ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկվա նիստում համաձայնություն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ Փորձենք հասկանալ՝ ինչ է ենթադրում այս գործընթացը, որն էր սրա անհրաժեշտությունը, եւ ինչ է տալու այն Հայաստանին։ Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ Կարեն Սարգսյանին։
Նախ նշենք, որ ըստ ԿԲ-ի, առկա պայմանավորվածության համաձայն՝ Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65.03 տոկոսը՝ 967 հատ բաժնետոմս։ Բաժնետոմսերի 25.02 տոկոսը կպահպանի ՀՀ կենտրոնական բանկը, իսկ մնացած 9.95 տոկոսը՝ Հայաստանի ֆոնդային բորսան։ Նշված գործարքի արժեքը շուրջ 873 մլն ՀՀ դրամ է, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։ Ըստ մեր զրուցակցի՝ մինչ օրս ՀՀ կենտրոնական բանկը տնօրինում է Հայաստանի ֆոնդային բորսայի 90.1 տոկոսը: Մնացած 9.9 տոկոսը Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերն են:
Դարձյալ ըստ ԿԲ-ի՝ ՎՖԲ կողմից ՀՖԲ ձեռք բերման մտադրության մասին հայտարարվել էր դեռեւս 2020 թ. սեպտեմբերին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա հինգ տարվա զարգացման ծրագիր, եւ իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։
«Հիմա, որպեսզի հասկանալի լինի, թե ՎՖԲ կողմից ՀՖԲ ձեռքբերումն ինչ է ենթադրում, նախ պետք է ասենք, որ Հայաստանի ֆոնդային բորսան երկրում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է եւ առանցքային դերակատարում ունի ՀՀ ֆինանսական շուկայում։ Այն իրականացնում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արժեթղթերի ցուցակման, առեւտրի, վճարահաշվարկային ծառայությունների, քլիրինգային (անկանխիկ հաշվարկների զուտացում, խմբավորում) եւ տեղեկատվության տրամադրման տեսքով։ Բորսայական վերջնահաշվարկը ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ հաճախորդների համար իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100 տոկոս բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ Առհասարակ՝ ցանկացած ֆոնդային բորսայի գլխավոր առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք տնտեսության զարգացման համար»,-բացատրեց տնտեսագետը։ Իսկ ՎՖԲ-ն, նրա խոսքով, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենամեծ ու զարգացած շուկան է։ ՎՖԲ-ն կազմակերպում է առեւտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով, այլ գործիքներով։ «Փաստորեն՝ ՀՀ կենտրոնական բանկը տեսնում է ՎՖԲ-ին որպես հուսալի գործընկեր, որն ունակ կլինի ապահովել կապիտալի շուկաների զարգացում եւ ընդլայնում»,- ասաց Կ. Սարգսյանը:
Ե՛վ ՀՀ ԿԲ-ն, ե՛ւ տնտեսագետն արձանագրում են՝ ՎՖԲ-ն հրապարակային ընկերություն է, եւ նրա բաժնետոմսերը 2010-ից ցուցակված են հենց իր մոտ՝ շուրջ 300 մլն եվրո կապիտալիզացիայով։ Եվ ՎՖԲ-ի կողմից մշակված զարգացման ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ առեւտրային համակարգի զարգացում, ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների ընդլայնում, նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրում։ «Այս առումով պետք է նշել, որ Վարշավայի ֆոնդային բորսայի՝ որպես ինստիտուցիոնալ ներդրողի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա կնպաստի եւ նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար։ Ավելին՝ ՎՖԲ-ի փորձառությունը թույլ կտա իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրում, նոր առեւտրային համակարգի ներդրում, հայկական եւ լեհական շուկաների հեշտացված փոխգործակցություն (փոխադարձ հասանելիության մեխանիզմներ), նոր գործիքներով առեւտրի կազմակերպում եւ այլն»,- հայտնեց մասնագետը։
Ի դեպ, նա հավելեց, որ նմանօրինակ գործարք իրականացվել է նաեւ 2007 թ., երբ շվեդական OMX AB բորսայի եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ ստորագրվեց Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի գնման վերաբերյալ համաձայնագիրը։ Իսկ արդեն 2008-ից ամերիկյան Nasdaq եւ սկանդինավյան OMX բորսաների միավորման արդյունքում Հայաստանի ֆոնդային բորսան դարձավ NASDAQ OMX Group, Inc. աշխարհի խոշորագույն բորսայական ընկերության մաս։ 2019 թ. հունվարի 1-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» անվանափոխվեց Հայաստանի ֆոնդային բորսայի։