Այս տարվա ապրիլի 16-ին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)։ Մոտ մեկ ամսից՝ հունիսի 28-ին նախատեսվում է էներգաբլոկի գործարկումը։ Ինչպես երեկ «ՀՀ»-ի հետ զրույցում վստահեցրեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը, աշխատանքներն ընթացել եւ այս պահի դրությամբ ընթանում են բնականոն, ժամանակացույցին համապատասխան, առանց գրաֆիկային ուշացումների։ Այս օրերին էլ սկսվել է հովացման աշտարակների արդիականացումը։ Ինչ է դա ենթադրում եւ ինչ հնարավորություն կտա։
«Այս ՊՆՎ-ի ընթացքում խոսքը ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ ռեակտորի միջին վերանորոգման, թիվ 4 եւ 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգման, թիվ 1 եւ 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգման, թիվ 4 եւ 5 շոգեգեներատորների հիմնանորոգման եւ տուրբագեներատորների միջին վերանորոգման եւ այլ աշխատանքների մասին էր։ Հիմա էլ խոսում ենք հովացման աշտարակների արդիականացման, ասել է թե՝ կապիտալ, հիմնովին նորոգման մասին»,-ասաց Մովսես Վարդանյանը։
Բանն այն է, որ, նրա խոսքերով, նախորդ ՊՆՎ-ների ընթացքում թիվ 2 էներգաբլոկի էներգարտադրող համակարգի հիմնական սարքավորումների արդիականացումից հետո հրատապ խնդիր էր դարձել ջրահովացման աշտարակների արդիականացումը։ Այդ պատճառով մշակվել եւ իրականացվում է «ՀԱԷԿ-ի հովացման աշտարակների արդիականացում» նախագիծը: Այն պատրաստել է «Ատոմպրոյեկտ» ընկերությունը, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացրել է «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Մ-Գրուպ» ընկերության աշխատակիցները, իսկ վերահսկողությունը՝ ՀԱԷԿ-ի համապատասխան մասնագետները: Անհրաժեշտ մատակարարումները հիմնականում կատարված են, ընթացքի մեջ են թիվ 1 հովացման աշտարակի հիմնանորոգման եւ մոդիֆիկացման աշխատանքները, որոնց ավարտից հետո միայն նախատեսվում է սկսել 3-րդ աշտարակի համար նախատեսված աշխատանքները:
«Հովացման աշտարակն ապահովում է կոնդենսատորում խորը վակուում ունենալու փաստը, որն առաջին հերթին օգտակար գործողության գործակցի կետերից մեկն է։ Այսինքն՝ մենք որպեսզի գոլորշու ներքին էներգիան խորը օգտագործենք, պետք է կոնդենսացնենք։ Որպեսզի խորը վակուում ստեղծենք, պետք է 3-րդ կոնտուրով հովացնենք։ Գիտեք, ամեն տուրբինն ունի մեկ աշտարակ։ Քանի որ մեր 2-րդ էներգաբլոկում աշխատում են երկու տուրբին, երկու հովացման աշտարակն էլ դրել ենք կապիտալ վերանորոգման։ Հիմա կհարցնեք, թե ինչու ենք արդիականացնում։ Հովացման մակերեւույթներ ունեինք ազբեստից, ազբեստից խողովակներ, կաթիլային հեռացման համակարգ կար՝ փայտից։ Արդիականացման արդյունքում ազբեստները ապամոնտաժել ենք, տեղադրում ենք գերմանական հովացման մակերեւույթներ, կրկին գերմանական կաթիլային հեռացման համակարգեր։ Հովացման աշտարակը մինչ այս ապահովում էր ջրի 7-9 աստիճան C-ի հովացում, արդիականացումից հետո հովացման ցուցանիշը կհասնի 12 աստիճանի, որը կբերի վակուումի խորացման, ՕԳԳ-ի ավելացման։ Հովացման աշտարակների արդիականացումը հնարավորություն կտա նկատելիորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը»,- բացատրեց ՀԱԷԿ-ի տնօրենը:
Ի դեպ, 70-ականներից այս կողմ աշտարակները մշտապես ընթացիկ նորոգվել են։ Իսկ հիմա հիմնովին են վերանորոգվում։ ՊՆՎ աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են եղել Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի եւ այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաեւ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները: