Մեր երկրի ջրային պաշարների ոչ արդյունավետ կառավարման համապատկերում հաճախ է խոսվում ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունից։ Նույնիսկ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգ ունենք, որն ընդունվել է 2019 թ.՝ հիմք ընդունելով կառավարության 2016 թ. մարտի 31-ի թիվ 338-Ն որոշման 2-րդ հավելվածի 6-րդ կետը։ Ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման հարցն աշխուժացավ, երբ Արարատյան ջրավազանային տարածքում լրջագույն խնդիրներ ծագեցին։ Բայց այդպես էլ չտրվեց այն հարցի պատասխանը, թե արդյոք այդ տեխնոլոգիաների ներդրումը հասանե՞լի է բոլորին եւ ամբողջ երկրում։
Որոշ փակագծեր բացենք՝ պատկերն ամբողջական նկարագրելու համար։ Երբ Արարատյան ջրավազանային տարածքում տարիներ առաջ շատ արագ սկսվեց ձկնաբուծարանների հիմնումը, ահազանգեցինք, որ դա կարող է խախտել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ռեժիմը։ Ցավոք, ահազանգն այն աստիճան «մարմնավորվեց», որ գործադիրն էլ անդրադարձավ խնդրին։ Այդ ընթացքում պաշտոնական տվյալները 2013 թ. դրությամբ էին, ըստ որոնց՝ Արարատյան դաշտում գոյություն ունեցող 3318 հորատանցքերի փաստացի կեսից ավելին՝ 1781-ը, գործածվել էր, որոնցից գումարային ելքը կազմել էր 55.6 խմ/վրկ, որը 20.9 խմ/վրկ-ով կամ 1.6 անգամ գերազանցել էր 1984 թ. հաստատված (34.6 խմ/վրկ) թույլատրելի միջին տարեկան ջրաքանակը, իսկ Մասիսի տարածաշրջանում այն գերազանցել էր 4.5 անգամ: Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի գերշահագործումը գագաթնակետին հասավ 2014 թ.: Բնապահպանության նախարարությունը չհերքեց, որ ձկնարդյունաբերության բուռն զարգացումը եւ վերահսկողության բացակայությունը խիստ բացասաբար են անդրադարձել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ռեժիմի վրա: Կարճ ասած՝ ստորերկրյա ջրերի շահագործման ռեժիմը խախտվել էր: Դա էլ հանգեցրել էր ինքնաշատրվանող հորատանցքերում ճնշումային ջրերի մակարդակի կտրուկ անկման եւ դրանց տիրույթի գրունտային ջրերի մակարդակի իջեցման, ճնշումային ջրերի դրական ճնշման գոտու կրճատման, բնաղբյուրների ելքերի անկման, կոլեկտորադրենաժային ցանցի գերծանրաբեռնվածության եւ իրենց բուն նպատակին չծառայելուն: Եվ նախարարությունն իրավիճակը շտկելու քայլերի ծրագիր մշակեց, որոնցից մեկն էլ հենց ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանն էր վերաբերում, որի հայեցակարգն էլ 2019 թ. տարեսկզբին հաստատեց կառավարությունը:
Ինչու էր խնդիրն այդքան լրջացել։ Բանն այն է, որ մեր երկրի ընդհանուր ջրային հաշվեկշռում կարեւոր դեր ունեն ստորերկրյա ջրային պաշարները: Բնապահպանության նախարարության տվյալներով՝ խմելու ջրի մոտ 96 տոկոսն ու ընդհանուր ջրառի շուրջ 40 տոկոսը կազմում են ստորերկրյա ջրային ռեսուրսները, որոնց գերակշիռ մասն օգտագործվում է ոռոգման, ձկնաբուծության եւ այլ կարիքների համար։ 2019 թ., երբ այս հարցն օրախնդիր էր, նշվեց, որ 2014 թ. ոռոգման, ձկնաբուծության եւ այլ կարիքների համար օգտագործվել է ջրի 86 տոկոսը, իսկ 2015 թ.՝ 90 տոկոսը (տվյալները մեջբերված էին Հայաստանի վիճակագրական տարեգրքից (2016 թ.): Սրանից զատ կար մեկ այլ գերխնդիր։ Այդ ծավալի ջրառ անում էինք, բավ չէր, դեռ մի բան էլ ուղիղ կեսը կորցնում էինք: Ըստ 2016 թ. տվյալի՝ ոռոգելի 208.3 հազ. հեկտարից 154.8 հազ. հա-ն գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են, որոնք ամբողջությամբ չեն ոռոգվում ջրային պաշարների ոչ արդյունավետ գործածման պատճառով: Այլ կերպ՝ ոռոգման ջրի կորուստները հասնում են մոտ 50 տոկոսի: Կարեւոր էր հասկանալ մի բան, սակայն. իրավիճակի մեղավորը ոչ թե ձկնաբուծությունն էր, այլ այն չվերահսկելը: Այդ ժամանակահատվածում 250-ից ավելի ձկնաբուծարանների 76 տոկոսը Արարատի եւ Արմավիրի մարզերում էին:
