Արցախի Հանրապետությունում այս տարի 1000 շրջանավարտ հրաժեշտ տվեց հանրակրթական ավագ դպրոցին։ Հազարի շարքում էին Քաշաթաղի շրջանում միակ մնացած Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ 2 շրջանավարտները՝ Նինա Վալերիի Դավթյանը եւ Անդրեյ Լյովայի Հարությունյանը (դասղեկ՝ Անուշ Առաքելյան)։
Աղավնոյի դպրոցում մայիսի 30-ին կայացավ «Վերջին զանգի» արարողությունը, որին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, փոխնախարար Միքայել Համբարձումյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, տեղակալներ Մարինե Պետոյանը, Գեւորգ Մնացականյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, այլ պաշտոնյաներ, հյուրեր, ծնողներ, դպրոցի անձնակազմը՝ տնօրեն Պողոս Աղաբեկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։
Մինչ արցախյան վերջին պատերազմը Քաշաթաղի շրջանում գործում էր 54 հանրակրթական դպրոց, եւ յուրաքանչյուր տարի միջնակարգն ավարտում էին 100-ից ավելի շրջանավարտներ։ Պատերազմից հետո շրջանի ողջ տարածքը մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Միայն «Կյանքի ճանապարհին» (միջազգայնորեն՝ «Լաչինի մարդասիրական միջանցք»), որը հսկվում է ՌԴ խաղաղապահների կողմից, Բերձորում, Ներքին Սուսում եւ Աղավնոյում են հայ բնակիչներ մնացել։ Վերջին պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանից նահատակվեցին 70-ից ավելի քաջորդիներ։ Անհետ կորած են համարվում մոտ 10-ը։ Աղավնոյից պատերազմին մասնակցեցին շատերը՝ համայնքի ղեկավարի հետ։ 3 քաջորդի՝ Արմեն Արամի Իսախանյանը, Համլետ Ռաֆիկի Առաքելյանը եւ Սասուն Լավրենտի Առաքելյանը, մարտիրոսվեցին, եւ նրանց նվիրված անկյուն կա դպրոցի միջանցքում՝ մուտքի դիմաց։ Մինչ «Վերջին զանգի» հանդիսավոր մասի սկսվելը ներկաները ծաղիկներ խոնարհեցին 3 անմահ հերոսների հիշատակին։ Այնուհետեւ դպրոցի հանդիսությունների ոչ մեծ դահլիճում կայացավ տոնական հանդեսը, որին, բացի շրջանավարտներից, մասնակից եղան տարբեր դասարանների աշակերտներ, նախադպրոցականներ։ Արցախի Օրհներգից հետո եղավ լռության րոպե։ Շրջանավարտներին օրվա առթիվ շնորհավորեց ու բարի երթ մաղթեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը՝ շեշտելով, թր եթե Արցախը Հայաստանի դարպասն է, ապա Աղավնոն՝ Արցախի: Շնորհավորանքի խոսքեր ասացին նաեւ կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ, շրջվարչակազմի ղեկավարը, ծնողներ։ Շրջվարչակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Վ. Մովսիսյանը նշեց՝ այսօրվա 2 շրջանավարտները փոխարինում են նախկին 100 եւ ավելի 12-րդ դասարանցիներին, եւ սա հույս է՝ Քաշաթաղը հառնելու է կրկին։
Դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Առաքելյանն իր մանկավարժական գործունեության ընթացքում առաջին անգամ է ավարտական դասարանի դասղեկ եւ հուզված էր։ Բարին մաղթեց իր սաներին եւ համոզված է՝ նրանք գտնելու են իրենց տեղը կյանքում, մնալու են հայրենիքին արժանի զավակ, ինչպիսին կան։ Անդրեյը 6 երեխա ունեցող բազմազավակ ընտանիքում երրորդն է։ Այս դպրոց հաճախել է առաջին դասարանից։ 2020 թ. սկսված պատերազմի պատճառով 11-րդ դասարան հաճախել է Երեւանում, այնուհետեւ վերադարձել հայրենի գյուղ եւ շարունակել ուսումը հարազատ կրթօջախում, որին արդեն հրաժեշտ է տալիս։ Բայց վստահ է՝ շարունակելու է ապրել հայրենի Աղավնոյում։ 2 եղբայրը եւ քույրը դեռ կսովորեն իրենց դպրոցում։ Նինան մանկության տարիներին բնակվել է Քաշաթաղի շրջանի հարավային Ձորափ գյուղում, հաճախել Մարտունաշենի Մ. Պապիկյանի անվան միջնակարգ դպրոց։ Պատերազմի պատճառով հայաթափ եղան նաեւ Ձորափն ու Մարտունաշենը, եւ Նինայենց ընտանիքն էլ տեղահանվեց։ Այժմ բնակվում են Բերձորում։ Որոշել է ընդունվել Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի հոգեբանության բաժին։ Նրա 3 քույրերը դեռ շարունակելու են ուսումն Աղավնոյում։ Շրջանավարտները երախտիքի խոսք ուղղեցին ուսուցիչներին, ովքեր կրթություն ու գիտելիք են տվել իրենց, հայրենասիրություն սերմանել հոգիներում։ Գոհունակություն հայտնեցին համայնքի ղեկավարին, ով մեծ ջանքերի շնորհիվ պահեց գյուղը։ Հուզմունք ու թախիծ, հավատ ու ուրախություն, վստահություն կար շրջանավարտների եւ նրանց տոնին մասնակիցների մոտ։
1994-ից Աղավնոյի կրթօջախն այս տարի 28-րդ անգամ շրջանավարտներին նոր կյանք ճամփեց։ Դպրոցի 18 մանկավարժների շարքում նաեւ նախկին սաներն են։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը տեղեկացրեց, որ ունեն 48 ընտանիք, 185 բնակիչ։ Կարեւորեց աշխատանքը, որն էլ երկրի պահպանման գլխավոր գրավականն է։ Դպրոցի տնօրենը, մաղթելով բարին իր հերթական շրջանավարտներին, հավատում է՝ այս գեղեցիկ ավանդույթն Աղավնոյում լինելու է շարունակական։ Հավելեց նաեւ՝ դպրոցը որեւէ խնդիր չունի, բացի տարածքից։ Շնորհակալություն հայտնեց հովանավորներից, որ մշտապես օժանդակում են իրենց։ Այժմ Գ. Նժդեհի անվան միջնակարգում սովորում է 55 աշակերտ, որից 20-ը գալիս են Բերձորից՝ հատկացված ավտոբուսով։ Առաջին դասարանն ավարտեցին 7 աշակերտ, նրանցից 2-ը՝ Քնարիկն ու Ավետիսը, համայնքի ղեկավարի զավակներն են։