Հայաստանի պետական պարտքի, այդ թվում եւ՝ արտաքին պարտքի բեռը գնալով ծանրանում է։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասել է, որ Հայաստանի պետական պարտքը 2021 թ. տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ։ Դրամական արտահայտությամբ պետական պարտքը 2020 թ. նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7.3 տոկոսով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով:
Մեզ ավելի շատ հետաքրքրում է երկրի արտաքին պարտքը, որի մեծ մասն օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից վերցրած վարկերն են։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թ. վերջի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 643 մլն, որը 2020 թ. վերջի համեմատ ավելացել է 583 մլն դոլարով կամ 9.6 տոկոսով։ Այս արտաքին պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 185 մլն դոլար։ Կառավարությունը մեկ տարում պարտքն ավելացրել է 10.5 տոկոսով։ Արտաքին պարտքի մի մասն էլ ԿԲ-ինն է, որը տարվա ընթացքում 0.5 տոկոսով նվազում է արձանագրել։ Ամեն դեպքում կապ չունի՝ պարտքը կառավարությանն է, թե ԿԲ-ինը, դրանք մեր երկրի պարտքն են։
Իհարկե, կարելի է հակադարձման փորձ անել, թե հետհամավարակային փուլում ամբողջ աշխարհում է բավական սրվել երկրների պետական պարտքի կառավարման հիմնախնդիրը։ Որ ըստ «Moody’s» միջազգային վարկանիշային գործակալության՝ օրինակ, 2020 թ. համաշխարհային պարտքի մակարդակն աճել է շուրջ 32 տրիլիոն դոլարով։ Որ պետական պարտքի մակարդակի նման աննախադեպ աճի պայմաններում համաշխարհային ֆինանսական համակարգը լուրջ փորձության կենթարկվի, որ կարող է հանգեցնել պարտքային ճգնաժամի, ինչն էլ, իր հերթին, կբերի ֆինանսատնտեսական մի նոր մեծ ճգնաժամի։
Բայց հակադարձման այս փորձը փորձ էլ կմնա, որովհետեւ իրականությունը մի փոքր այլ է։ Նախ՝ ամբողջ աշխարհի մակարդակով պետական պարտքի բեռը կտրուկ մեծացրել են աշխարհի բազմաթիվ պետությունների կառավարությունների կողմից ազգային տնտեսություններում իրականացված աննախադեպ խոշորածավալ ֆինանսական ներարկումները։ Ինչը չենք կարող ասել մեր օրինակով։ Եվ հետո՝ պետք չէ մեր պարտքային բեռի ցուցանիշները համեմատել զարգացած երկրների պարտքային ցուցանիշների հետ՝ ելնելով ե՛ւ այդ երկրների տնտեսության կառուցվածքի, ե՛ւ հնարավորությունների, ե՛ւ այդ կառուցվածքում ներդրումների ուղղությունների գործոնից։ Ամենակարեւորը՝ այդ երկրների ֆինանսական քաղաքականության բամակողմանիության գործոնից ելնելով։ Բացի այդ, ինչպես մեր տնտեսագետներն են բացատրում, զարգացած երկրները պարտքային բեռին դիմանալու հնարավորություն ունեն, քանզի գումարը ներարկում են իրենց տնտեսություններին, որոնք էլ ավելացված արժեք են ստեղծում՝ դրանով իսկ պետությանը պարտքային սպասարկման հնարավորություն տալով։ Իսկ մեր երկրի պարագայում խնդիր կա։ Որովհետեւ ներգրավված միջոցների զգալի մասն ուղղակիորեն չի ներարկվում տնտեսության մեջ, այլ ծախսվում է այլ ուղղություններով, օրինակ՝ ընթացիկ ծախսերի համար։ Եթե ավելի պարզ, «ընթացիկ ծախսի համար» ասվածը ենթադրում է, որ մենք դրսից պարտքով գումար ենք վերցնում ներսի պարտքերը հոգալու համար։ Սա, իհարկե, մտահոգիչ է, բայց իրավիճակը շտկել կարող ենք։
Դրա համար անհրաժեշտ է հիմնային մի քանի քայլեր ձեռնարկել. 1. տնտեսությունը արմատապես վերակառուցել, 2. ներգրավված վարկերը արդյունավետ գործածել, այն է՝ ուղղել տնտեսության զարգացման համար քարշակ ուղղություններին, 3. պարտքի կառավարման մեխանիզմները կատարելագործել։ Իսկ քանի դեռ այս քայլերը չեն ձեռնարկվել, պարտքերի ներգրավմամբ ընդամենը ժամանակավոր հարցեր ենք լուծում, տարերային քայլեր անում, ընթացիկ ծախսային ուղղություններ սպասարկում։ Փոխարենն անհրաժեշտ են համակարգված ու հստակ քայլեր։ Տնտեսության մեջ ուղղակի ներարկումները հնարավորություն կընձեռեն, որպեսզի թե՛ տնտեսությունը զարգացնենք, թե՛ պարտքը վերադարձնենք տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին։
Ի վերջո, հարկ է պարզագույն ճշմարտություններ հասկանալ. նախ՝ մենք հեռուն գնալ չենք կարող «պարտքով պարտք» բանաձեւով ապրելով, մեզ պետք է զուգահեռ քայլ՝ ե՛ւ զարգանալ, ե՛ւ պարտքի վերադարձ անել։ Երկրորդ՝ ներուժ ունենալով չզարգանալը մեծագույն անհեթեթություն կլինի մեր կողմից՝ բացասական բոլոր սոցիալ-տնտեսական հետեւանքներով հանդերձ։ Եվ երրորդ՝ ոչ միայն սոցիալ-տնտեսական. եթե մեր տնտեսությունը չհզորանա, մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա։ Հետեւաբար, այլ ելք, քան գործելը, մեզ չի մնում։