Մեջբերենք եւս մեկ տվյալ՝ խնդրի ծավալը հասկանալու համար։ Ըստ գյուղատնտեսության նախարարության այն ժամանակ տվյալների՝ մեր երկրի ջրի ազգային ծրագրի տվյալներով Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային պաշարները տարեկան 1.1 մլրդ խմ են: 2016 թ. մեր տնտեսության համար կարեւոր դեր ունեցող Արարատյան դաշտում, ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառը կազմել է 1.67 մլրդ խմ (խմելու ջրի մատակարարման, ոռոգման, ձկնաբուծության եւ այլ տնտեսական գործունեության համար): Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչու Արարատյան դաշտը ջրի պակաս ունեցավ։
Ինչեւէ, փաստն արձանագրվեց, եւ իբրեւ ելք որոշվեց ջրախնայող տեխնոլոգիաների ներդրումը։ Բայց ջրախնայող տեխնոլոգիաներն այնքան տարատեսակ են աշխարհում, մենք ի՞նչն էինք ընտրել։ Բնապահպանության նախարարությունը մեր հարցադրումներին ի պատասխան՝ պարզաբանել էր, թե ջրային ոլորտի առաջնահերթություն ստացած տեխնոլոգիաները ներառում են՝ ձկնարդյունաբերության համար ջրի շրջանառու համակարգի ստեղծում, մաքրման կոմպակտ կայանների տեղադրում, մաքրման բնական ու համակցված համակարգերի կիրառում, կաթիլային ոռոգման համակարգի տարածում ու ընդլայնում, ձկնաբուծական տնտեսություններում առցանց հոսքաչափական սարքավորումների ներդրում: Եվ ընդունել, այո, այս տեխնոլոգիաները բավարար չեն, եւ դրա համար էլ խնդիր է դրվել, որ, ասենք, ձկնաբուծության ոլորտում ջուրը ոչ միայն խնայվի, այլեւ՝ երկրորդային գործածվի գյուղատնտեսության ոլորտում։
Այդ ժամանակ քննարկվեց ավանդական հոսքով ձկնաբուծարանները կիսափակ կամ փակ համակարգերով փոխարինելու հարցը, ինչը թույլ կտար ջրի սպառումը մի քանի անգամ կրճատել: Այստեղ էլ այլ հարց էր ծագում՝ ջրի որակին հետեւելու՝ համեղ ձուկ ունենալու համար: Որովհետեւ կիսափակ կամ փակ համակարգերում թարմ ջրի ծավալը փոքրանում է (կիսափակ շրջանառու համակարգի պարագայում թարմ ջրի ծավալը մոտ 30 տոկոս է, իսկ փակ համակարգի դեպքում՝ 3-5 տոկոս): Ջուրը խնայելու համար խոսվում էր նաեւ մաքրման բնական կամ համակցված համակարգերից: Ընդհանրապես՝ համակցված համակարգերը բաղկացած են արհեստականորեն աէրացվող լճակից: Այստեղ օդը մղվում է օդափոխիչներով: Կեղտաջրի աէրացման հետեւանքով քայքայվում են օրգանական միացությունները: Այնուհետեւ կախված մասնիկները նստում են նստեցման լճակում՝ առաջացնելով տիղմ: Կախված մասնիկներից մաքրված կեղտաջուրը հոսում է դեպի բնական աէրացիայով լճակ, որտեղ այն ենթարկվում է լրացուցիչ մաքրման՝ ջրային բույսերի միջոցով: Այս ամենից հետո արդեն այս ջուրը կարող է օգտագործվել այգիներ, զբոսայգիներ, սիզամարգեր ու այլ տարածքներ ոռոգելու համար: Նստեցման լճակներում առաջացող տիղմը հետո չորացվում է եւ, հասկանալի է, արդեն պարարտանյութ դառնում:
