44-օրյա պատերազմի ժամանակ հայկական պետությունների հիմնական խնդիրն ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայելն էր: Ռազմական գործողությունները վարելուն զուգահեռ հայկական կողմի ԱԳ նախարարությունները եւ մարդու իրավունքների պաշտպանները քայլեր էին անում պատերազմական հանցագործությունների մասին բարձրաձայնելու ու ագրեսորների իրական դեմքը ներկայացնելու համար:
Հրադադարից հետո առաջնային խնդիր է դարձել պատերազմի հիմնական հրահրողի եւ ռազմական հանցագործությունների հեղինակի՝ Թուրքիայի գործողությունների մասին միջազգային կառույցներին եւ հանրությանն իրազեկելը: Այս գործընթացն այսօր առանձնակի կարեւորություն է ստացել, քանի որ Թուրքիան շարունակում է ակտիվ ազդեցություն ունենալ տարածաշրջանային, մասնավորապես՝ Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններում: Ավելին՝ ռազմական հանցագործությունների հեղինակ Թուրքիան այսօր ձգտում է դառնալ տարածաշրջանային ազդեցիկ խաղացող: Արցախի, Լիբիայի եւ Սիրիայի պատերազմներում հիմնական դերակատարությունն ապահովելուց հետո Անկարան հիմա էլ փորձում է արաբական աշխարհի համակրանքը շահել՝ Իսրայելի դեմ կտրուկ հայտարարություններ անելու եւ վերջինիս բայրաքթարներով սպառնալու միջոցով:
Ստեղծված իրավիճակում առաջնային նշանակություն է ստանում Թուրքիայի իրական դեմքի եւ քողարկված նպատակների մերկացումը միջազգային հանրության աչքերում: Մայիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաղորդագրություն է տարածել, որով իրազեկում է, որ այդ կառույցում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության միջպետական գանգատն ընդդեմ Թուրքիայի: Գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի ջիհադիստ վարձկաններ հավաքագրելու եւ արցախյան պատերազմին ներգրավելու միջոցով Ժնեւի կոնվենցիայի պահանջների խախտումներ թույլ տալուն, ինչպես նաեւ Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելուն:
Դիմումի մեջ ասվում է, որ Թուրքիան խախտել է Արցախի եւ Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական, ընտանեկան կյանքի եւ մի շարք այլ իրավունքներ: Հայաստանի հեղինակած գանգատին կից ՄԻԵԴ են ներկայացվել նաեւ ծավալուն ապացույցներ, ըստ որոնց` բացի վարձկաններով ապահովելուց, Անկարան Ադրբեջանի զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք եւ զինամթերք է մատակարարել, նաեւ այլ միջոցներով է ներգրավվել հակամարտության մեջ:
2020 թ. հոկտեմբերի 4-ին Հայաստանը ՄԻԵԴ էր ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություն, եւ արդեն հոկտեմբերի 6-ին դատարանն այն կիրառել էր՝ կոչ անելով հակամարտության մեջ ուղղակիորեն կամ անուղղակի ներգրավված բոլոր պետություններին (ներառյալ Թուրքիան) զերծ մնալ գործողություններից, որոնք կնպաստեն քաղաքացիական անձանց կոնվենցիոն իրավունքների խախտմանը, եւ կատարել Ժնեւի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Նոյեմբերի 17-ին Թուրքիայի կառավարությունը միջնորդություն էր ներկայացրել ՄԻԵԴ այդ որոշումը վերացնելու համար: Սակայն Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի ընդունած որոշումների հիմնական մասն ուժի մեջ է մնում:
Իրավունքի միջազգային կառույցներում հայ ժողովրդի խախտված իրավունքների համար պայքարը նոր թափ է ստանում: Այն առաջիկա տարիներին հայկական պետությունների դիվանագիտական ճակատների հիմնական ուղղությունն է լինելու: Այս դեպքում գործելու են միջազգային իրավունքի ոչ երկիմաստ նորմերը, որոնց շրջանակներում ավելի դյուրին է հասնել արդարությանը, քան քաղաքական հարթակներում, որտեղ գերակշռում են պետությունների շահերը: Միջազգային իրավունքի պաշտպանության առաքելություն ստանձնած կառույցներում էլ, հուսով ենք, արդյունավետորեն առաջ կտարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացը: