Արցախյան վերջին պատերազմը շատ ծանր հարված էր մեզ համար: Թշնամու տիրապետության տակ մնացած մեր հայրենիքի տարբեր հատվածներից տեղահանված հազարավոր բնակիչներ այսօր ապաստան են գտել ՀՀ տարբեր մարզերում ու Երեւանում, կան նաեւ Արցախի այլ շրջանների բնակավայրերում հաստատված քաշաթաղցիներ, հադրութցիներ, շուշեցիներ եւ այլք:
Տեղահանված բնակչության համար այժմ լուրջ են բնակարանային եւ զբաղվածության խնդիրները: Ապրիլի 29-ից Երեւանում սկսվել են սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման եռամսյա դասընթացները՝ «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ: Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը տեղեկացրեց, որ նման դասընթացներ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների կենտրոնի մասնագետների եւ Երեւանի պետական համալսարանի մասնագետների հետ Արցախում արդեն անցկացրել են 4 խմբի համար: Երեւանում առաջին անգամ է արցախցի տեղահանվածների համար կազմակերպվում: Դա հնարավոր դարձավ «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրման» ծրագրի շնորհիվ։ Նախօրոք ասոցիացիայի կողմից հայտարարություն է տարածվել, եւ մասնակիցների հետ հարցազրույցներ են իրականացրել մասնագետները։ Մ. Անտոնյանը հավելեց նաեւ. «Արցախում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Հայ կրթական հիմնադրամի աջակցությամբ հիմնել է մագիստրոսական ծրագիր Մեսրոպ Մաշտոց եւ Արցախի պետական համալսարաններում։ Մ. Մաշտոց համալսարանում ուսանում են 20, իսկ սեպտեմբերից ԱրՊՀ-ում կուսանեն եւս 10 ուսանողներ։ Մագիստրոսական ծրագրի նպատակն այն է, որ Արցախում ինստիտուտավորվի սոցիալական աշխատանք մասնագիտությունը։ Ընդհանուր առմամբ՝ Հայ օգնության ֆոնդի եւ Հայ կրթական հիմնադրամի միջոցներով Արցախում արագացված դասընթացներում ընդգրկված մոտ 100 մասնակիցներից 32-ն արդեն անցել են աշխատանքի նորաբաց սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններում։ Մյուսները կանցնեն աշխատանքի, երբ բացվեն կենտրոններ բոլոր շրջաններում եւ խոշոր համայնքներում։ Իսկ ՀՀ տեղահանված արցախցիներին աջակցելու համար, եթե սովորել ցանկացողներն ավելի շատ լինեն, ապա եւս մեկ խումբ կպատրաստենք։ Մեր հաշվարկներով՝ ՀՀ-ում գտնվող արցախցիների հետ աշխատելու համար անհրաժեշտ է մոտ 35 մասնագետ, ովքեր կընտրվեն վերապատրաստված 50 կամ ավելի մասնակիցներից։ Ցանկացողները կարող են գրանցվել ասոցիացիայի կայքէջում»։
Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակչության խնդիրների հետ կապված՝ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչները՝ գործադիր տնօրեն Կարինե Մովսիսյան, քարտուղար Անահիտ Քոսակյան եւ այլք, հանդիպեցին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ: Կապված զբաղվածության խնդրի հետ՝ Ս. Ղազարյանը տեղեկացրեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվող դասընթացների մասին։ Եղավ հայտարարություն նաեւ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի կողմից։
Դասընթացը վարում են ասոցիացիայի հիմնադիր անդամներից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ Նունե Գեղամյանը, Սյուզաննա Ջուհարյանը, ասոցիացիայի փորձագետ Մանյա Կարապետյանը: Նունե Գեղամյանը տեղեկացրեց, որ դասընթացներին մասնակցում են 25-ից ավելի արցախցիներ: Դասավանդվելու են օգնող փոխհարաբերություններ, էթիկա, տարբեր խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկություններ: Դասընթացները կայանում են ուրբաթ եւ շաբաթ օրերին ժամը 10-16-ը: Ավարտելուց հետո մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, եւ կաջակցեն աշխատանք գտնելու հարցում: Դասընթացների մասնակիցների մի մասը Քաշաթաղի շրջանից տեղահանվածներ են, ովքեր այնտեղ հիմնականում աշխատում էին կրթության ու առողջապահության բնագավառներում: