Երեւանի Ավանի վարչական շրջանի Հայրենական մեծ պատերազմում նահատակված հայորդիներին նվիրված հուշահամալիրում կայացավ տոնական հանդես՝ նվիրված հայոց եռատոնին։ Սկզբում Ավանի վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Սուրբ Աստվածածին մատուռի սպասավոր տեր Հարություն քահանա Ավագյանը, ինչպես նաեւ ՀՀ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի անդամները նախագահ Երեմ Խաչատրյանի գլխավորությամբ ծաղկեպսակ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Ազատամարտիկների պուրակում տեղադրված «Հայոց զինվորի փառքի հուշարձանի» մոտ, որի վրա Նժդեհի խոսքն է. «Միայն քաջերին է լսում եւ զորավիգում պատերազմների քմահաճ աստվածը»։ Տուֆակերտ հուշարձանին սուր ու վահան է քանդակված, իսկ վերեւում հզոր արծիվն է։ Այնուհետեւ հոգեւոր հայրը Սբ Աստվածածին մատուռում կատարեց ոգեկոչման արարողություն՝ սկսելով Տերունական աղոթքով։ Վերջում տեր հայրը շնորհավորեց ներկաներին օրվա առթիվ եւ աղոթքով դիմեց Աստծուն, որ Տերը զորավիգ լինի հայ ազգին։
Հիմնական հանդեսը կայացավ Փառքի հուշահամալիրում, որտեղ մեկտեղվել էին ազատամարտիկները, զինվորականներ, Ավանի եւ տարբեր վայրերի բնակիչներ, մանուկներ։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմում նահատակված հազարավոր հայ զինվորներին նվիրված հուշաքարին։ Հանդիսավարն անդրադարձավ հայոց պատմությանը, որ միշտ էլ պարտադրված ենք եղել զենք վերցնել ու պաշտպանել մեր հայրենիքը։ Կարեւորեց Մեծ հայրենականում մեր պապերի դերը։ Անդրադարձավ Արցախյան գոյամարտին, Շուշիի ազատագրմանը։ Նաեւ ցավով խոսեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասին, որը եղավ կործանարար Արցախի համար, ունեցանք հազարավոր նահատակներ, կրկին կորցրեցինք Շուշին։ Նրա առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների հիշատակը, հնչեց ՀՀ օրհներգը։
Տեր Հարություն քահանա Ավագյանը, շնորհավորելով մայիսյան եռատոնի առթիվ, իր հայրական օրհնանքը բերեց ներկաներին։ Անդրադառնալով տոնի խորհրդին՝ ասաց, որ թշնամին երբեք բարեկամ չի դառնա, եւ կյանքը մշտապես պայքար է։ «Հանուն հայրենիքի իր կյանքն ընծայած մարդը միշտ անմահ է։ Միշտ հիշելու ենք նրանց, եւ յուրաքանչյուրս պարտք ենք մեր նահատակներին, ովքեր ծնվեցին մահկանացու, սակայն անմահացան։ Հիշեք՝ մեր սուրը դեռ պատյան չի դրված։ Ձեզ ասում եմ՝ Շուշին հայկական է, Արցախը՝ հայրենիք»,- դիմելով ներկաներին՝ ասաց հոգեւոր հայրը՝ հավելելով, որ Շուշիում առաջին պատարագն ինքն է մատուցել մաքրելուց ու կարգի բերելուց հետո։ Տեղեկացրեց նաեւ, որ Հադրութի եկեղեցու բացման հոգեւոր հովիվը նույնպես ինքն է եղել։ Դադիվանքում առաջին աղոթքն ինքն է հնչեցրել ազատագրումից հետո։ Մեծ ցավ ու հոգս է հոգեւոր հովվի համար Արցախի ներկա վիճակը, բայց ասաց՝ պայքարելու ենք հանուն հայրենիքի, հանուն Արցախի անկախության։ Խոսքի վերջում մաղթեց՝ Տիրոջ աջը հովանի լինի բոլորիս, եւ կոչ արեց, որ հայրենիքը բոլորիս համար լինի առաջին պլանում, եւ հզորացնենք մեր բանակը։
Ներկաներին ողջունեց ու օրվա առթիվ շնորհավորեց Ավանի վարչական շրջանի ղեկավար Վ. Հակոբյանը՝ ասելով մայիսի 9-ը մեր պապերի հաղթանակն է ֆաշիզմի դեմ։ Լինելով բնիկ ավանցի՝ Վ. Հակոբյանը նշեց, որ այստեղ միշտ են տոնել մեր պապերի հաղթանակը։ Խոսելով Շուշիի ազատագրման մասին՝ ասաց, որ 30 տարի առաջ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության արդյունքում ազատագրեցինք Արցախի բերդաքաղաքը, սակայն այսօր այն գերեվարված է։ Բայց հավատ ներշնչեց՝ լինելու է նոր «Հարսանիք լեռներում» ռազմագործողություն։ Տեղեկացրեց նաեւ, որ մայիսի 9-ին կազմավորվել է Արցախի պաշտպանական բանակը, որն անցել է հաղթական փառավոր ուղի։
Ելույթներից հետո տեղի ունեցավ համերգային մաս։