Բերձորում մայիսի 18-ին կայացավ այց Արցախյան գոյամարտի մարտիրոսներին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհվեցին հուշակոթողների մոտ։ Սակայն չկար նախորդ տարիների խանդավառությունը, երբ նույն օրը բազմամարդ էր Բերձորի Խաղաղության հրապարակը, որտեղից բազում մանուկներ ու տարբեր տարիքի բերձորցիներ, Քաշաթաղի շրջանի տարբեր բնակավայրերում ապրողներ, հյուրեր, պետական այրեր, լրագրողներ, զբոսաշրջիկներ բարձրանում էին հուշահամալիր։ Հանդիսավոր մասից հետո տեղի էր ունենում համերգ, պարգեւների հանձնում։ Օրվա ընթացքում քաղաքում միայն տոնական միջոցառումներ էին, երեկոյան՝ հրավառություն։
Իսկ այս անգամ ժամը 11-ին հուշահամալիրում էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, տեղակալ Գեւորգ Մնացականյանը, Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, ներկայումս քաղաքում ապրող մի խումբ բնակիչներ, տեղեկացնում է այցի մասնակից Հարութ Ավանեսյանը։ Երեւանում եւ մոտակա բնակավայրերում ապրող մի խումբ բերձորցիներս «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի նախաձեռնությամբ նույն օրն այցելեցինք Երեւանի զինվորական Եռաբլուր պանթեոն, ծաղիկներ խոնարհեցինք հուշակոթողների, մարտիրոս քաջորդիների շիրիմների մոտ։ Եռաբլուրում են ամփոփված նաեւ 10-ից ավելի քաշաթաղցի քաջորդիներ, ովքեր զոհվեցին Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում, դրանից առաջ։
Այցելեցինք նաեւ Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր բժիշկ, գրող, ազատամարտիկ, քաղաքական ու հասարակական գործիչ Արցախ Բունիաթյանի, Քաշաթաղի կայացման գործում կարեւոր դեր ունեցած Գագիկ Վարդանյանի, Մանուկ Մանուկյանի շիրիմներին՝ հիշելով այն օրերը, երբ նույն մարդկանց հետ այս օրն այցելում էինք Բերձորի հուշահամալիր։ Այստեղ՝ Եռաբլուրում են Դուշման Վարդանն ու Միայնակ Գայլը, այլ քաջորդիներ, ովքեր Բերձոր-Լաչին քաղաքը ազատագրողների շարքում էին, ովքեր կերտեցին ՄԻԱՑՈՒՄԸ։ Այո, 1992 թ. մայիսի 18-ին՝ Լաչին-Բերձորի եւ Զաբուղ-Աղավնոյի ազատագրումով բացվեց Մայր հայրենիք-Արցախ կյանքի ճանապարհը։ 4 տարվա պայքարից հետո ցամաքային ճանապարհով կայացավ երթեւեկությունը Սյունիքից Արցախ։ Մեկ տարի անց ազատագրվեց Հակարի գետի հյուսիսային ողջ ավազանը, 93-ի աշնանը՝ նաեւ հարավային ավազանը։ Վերացավ Սյունիք-Արցախ անջրպետը։
26 տարի շարունակ ազատագրված այս տարածքը վերահայացավ, շենացավ, շնչեց հայեցի։ Բայց եղավ 2020 թ. պատերազմը, եւ կորցրեցինք վերահայացած հայրենիքը, թշնամուն թողեցինք մեր պապերից մեզ ժառանգած պատմամշակութային մեծ հարստությունը։ Այժմ գործում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որի անվտանգությունը հսկում են ռուս խաղաղապահները։ Դեռ կանգուն է «Ազատագրված Արցախը ողջունում է ձեզ» ճանապարհացույցը, բայց չեն գործում Բերձորի դպրոցները…