Մայիսի 18-ին աշխարհը նշում է թանգարանների միջազգային օրը։ 1978-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Սակայն մեզ՝ հայերիս համար մայիսի 18-ը կարեւորվում է նաեւ մեր երազանքների իրականացման ուրախալի փաստով։
1992 թ. մայիսի 18-ին ազատագրվեցին Լաչին-Բերձոր քաղաքը, Ներքին Սուս ու Աղավնո-Զաբուղ գյուղերը, եւ կայացավ «ՄԻԱՑՈՒՄ»-ը։ Հետագայում ազատագրված ու անկախացած Արցախի կազմում ստեղծեցինք Քաշաթաղի շրջանը՝ Մեծ Հայքի Սյունիք ու Արցախ նահանգների մի քանի գավառների վրա, որոնք 18-րդ դարակեսից մինչեւ 1970-ական թթ. հայաթափ էին եղել։ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում հիմնեցինք նաեւ երկրագիտական թանգարան, որն ուներ պատկերասրահ, փառքի եւ հնագիտական ցուցանմուշների սրահներ։ Վերջինիս ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել էր շրջանի տարածքում կատարված հնագիտական պեղումների ընթացքում, որոշները գտնվել էին տարբեր բնակավայրերում եւ նվիրվել թանգարանին։
2020 թ. պատերազմից հետո Բերձորում տեղակայված Քաշաթաղի երկրագիտական թանգարանի ցուցանմուշների մեծ մասը տեղափոխվեց Երեւան։ Անցած տարվանից հնագիտական ցուցանմուշները «Էրեբունի» թանգարանում են, որտեղ դրանք վերականգնվել ու պատշաճ տեսքի են բերվել, պահվում են ֆոնդային մասում։ Մայիսի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայացավ միջոցառում՝ նվիրված թանգարանների միջազգային օրվան, Բերձորի ազատագրման 30-ամյակին եւ Քաշաթաղի երկրագիտական թանգարանին։ Բացման խոսքով հանդես եկավ արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։ Շնորհավորելով թանգարանների միջազգային օրվա առթիվ՝ ասաց. «Այսօր մեր տոնն է, եւ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել եւ՛ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, եւ՛ մեզ արդեն հարազատ դարձած Քաշաթաղի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին։ Ուզում եմ՝ այսպես ներդաշնակ ու արդյունավետ շարունակենք աշխատել։ Ողջունում եմ նաեւ քաշաթաղցիներին. բարով եք եկել մեր թանգարան։ Մեզ համար մեծ պատիվ է այսօր ընդունել ձեզ»։ Այնուհետեւ Մ. Բադալյանը տեղեկացրեց, որ համագործակցում եւ բավականին ներդաշնակ աշխատում են Քաշաթաղի իրենց գործընկերների հետ, ովքեր դարձել են իր ղեկավարած թանգարանի ընտանիքի մի մասը։ «Երբ Քաշաթաղի երկրագիտական թանգարանի տնօրեն Լիլիթ Քոչարյանը եկավ եւ ասաց՝ կարող ենք համագործակցել, մեզ համար միայն մեծ պատիվ էր աշխատել, գործել ու արարել մեկ հարկի տակ։ Արդեն տարբեր ծրագրեր ենք միասին իրականացնում։ «Էրեբունին» հանձն առավ Քաշաթաղի թանգարանի հնագիտական հավաքածուի մի մասի վերականգնումը, ամրակաումը։ Առիթից օգտվելով՝ խորին շնորհակալություն եմ հայտնում մեր վերականգնման եւ ամրակայման վարպետ մասնագետներին։ Հատկապես մեծ աշխատանք են կատարել Մանվել Ղալաչյանը, Սուրեն Մանուկյանը եւ Վախթանգ Ամրոյանը»,-ասաց Մ. Բադալյանը եւ տեղեկացրեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է ուրարտական որմնանկարների պահպանության, ամրակայման, վերականգնման վարպետաց դաս:
Ավարտելով խոսքը՝ Մ. Բադալյանը նշեց, որ շարունակելու են համագործակցել Քաշաթաղի թանգարանի հետ։ Նշեց նաեւ, որ Քաշաթաղի երկրագիտականի հավաքածուն, որն իրենց մոտ է, փրկվել է գլխավորապես թանգարանի տնօրենի եւ աշխատակիցների ջանքերով։ Տեղեկացրեց նաեւ, որ ցուցանմուշների վերականգնումից հետո առանձին ցուցասրահում դրանք կունենան մշտական ցուցադրություն։ Քաշաթաղի երկրագիտական թանգարանի տնօրեն Լիլիթ Քոչարյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորելով իրենց մասնագիտական տոնի եւ Բերձորի ազատագրման օրվա առթիվ, շնորհակալություն հայտնեց «Էրեբունի» թանգարանի տնօրինությանը, որը մեծ աջակցություն է ցուցաբերում իրենց։
Ելույթներից հետո ցուցադրվեց հոլովակ, որը ներկայացնում էր Քաշաթաղի թանգարանի հնագիտական նմուշների վիճակը վերականգնումից առաջ եւ հետո։ Միջոցառման վերջում քաշաթաղցի դպրոցական-ուսանողները մասնակից եղան «Քվեստ» խաղի, որը տեղի ունեցավ Էրեբունի ամրոցի տարածքում եւ թանգարանի հարեւանությամբ։ «Էրեբունի» թանգարանի երիտասարդ աշխատակիցներ Ռուբենի ու Աննայի ուղեկցությամբ քաշաթաղցիները քարտեզի միջոցով գտան թաքցրած հուշումները, կատարեցին հնագիտական պեղումներ եւ վերծանեցին խնդրի պատասխանը՝ «Էրեբունի 2022 թ.»։