Երբ անցյալ դարասկզբի Հայոց ցեղասպանության կազմակերպիչ բորենիական ոհմակը կարողացավ խուսափել մահվան դատավճռից, եւ ոհմակի գիշատիչներն ապաստան գտան տարբեր երկրներում՝ ծնվեց «Նեմեսիսը»՝ իր վրիժառու ասպետներով. արնախումները կանգնելու էին հայ բազկի դատաստանի առաջ: Այդ բազուկներից մեկն էր կարնեցի Արամ Երկանյանը:
Տասնմեկամյա պատանի էր, երբ ձեռքն է ընկնում Վենետիկի Մխիթարյանների հրատարակած նկարազարդ գիրքը 1894-1896 թթ. համիդյան ջարդերի եւ 1909-ի Ադանայի հայկական կոտորածների մասին: Դիտելով սահմռկեցուցիչ պատկերները՝ վրիժառության երդում է տալիս: Իսկ առջեւում հայության նոր դժոխքի տարին էր՝ 1915-ը: Այս անգամ արդեն սեփական աչքերով էր տեսնելու կատարվածը եւ, բարեբախտաբար, կարողանալու էր սպրդել մահվան երախից՝ հասնելով Արեւելյան Հայաստան: Կոտորածի նախճիրները նրան թեւաբեկ չէին արել, եթե ոչ հակառակը. դեռ տասնյոթը չբոլորած՝ զինվորագրվում է կամավորական ջոկատներին: 1918-ին նշանակվում է ռազմակայանի պետ Կարին-Դերջան ճանապարհին, որին վստահված էր ռուսական զորքերի թողած պահեստների պահպանումը: Նույն թվականի մայիսին մասնակցում է Բաշ Ապարանի ճակատամարտին՝ որպես դասակի հրամանատար: Դեկտեմբերին դառնալով առաջին հանրապետության բանակի հատուկ հանձնարարությունների զինվոր, կարճ ժամանակում լիկվիդացնում է Լոռվա շրջանի, մասնավորապես Ղարաքիլիսայի շրջակայքում գործող թուրքական ավազակախմբերը: Նրա բուն անելիքը՝ երդմնատվության իրագործումը, սակայն, դեռ առջեւում էր: «Նեմեսիսին» անդամագրված վրիժառուն1920-ին արդեն Թիֆլիսում էր: Վրաց մայրաքաղաքի Գոլովինսկու (այժմ՝ Ռուսթավելու պողոտա) փողոցում սատկացնում է Խան-Խոյսկուն եւ նրա երկու օգնականին: Նույն ճակատագրին են արժանանում Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը կազմած եւ Թալեաթ մեծ շանը «մատուցած» երկու ազգադավ ցնկնուկները՝ Վահե Քիսան եւ Արթին Քեհյանը:
Այն ժամանակ, երբ Սողոմոն Թեհլերյանն արդեն լեշի էր վերածել Թալեաթ վիժվածքին, Արամը տեղափոխվում է Բեռլին: Նրան այս անգամ հանձնարարված էր դժոխք ուղարկել Բեհաէտդին Շաքիրին: Եվրոպական կրթություն ստացած, բժշկի դիպլոմով այս հրեշը Թալեաթի աջ ձեռքն էր եւ Իթթիհատի անթագակիր արքան: Այդ նրա ձեռամբ էին հազարավոր հայ երեխաներ թունավորվել ու կուրացել: Նա էր հրահանգել Տրապիզոնի նահանգապետ Քեմալ Ազմիին՝ հազարավոր հայ երեխաներին խեղդել Սեւ ծովի անտակ ջրերում… Եվ 1922-ին կրկին գալով Գերմանիո մայրաքաղաք, լինում է Հայդենբերգ փողոցում, որտեղ մեկ տարի առաջ Թեհլերյանի ձեռքով շան վախճան էր ունեցել Թալեաթը: Մինչ այդ նա եղել էր Պոլսի Պթի Շան կոչվող փողոցում: Այստեղ էլ վրիժառու Միսաք Թոռլաքյանը գյոռբագյոռ էր արել մուսավաթական հրեշ Ջիվանշիրին: Այս նույն թվականի ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցում, կեսգիշերին, մեծ վեզիր կոչված Թալեաթ բորենու կնոջ աչքերի առաջ գնդակահարվելու էին եւս երկու հայակեր բորենիներ՝ Բեհաէտդին Շաքիրը եւ Ջեմալ Ազմին: Արամի բեռլինյան այցը խիստ արդյունավետ էր, վրիժառության երդմնատվությունը՝ ի կատար ածված…
Այնուհետեւ վրիժառության ուխտը կատարած քաջորդին ապրում է Ռումինիայում, հետո հասնում Արգենտինա, Բուենոս Այրեսում, Կորդովայում մասնակցում Նժդեհի ցեղակրոն ուսմունքի տարածմանը, հայ դպրոցների, եկեղեցիների բացմանը, կազմակերպում տպագրության գործը, ստեղծում «Արմենիա» թերթը:
Վրիժառու ասպետն ապրելու էր ընդամենը 34 տարի, հավերժական նինջը գտնելու Կորդովայի գերեզմանատանը: Ժամանակներ անց նրա ձեռագրերը գրքեր էին դառնալու՝ «Այսպես սպանեցինք», «Գիրք մատուցման եւ հատուցման», «Վրեժագիրք» խորագրերով՝ հրատարակված Լոս Անջելեսում, Բոստոնում, Բեռլինում: Գրքեր՝ հոգիներն արժանապատվությամբ սնուցող: Սրտի ու հոգու գրքեր:
Այսօր հերոսի ծննդյան օրն է, իսկ մահվան օր նմանները չեն ունենում՝ անմահ են նրանք, ապրողներիս բազուկներն ամրացնող հավերժախոս ասպետներ…