Գարնան վերջին օրը Գուսան Հայկազունու «Հայեր, միացե՛ք» խորագիրը կրող համերգը կայացավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Գուսան Հայկազունը՝ Գագիկ Ստեփանի Սարգսյանը, մեր ժողովրդին հայտնի դարձավ, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ 1988 թ. փետրվարի վերջին՝ շարժման առաջին շաբաթվա ընթացքում Օպերայի հրապարակում, որը շուտով կոչվեց Ազատության հրապարակ, հնչեց «Հայեր, միացե՛ք» երգը։ Նույն թվականի մայիսի 17-ին՝ դստեր ծննդյան օրը, արդեն հեղինակի կատարմամբ հնչեց «Հայեր, միացե՛ք»-ը դարձյալ Ազատության հրապարակում.
Հայե՜ր, միացե՛ք, միացե՛ք, Հայեր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք,
Դեռ ճամբա ունինք, պի՛տ հասնինք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում։
Ուս ուսի տված, առյուծի նման,
Ետ բերենք հողն ու փառքը Հայության։
«Հայեր, միացե՛ք» երգն այսօր կրկին արդիական է։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ 2005-ին ստեղծված «Հայկազունք» երաժշտական համույթը, որը Գուսան Հայկազունու գլխավորությամբ տարիների ընթացքում հանդես է եկել հայրենիքում, արտասահմանյան մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Լիբանան, Սիրիա, Ռուսաստան եւ այլն։ Համույթը շատ է հանդես եկել նաեւ Արցախի զորամասերում, շրջաններում, նաեւ՝ Քաշաթաղում, երբ հատկապես տեղի էին ունենում ՀՀ երկրապահ կամավորականների միության ուխտագնացություններն Արցախ։
Առաջին անգամ Գուսան Հայկազունուն հանդիպել եմ Քաշաթաղի շրջանի արաքսամերձ Վարդանանց գյուղում՝ մոտ 25 տարի առաջ, երբ այնտեղ բացվեց Ռաֆայել Իշխանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Վարդանանցի գյուղապետ, ազատամարտիկ, երջանկահիշատակ Համբարձում Ասատրյանի հրավերով գյուղ էին եկել Արտաշատի ԵԿՄ ջոկատի անդամները: Ի դեպ, Գուսանը եղել է նույն ջոկատի անդամ, մասնակցել ռազմական գործողությունների։ Սակայն ջոկատի հրամանատարն ու մարտիկներն առավել կարեւորում էին Գուսանի ոգեւորող երգերը՝ «Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Պիտի գնանք վաղ թե ուշ» եւ այլն, որոնք մինչ օրս ոգեշնչում են մեր ժողովրդին։ Այդ օրվանից մտերմացա Գուսան Հայկազունու հետ, ով նաեւ Քաշաթաղի բարեկամը դարձավ, գրեց «Քաշաթաղ» երգը։ Գուսանի 60-ամյակին նվիրված երեկույթ կայացավ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի դպրոցում, որին ներկա էին նույն եւ հարեւան բնակավայրերի բնակիչները, շրջվարչակազմի ներկայացուցիչներ։
34 տարի առաջ գրված, Զորավար Անդրանիկին նվիրված եւ վերջին տարիների այլ երգեր հնչեցին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Գուսանի կինը՝ Արմինե Հայկազունին, ով նաեւ «Հայկազունքի» մեներգչուհիներից է, ներկայացրեց Հայկազունու կենսագրական որոշ տվյալներ: Ծնվել է 1951 թ., ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքում։ Արմատները Պարսկահայքի Խոյ քաղաքից են։ Վաղ հասակում կորցրել է հորը։ Արդեն դպրոցական տարիներին սկսել է գրել հայրենասիրական եւ սիրային երգեր։ 1967 թ. ավարտել է դպրոցը եւ ընդունվել Երեւանի շինարարական տեխնիկում։ Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է։ Երիտասարդ տարիներին ոգեշնչվում էր Հովհաննես Շիրազի բանաստեղծություններով։ Իրեն Հայկ Նահապետի ժառանգն համարող Հայկազունու ստեղծագործությունները պայքարի կոչ են, եւ այնտեղ «լացելու» մոտիվներ չկան։ Եվ պատահական չէ, որ նրա երգերը Հայոց բանակում ընդունվել են որպես քայլերգեր, եւ մեր զինվորները միշտ են հնչեցնում դրանք։ Գուսանի համար ամենամեծ պարգեւը հայ ժողովրդի սերն է իր հանդեպ, իր երգերի կատարումները հայրենիքում ու սփյուռքում։
