«Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը»:
Մոնթե Մելքոնյան
Մառախլապատ ու անձրեւոտ եղանակն առավել էր գեղեցկացրել Աղավնո-Ստեփանակերտ ճանապարհը, որի եզրերին, Աղավնոյից մինչեւ Բերդաձոր, հազարավոր ծառեր կան, որոնք տնկվել են վերջին 20-25 տարվա ընթացքում։
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, արեւելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ով ղեկավարում է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը, Քաշաթաղի շրջանի հիմնադրման օրվանից օժանդակել է ազատագրված հայրենիքի կայացմանը։ Բարեգործական ծրագրերի շրջանակներում յուրաքանչյուր տարի կազմակերպում էր նաեւ ծառատունկ, որին մասնակցում էին ԵՊՀ ուսանողներ ու դասախոսներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, դպրոցականներ։ Մի քանի պուրակների հիմնադրմանը մասնակցել են նաեւ ԱՀ նախագահը, կառավարության անդամներ ու պատգամավորներ։ 44-օրյա վերջին պատերազմը շատ բան փոխեց Արցախի կյանքում։ Քաշաթաղի շրջանից միայն Աղավնոն ու Բերձորն են այժմ «Կյանքի ճանապարհին» եւ ունեն հայ բնակիչներ։
Գ. Մելիքյանը եւ իր ղեկավարած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները վերջերս հերթական այցով Արցախում էին։ Նախկին այցերի ժամանակ հիմնադրամից կենցաղային տեխնիկա ստանալու համար դիմել էին Բերդաձորի, Աղավնոյի, Բերձորի եւ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղերի բազմազավակ ընտանիքներ։ Հիմնադրամի կողմից նշված տեխնիկան տեղ հասավ։ Բացի այդ, Գ. Մելիքյանի հետ Արցախ ժամանեց իրանահայ բժիշկ Հենրի Շահբազյանը, ով այժմ բնակվում է Շվեդիայում, աշխատում կլինիկաներից մեկում եւ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի հովանավորների շարքում է։ Հ. Շահբազյանը Բոստոնից եկած բժշկուհի Անուշ Սահակյանի հետ այցելեց նաեւ Մարտունի քաղաք, ծանոթացավ տեղի բուժմիավորման պայմաններին՝ հետագայում օժանդակելու նպատակով։ Բժշկի կողմից նաեւ հագուստ տրամադրվեց Ստեփանակերտում գործող՝ Քարոլայն եւ Ջորջ Նաջարյանների անվ. «Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնին, որի հիմնական հովանավորը նույնպես Գ. Մելիքյանի ղեկավարած հիմնադրամն է։
Ճանապարհին կանգ առանք հիմնադրամի կողմից հիմնված մի քանի պուրակներում։ Այսօր էլ, չնայած անորոշ ապագային, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի աշխատակիցները խնամում են պուրակները՝ ջրում են ծառերը, էտում։ Պատերազմի օրերին, հետագայում որոշ ծառեր վնասվել են։ Գ. Մելիքյանն ու ուղեկիցները որոշ աշխատանք կատարեցին նաեւ պուրակներում, ուղղեցին ծռված ծառերը եւ այլն։ Բժիշկ Հ. Շահբազյանը նաեւ ծառ տնկեց շվեդահայ համայնքին նվիրված պուրակում։ Վերադարձին կանգ առանք Բերձորում, որտեղ են նաեւ Լեոնիդ Ազգալդյանին եւ Մոնթեին նվիրված պուրակները՝ հերոսների հուշաքարերով։ Լեոնիդի հուշաքարին մեծ տառերով նրա հայտնի խոսքն է. «Սա Հայաստան է, եւ վերջ»։ Հերոսը դեռ Արցախյան գոյամարտի առաջին օրերին էր ասել այս խոսքը եւ մարտիրոսվեց հանուն Արցախի ազատագրման։ Մոնթեի զինակիցներից ու մտերիմներից է Գ. Մելիքյանը, ով նաեւ Արցախի բանակի գնդապետ է 1996-ից։ Լավ է ճանաչում լեգենդար հերոսին եւ, որպեսզի չիրականանա նրա «Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը» հայտնի խոսքը, այսօր էլ, չնայած պատկառելի տարիքին, մշտապես Արցախի աջակիցների շարքում է։