Ջուրը խնայելու մեկ այլ ուղղություն են կաթիլային ոռոգման համակարգի տարածումն ու ընդլայնումը, ինչը կօգնի անջրդի ու անօգտագործելի հողերը շրջանառության մեջ դնել: Մի խոսքով՝ ամբողջ երկրում ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման տարբեր ուղղություններ էին նշվում։ Բայց այդպես էլ մինչ օրս հստակ չի տրվել այն պատասխանը, թե ինչքան է ավանդական համակարգը փոխելու գինը։ Այո, ջրախնայող տեխնոլոգիաների առավելությունների մասին խոսվել է, թե որ տեխնոլոգիայի դեպքում ինչքան ջուր կխնայվի։ Բայց չի ասվել, թե փոփոխությունների մի ամբողջ ուղի անցնելու համար ինչքան գումար է հարկավոր։ Բացի այդ, խնդիրը բոլորովին այլ է, երբ, ասենք, շահութաբեր ձկնաբուծական տնտեսության կողմից է ջրախնայող տեխնոլոգիաներ կիրառվում, ասել է թե՝ միջոցներ կգտնվեն։ Բայց բոլորովին այլ վիճակ է, երբ խոսքը գյուղատնտեսությամբ զբաղվող շարքային մեկի մասին է։ Մեծագույն ցանկության պարագայում անգամ նա հնարավորություն չի ունենալու, ենթադրենք, կաթիլային ոռոգման համակարգի անցնել։ Բացի այդ, ջրի խնդիրը միայն Արարատի ու Արմավիրի մարզում չէ եւ ձկնաբուծարանների կտրվածքով չէ, այլ ամբողջ երկրում է։ Այո, ջրախնայող տեխնոլոգիաներից մեկը՝ կաթիլային ոռոգումը, թույլ է տալիս ե՛ւ ջուր տնտեսել, ե՛ւ պարարտանյութեր, ե՛ւ էներգիա ու աշխատանքային ծախսեր: Այլ առավելություններ էլ ունի՝ վաղ բերք, հողի քայքայման եւ երկրորդային աղակալման կանխում, հիվանդությունների ու մոլախոտերի տարածման հավանականության նվազում: Բայց գյուղացին չունի այդ եկամուտը։ Պետությունն ասում է՝ այս համակարգի տեղադրման կապիտալ ներդրումների ետգնման ժամկետը 2-3 տարի է: Լավ, բայց չկան այդ կապիտալ ներդրումները։
Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիր մշակել, խոսել դրա ակնկալիքից եւ ֆինանսավորման համար հույսը դնել միջազգային դոնոր կազմակերպությունների, շրջանառու ներդրումային հիմնադրամների եւ տնտեսավարող սուբյեկտների վրա, այնքան էլ ճիշտ չէ։ Այնպես չէ, որ պետք է անտեսել այս ուղղությունները, բայց նախ հարկ է հասկանալ՝ իսկ այս ուղղություններն ինչ չափով ծավալ կապահովեն։ Խոշոր տնտեսավարողներին այսպիսի ծրագիր պետք չէ՝ ջրախնայող տեխնոլոգիաներ կիրառելու համար։ Նա լավ գիտե՝ սեփական շահույթը մեծացնելու համար ինչ կիրառել եւ ինչ գումարով։ Այդ խոշորներից մեկը, օրինակ, կաթիլային ոռոգման համակարգ իր հողատարածքներում ներդրել էր դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում չէին էլ խոսում այդ մասին։
Ի դեպ, «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի համաձայն՝ պետբյուջեն էլ է ֆինանսավորման աղբյուր (բաշխվածությունն ըստ տարիների կա անգամ), բայց, կրկնում ենք, հաջողված լինել-չլինելը պայմանավորված է ծավալով, ընդգրկվածությամբ, արդյունքով։ Չնայած տարատեսակ ծրագրերին՝ ջրի հարցը օրախնդիր էր եւ է։ Եվ սա այն պարագայում, երբ մենք ունենք ջրային պաշարներ։ Խորքային խնդիրը բոլորովին այլ հարթությունում է՝ ջրային պաշարների՝ տարիներ շարունակ ոչ ռացիոնալ օգտագործման, իսկ եթե ավելի ստույգ՝ ապա գերշահագործման, հյուծելու։ Եթե թույլ ենք տալիս այն աստիճանի գերշահագործում, որ ջրերի ռեժիմն է խախտվում, կաթիլային ոռոգմանն անցնելու մի քանի օրինակներն այդ ռեժիմը չեն վերականգնելու։ Խնդիրը պետք է համալիր լուծվի, շղթայական եւ ոչ տեղային։