Բոլորովին վերջերս Թուրքիան ներխուժեց Հյուսիսային Իրաք՝ այն պատճառաբանությամբ, որ ռազմական հատուկ գործողության միջոցով ձգտում է «տարածաշրջանն ազատել ապակայունացնող այն տարրերից, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը»: Հասկանալի է, որ Արեւմուտքն այժմ էներգակիրների ստացման խնդիր ունի, քանի որ մտադիր է ազատվել Ռուսաստանից կախվածությունից: Անկարան, որը ձգտում է դառնալ դեպի Արեւմուտք էներգակիրների մատակարարման հիմնական երաշխավորը, փորձել է Արեւմուտքի խնդիրն օգտագործել եւ նրանից երաշխիք ստանալ՝ քրդերի հանդեպ արշավ իրականացնելու համար…
«ՀՀ»-ի հետ զրույցում Հյուսիսային Իրաք Թուրքիայի ներխուժման տնտեսական շարժառիթների մասին է խոսում քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը: Հենվելով թուրքական աղբյուրների տարածած տեղեկությունների վրա՝ նա նշեց, որ Անկարայի ներխուժումը Հյուսիսային Իրաք նպատակ է հետապնդում նախեւառաջ ածխաջրածինների այլընտրանքային մատակարարումներ իրականացնել Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով: Այդ քայլով Անկարան ոչ թե մեկ, այլ մի շարք խնդիրներ է լուծում։ Նախ՝ էներգետիկ խոր ճգնաժամ ապրող Եվրոպայում սեփական ազդեցությունն է մեծացնում՝ օգտագործելով այլընտրանքային մատակարարումները որպես խաղաթուղթ ԵՄ-ի հետ հարաբերություններում։ «Նաեւ, այսպես ասած, տեղավորվում է ԱՄՆ նկրտումների մեջ՝ միտված եվրոպական շուկայում ռուսական ազդեցության էական նվազեցմանը։ Չմոռանանք, որ ԱՄՆ-ն այժմ չունի անհրաժեշտ հզորություններ՝ հավելյալ 15 մլրդ խմ գազ Եվրոպա արտահանելու համար, իսկ Կատարը սեփական գազի ծավալների մեծ մասն ուղղում է ավելի կայուն ու կանխատեսելի ասիական շուկաներ։ Բացի այդ, վերահաստատում է սեփական գեոտնտեսական դիսլոկացիան՝ որպես էներգատրանսպորտային կարեւոր հաբ, անգամ ռազմական արկածախնդրությունների ձեռնարկման ճանապարհով: Այս ամենը, ի դեպ, հստակեցված է Թուրքիայի բազմաթիվ ռազմավարական փաստաթղթերում, կա նաեւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ծրագրում»,-նշեց մեր զրուցակիցը:
Եվս մեկ խնդիր, որը ձգտում է լուծել Թուրքիան, հետեւյալն է. որոշակիորեն իր ներքին շուկան ոչ լեգալ նավթով լցնելու հնարավորություն է ստեղծում, ինչն էլ կարող է մասամբ զսպել վառելիքի գնաճը: «Այսինքն՝ նույն այն գործելաո՞ճը, որ Սիրիայում ժամանակին կիրառեց»․«ՀՀ»-ի դիտարկմանն ի պատասխան՝ Վահե Դավթյանը շեշտեց․ «Այո, Անկարան նույն մոդելը 2013-2017 թթ. Սիրիայում էր կիրառում, երբ ընդամենը 40-45 դոլարով նավթ էր գնում ահաբեկիչներից՝ ռիսկեր ստեղծելով OPEC+ նախաձեռնության համար»։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց կարեւոր մեկ այլ հանգամանքի վրա. Անկարայի այս քայլերը հակասության մեջ են մտնում Մոսկվայի արտաքին էներգետիկ ռազմավարության հետ, ինչը, բնականաբար, «իր ազդեցությունն է ունենալու առհասարակ ռուս-թուրքական հարաբերությունների ընթացքի վրա»: Այս ամենին էլ եթե հավելենք Սիրիա ուղեւորվող ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակումը, թուրք-իսրայելական փոխադարձ ռեւերանսները, Մոսկվայի կողմից Իսրայելի հասցեին հնչող կոշտ հայտարարությունները, Իրանի կողմից գրեթե ամեն օր վերահաստատվող «կարմիր գծերը», ապա տարածաշրջանի հետագա ծավալումների պատկերը կպարզվի։
Իր տնտեսական քաղաքականությունը մշակելիս Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական հետաքրքրություններով՝ միաժամանակ վերլուծելով, թե աշխարհաքաղաքական ու տնտեսական ինչպիսի զարգացումներ կան, առաջին հերթին՝ հարեւան պետություններում: Տնտեսական անվտանգության ապահովման համար միայն անմիջական հարեւանների օրակարգի քննարկումը բավարար չէ: Պետք է հստակ հասկանալ՝ այդ օրակարգն ինչու է առաջ եկել եւ ինչ ընթացիկ ու հեռահար նպատակներով։ Իսկ երբ խոսքը Թուրքիայի մասին է, որն արդեն «աչքի է ընկել» Վրաստանում, Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայում, նաեւ Ռուսաստանում, անհրաժեշտ է քաղաքական ու տնտեսական հարցերը քննարկել միասնության մեջ: Եվ միաժամանակ վերլուծել, թե այդ երկրներում ինչ ազդեցություն է թողել նրա դերակատարությունը:
Բազմիցս նշել ենք, որ Թուրքիայի համար տնտեսական քաղաքականությունն ընդամենը միջոց է՝ նվաճումներ կատարելու համար, եւ Անկարան իր հետաքրքրությունների տարածքում ամրապնդվում է «փափուկ ուժի» միջոցով: Այլ կերպ ասած՝ հասունացնում է պահը, երբ պետք է խժռի այս կամ այն տարածքը: Ուստի անհրաժեշտաբար հարկ է քննարկել հնարավոր բոլոր ռիսկերը: Առավել եւս, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, օգնել ու օգնում է նրան ամեն ինչում եւ նույնիսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խորհրդակցում է Բաքվի հետ: Դա նրա իրավունքն է, բայց այն մենք պարտավոր ենք հաշվի առնել մեր դիրքորոշումներում:
«Թուրքիայի հետ միշտ էլ էժան առեւտուր ենք արել» արտահայտությունը պետք է շարունակվի՝ հարցադրումներով ու պատասխաններով։ Իսկ ինչի՞ հաշվին է եղել այդ էժանությունը։ Պատասխանը մեկն է՝ որովհետեւ այդ ապրանքը ներմուծվել է որպես անձնական բեռ կամ այլ ճանապարհով, քանզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արտաքին տնտեսական հարաբերությունները կանոնակարգող որեւէ փաստաթուղթ չկա։ Հետեւաբար, եթե այդ հարաբերությունները կարգավորվեն, այն է՝ լինեն փաստաթղթեր, ապա կլինեն մաքսատուրքեր, հարկեր, սահմանափակումներ եւն։ Տնտեսությունը սոսկ առեւտուր չէ, հարաբերությունները միայն առեւտուր չեն, իսկ տնտեսական հարաբերությունները չեն կարող զերծ մնալ պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական ենթատեքստերից։ Տնտեսությունն ազգային անվտանգության բաղադրատարր է եւ սերտորեն կապված է քաղաքական անվտանգության հետ:
Թուրքիայում արժեզրկումը վերջին 20 տարում ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել, այդ երկրում գործազրկության թվերն աճում են… Բայց նույնիսկ այս պայմաններում Անկարան ռազմական գործողություններ է իրականացնում հարեւան երկրի տարածքում՝ զուգակցելով տնտեսական ու քաղաքական հետաքրքրությունները:
Իհարկե, տնտեսական հետագա համագործակցության հարցում շատ ուղղություններ մանրազնին ուսումնասիրության կարիք ունեն՝ որպես մարտահրավեր չընկալվելու համար: Մասնավորապես՝ խոսքը գյուղատնտեսության եւ տեքստիլ արդյունաբերության ոլորտների մասին է, քանի որ Թուրքիան այստեղ առաջատարներից մեկն է աշխարհում: Որպեսզի գերակայության հաստատման միջոցով մեզ պայմաններ չթելադրվեն ամենատարբեր հարցերում, անհրաժեշտ է, որ մեր երկիրը հատկապես գյուղատնտեսական ու տեքստիլ ոլորտներում դառնա արտահանող, այլ ոչ թե ներկրող պետություն…