուղի զարգացման ռազմավարությունում նշել էր դասախոսների եւ ուսանողների համար ընդամենը մեկ նորարարական կենտրոնի մասին, սակայն կարողացել են երեքը ստեղծել։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ այդ լսարանների ընտրությունը պայմանավորված է առկա պահանջներով. դրանցից մեկը հեռավար կրթության լսարանն է, որը մասնաճյուղն իրականացնում է «Հայկական գործոն» ծրագրի շրջանակներում։ «Հիմա հնարավորություն ունենք իրականացնելու հեռավար կրթություն։ Դրա շրջանակներում ներգրավել ենք դասախոսների, որոնք դասավանդում են արտասահմանյան առաջատար բուհերում եւ համաձայնել են կարեւոր առարկաների շրջանակներում, մասնավորապես՝ մաթմոդելավորումը տնտեսագիտության մեջ, էկոնոմետրիկա, կիրառական տնտեսագիտություն եւ այլն, հեռավար դասընթացներ վարել Գյումրու մասնաճյուղի ուսանողների համար»,- ասաց Գալոյանը՝ հավելելով, որ մյուս երկուսը դասախոսական եւ ուսանողական ստեղծարար տարածքներ են, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն միասին քննարկելու, մշակելու եւ կյանքի կոչելու իրենց ինովացիոն գաղափարները։
Կրթական համակարգն ընդանրապես, բացի նրանից, որ ունի բավական շատ խնդիրներ, դրանք ավելի մեծ են լինում, երբ խոսում ենք մարզային բուհերի, մարզային մասնաճյուղերի մասին։ Սովորաբար երիտասարդները նախընտրում են գալ մայրաքաղաք եւ սովորել այստեղի բուհերում, հետեւաբար՝ խնդիրներից մեկն էլ Երեւանի եւ մարզային բուհերի միջեւ կրթության որակի մեկ բարձր նշաձող սահմանելն է։ «Գյումրիի մեր մասնաճյուղը տեսանելի լավ օրինակ դարձավ այն առումով, որով ցույց տվեցինք, որ միայն երեւանյան կրթահամալիրին չենք ուշադրություն դարձնում, եւ նույնպիսի ներդրումներ արվում են նաեւ Գյումրու մսանաճյուղում։ Արդյունքում՝ Շիրակի մարզի ուսանողները, որոնք որոշել են տնտեսագիտական կրթություն ստանալ, կարող են մնալ եւ այդտեղ սովորելուց հետո աշխատել մարզում։ Նրանք պետք է տեսնեն, որ իրենց տանն էլ կարող են որակյալ կրթություն ստանալ եւ դրա հիման վրա բարձր վարձատրվող աշխատանք գտնել՝ զարգացնելով իրենց մարզերը։ Սրանով ձգտում ենք որոշակի չափով նվազեցնել ներքին միգրացիան»,- մանրամասնեց զրուցակիցս։
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի խոսքով՝ կրթական բարեփոխումները, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը, շարունակական գործընթաց են եւ կրթական ծրագրերի բարեփոխման առումով ուշադրություն են դարձնում բոլոր ուղղություններին։ Բուհը հիմնական գործընկերների, այս դեպքում Կենտրոնական բանկի հետ համատեղ արդեն իսկ ամբողջությամբ արդիականացրել է «տնտեսագիտություն եւ ֆինանսներ» կրթական ծրագրերը։ Դրա շրջանակներում իրականացվում են դասախոսական կազմի տեղական եւ միջազգային վերապատրաստումներ, որից օգտվում են առանց բացառության բոլոր դասախոսները, կիրառվում են նոր տեխնոլոգիաները, մշակվում է դասավանդման նոր մեթոդաբանությունը, արդիականացվում են ենթակառուցվածքները։ «Չնայած տնտեսագիտականում բավականին լավ ենթակառուցվածքներ կան, միջավայրը, որը ստեղծված է ուսանողների համար, բավական լավն է, բայց այս ուղղությունը եւս շարունակում է մնալ մեր բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Ձգտում ենք ստեղծել բոլոր հնարավոր միջոցները այսօրվա շուկային համապատասխան կադրեր կրթելու համար»,- շեշտեց նա։
Համալսարանը սերտորեն համագործակցում է պետական կառույցների հետ՝ ներկայացնելով հետազոտական վերլուծություններ եւ առաջարկություններ, մասնավորապես՝ պետական գերատեսչությունների հարցումների հիման վրա համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը կոնկրետ թեմաների վերաբերյալ հետազոտություններ են կատարում, պետական գերատեսչությունները ներգրավված են լինում հաշվետվությունների փուլում։ Գալոյանի խոսքով՝ հետազոտությունների արդյունքները կիրառական նշանակություն ունեն։ Շատ արդյունավետ համագործակցում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ եւ օրինակ՝ զբաղվածության, սոցիալական քաղաքականության վերաբերյալ ռազմավարություններ մշակելիս։
Հասարակությանն այսօր հետաքրքրում է աշխարհում տեղի ունեցող ֆինանսատնտեսական գործընթացները, փոխարժեքների տատանումները եւ դրանց ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա։ Զրուցակիցս տեղեկացրեց, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհրապարակվի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հերթական համարը, որն ամբողջությամբ նվիրված է լինելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում տարբեր ոլորտներում առաջ եկած խնդիրներին, այդ թվում՝ ֆինանսական, պարենային, ցորենի հիմնախնդրին, փոխարժեքին, գնաճին եւ այլն։ «Այս բոլոր խնդիրների հետ կապված արվել են հետազոտություններ՝ պարզելու, թե որքանով դրանք կարող են տնտեսական անվտանգության սպառնալիք լինել Հայաստանի համար»,- ասաց Գալոյանը։ Հետազոտությունն իրականացվել է Անվտանգության խորհրդի պատվերով։ Հնարավոր զարգացումների վերաբերյալ բոլոր վերլուծությունները հասանելի կլինեն հանրությանը, այն կտեղադրվի տնտեսագիտական համալսարանի կայքում։