Խոսելով ստեղծագործական անցյալ եւ ներկա ժամանակների մասին՝ Գուսան Հայկազունը նշեց՝ երգերը հնչել են ամենուր՝ բանակում ու հեռուստատեսությամբ, դպրոցներում, համերգասրահներում, խնջույքներում, եւ դրանցով սերունդներ են դաստիարակվել։ «Իմ շատ երգեր, թեկուզ ես եմ գրել, սակայն այլեւս իմը չեն, ազգինն են, ժողովրդինը, ձերն են։ Հեղինակը ես եմ, սսակայն հնչում են տարբեր կատարողների կողմից, տարբեր վայրերում՝ նույնիսկ հեղինակային իրավունքը չպահպանելով։ Ուրախ եմ դրանով…»,- ասաց Գուսանը եւ թույլտվություն խնդրեց կատարելու մի երգ՝ «Լավագույն տղերքը մենք ենք…»։ Տեղեկացրեց, որ դահլիճում ներկա են արցախյան 3 պատերազմների ժամանակ նահատակ հայորդիների հարազատներ՝ մայրեր, քույրեր, հայրեր ու եղբայրներ, մարտական ընկերներ, ազատամարտիկներ։ Իր խոնարհումը հայտնեց, փառք տվեց անմահ հերոսներին եւ կատարեց երգը՝ նախապես նշելով՝ այդ զոհերն իզուր ու աննպատակ չէին. նրանց շնորհիվ է, որ կանք, ու կա մեր երկիրը, իսկ երգը նվիրված է նաեւ նահատակներին։ «Աստված ոչ անի հանկարծ շփոթել թույլ ու վախկոտին լավագույնի հետ…»,- սա է երգի հիմքում։ Ավարտելով երգը՝ տեղեկացրեց, որ Կոմանդոսի մտերիմ ընկերներից Սպարտակ Մաթեւոսյանը, ով նաեւ իր լավագույն ավագ ընկերն է, ներկա է համերգին, եւ նրան հրավիրեց բեմ։ Մահապարտ ազատամարտիկը նույնպես բարձր գնահատեց Գուսան Հայկազունու դերը, որ նրա երգերը շատ են ոգեւորել իրենց մարտադաշտում, եւ առաջարկեց ծափերով հարգել Կոմանդոսի հիշատակը։ Շահումյանի հերոս հրամանատար Շահեն Մեղրյանին նվիրված երգի կատարումով հանդես եկան Գուսան Հայկազունու կինն ու փոքրիկ դուստրը։ Արցախն անառիկ ամրոց դարձրած ազգային հերոս Մոնթեին նվիրված եւ Գուսանի այլ երգերի կատարումներով հանդես եկավ նաեւ ռազմահայրենասիրական ու ազգագրական երգերի լավագույն կատարող Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ Ընթացքում եղան նաեւ պարային կատարումներ ինչպես համերգի մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսների կողմից։
Բացի ռազմահայրենասիրականից, Գուսանը գրել է նաեւ քնարական երգեր, որոնցից նույնպես հնչեցին «Հայկազունքի» եւ այլ կատարողների կողմից։ «Պիտի գնանք վաղ թե ուշ…» երգը խմբի երգիչների հետ կատարեց նաեւ Գուսանը.
Հայկազուն եմ՝ չեմ վախենում մարդկության նենգ դավերից,
Հալածանքից, բռնությունից, Աստծո տված ցավերից,
Թեկուզ անանց պարիսպներով մեզ բաժանեն մեր երկրից,
Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Հայոց Եռագույնով բեմ բարձրացան նաեւ Երեւանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի սաները, ովքեր կատարեցին «Գետաշեն» եւ «Հայեր, միացե՛ք» երգերը՝ մեծ ոգեւորություն առաջացնելվ դահլիճում։ Դահլիճի մուտքի մոտ, սեղանին Արցախյան 44-օրյա պատերազմում Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի տարածքում 26 տարեկան հասակում զոհված Համլետ Հովհաննիսյանի լուսանկարն էր՝ հանգանակության արկղիկը կողքին։ Երեւանի թիվ 40 դպրոցում դասարան պետք է անվանակոչվի ի հիշատակ Համլետի, եւ գումար է հարկավոր սենյակը նորոգելու նպատակով։ Համերգին ներկա էր նաեւ Համլետի մայրը՝ Գոհար Կիրակոսյանը: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին պատմեց որդու մասին։ Եղել է հատուկ նշանակության ջոկատում ջոկի հրամանատար, եթե աշխատանքի բերումով չգնար պատերազմ, կամավոր էր գնալու, ինչպես արել էր 2016-ին՝ Ապրիլյան քառօրյային: Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