Արհեստականորեն ստեղծված ջրածավալների՝ ջրամբարների նշանակությունը ընդհանրապես կարեւորում ենք ոռոգման, էներգետիկ, միկրոկլիմայական նպատակների առումով։ Խորհրդային տարիներին աշխույժ ջրամբարաշինություն սկսվեց՝ մակերեսային ջրերը հավաքելու եւ հետագայում տնտեսության կարիքների համար օգտագործելու նպատակով։ Հայաստանում այսօր 80-ից ավելի ջրամբար է հաշվվում։ Սակայն խորհրդային տարիներից չէ, որ ջրամաբարաշինությունը մեզ ծանոթ է։
Ուսումնասիրում ենք շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ամենօրյա տեղեկագրերը։ Ախուրյանի ջրամբարի տարողությունը 525 մլն խմ է, բայց այն լցված է 402 մլն խմ-ով (20.05.2022 թ.)։ Թեեւ եթե անկեղծ լինենք, ապա պետք է նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը 246 մլն խմ էր։ Բայց համեմատության համար հաշվի առնենք նաեւ մեկ այլ պարագա՝ այս գարունը տեղումնառատ է։
Չնայած նույն՝ տեղումնառատության գործոնը չի ազդել այլ ջրամբարների վրա եւս ։ 105 մլն խմ տարողությամբ Արփիլիճ ջրամբարի լցվածության մակարդակը 60.7 մլն խմ է (20.05.2022 թ.)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 66.2 մլն խմ է։ Ինչպես տեսնում ենք՝ նախորդ տարի այս ջրամբարը ավելի լցված է եղել այդ օրվա դրությամբ, քան այս տարի։ 70 մլն խմ տարողությամբ Ազատի ջրամբարի լցվածությունը 57.3 մլն խմ է։ Նախորդ տարվա ցուցանիշը 61.7 մլն խմ է։ 24 մլն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարի լցվածությունը 19.1 մլն խմ է։ Նախորդ տարվա ցուցանիշը 17.7 մլն խմ է։ Այսինքն՝ այսքան տեղումներից հետո ավելի է ընդամենը 1.4 մլն խմ-ով։
Այս տվյալները մի բան են հուշում՝ տեղումնառատությունը ամենեւին էլ երաշխիք չէ, որ ջրամբարների լցվածությունը կապահովվի։ Այլ կերպ՝ գործ ունենք դարձյալ ջրերի ոչ արդյունավետ կառավարման եւ այս պարագայում՝ ջրամբարների տեխնիկական խնդրի հետ։
Ընդհանրապես ինչպե՞ս է գնահատվում ջրամբարների տեխնիկական վիճակը, ի՞նչն է դիտարկվում։ Ջրամբարում ֆիլտրացիոն երեւույթների մոնիտորինգ է արվում, ջրամբարների ամրությունն է ստուգվում, ամբարտակների եւ պատվարների այլ կառուցվածքների (կառուցվածքի տարրերի) ամրությունն է դիտարկվում (ստատիկ, դինամիկ, սեյսմիկ եւ ֆիլտրացիոն), ջրի մակարդակի եւ ծավալի, խորության, աղտոտվածության ու քիմիական բաղադրության վերլուծություն է արվում, ջրի շրջանառության տեխնոլոգիան է նայվում (սա՝ արտադրական եւ ռեկրեացիոն կարիքների համար օգտագործվող ջրամբարներում), նստվածքների պահեստավորման դինամիկան ու ծավալներն են հաշվառվում, ջրամբարի սահմաններում, հարակից տարածքներում ստորերկրյա եւ մակերեւութային ջրերի վիճակն (աղտոտման) է վերլուծվում: Այս չափորոշիչներն են թույլ տալիս նաեւ հասկանալու ջրամբարների լցվել-չլցվելու պատճառները։ Հետո տեխնիկական հանձնաժողովը ջրային համակարգի կառավարման մարմին է ներկայացնում համապատասխան մասնագիտական եզրակացություն նշված չափորոշիչների հաշվառմամբ գնահատված ջրամբարի ընթացիկ տեխնիկական վիճակի մասին: Տեխնիկական հանձնաժողովը, ելնելով ջրամբարի ընթացիկ տեխնիկական վիճակից, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է համապատասխան տեխնիկական առաջադրանք: Ջրային կոմիտեում այս տարվա մարտի 4-ին է կայացել ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս ընթացքում անդրադարձ է եղել Ծաղկավանի ջրամբարի հետ կապված տեխնիկական հարցերին։ Նշվել է նաեւ, որ մոտակա ամիսներին այցեր կլինեն՝ հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգությանն ուղղված խնդիրների բացահայտման նպատակով:
Կան հայտնի խնդիրներ, որոնց մասին բազմիցս է խոսվել. որ ջրամբարներն անսարք են՝ եւ պատվարների կողքերից, եւ հատակից ջրի հոսք կա։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ եթե հոսք կա, ուրեմն առատ տեղումներն էլ խնդրի լուծում չեն լինի։ Այո, նոր ջրամբարների կառուցման մասին խոսվում է։ Բայց մինչեւ այդ նոր ջրամբարների լինելը պետք է չէ՞ մտածել եղածները կարգի բերելու մասին։ Հակառակ պարագայում կանենք այն, ինչ միշտ ենք անում եւ այսօր էլ՝ դիմում ենք Սեւանից ջրառին։ Անհեթեթ իրավիճակ է դուրս գալիս. եւ՛ ջրային պաշարներ ունենք, եւ՛ տեղումնառատ ամիսներ, բայց սպառում ենք Սեւանը։ Երբ պարբերաբար շեշտում ենք, որ ջրային պաշարներն արդյունավետ չեն կառավարվում, հենց սա նկատի ունենք։ Այդ պաշարների կառավարումը պետք է համալիր արվի եւ դուրս չմնա ոչ մի շղթա՝ ո՛չ եղած ջրամբարները, ո՛չ կառուցվելիքը, ո՛չ ջրատեխնիկական այլ կառույցները։ Խնդրի այս ձեւով չլուծման իբր պատճառ մեջբերվող ֆինանսների սղությունը մեղմացուցիչ հանգամանք չէ։ Եթե առաջադրում ենք նպատակը՝ մեր հարստության տնօրինումը, ապա դրան չհասնելը անթույլատրելի է։ Ի վերջո՝ սա մի ոլորտ է, որտեղ գումարի ծախսն արդարացված է լինելու, որովհետեւ համալիր ու շղթայական ճիշտ կառավարումը նպաստելու է մեր երկրի ու ժողովրդի շղթայական խնդիրների լուծմանը։