ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամը վերջին շրջանում արագորեն արժեւորվում է։ Պատճառները միայն տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական գործոններով են պայմանավորված։ Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանին։
-Պարո՛ն Սարգսյան, արդյոք դրամի արժեւորումը գերարժեւորում չէ՞։
-Նախ պետք է նշեմ, որ դրամի փոխարժեքն արժութային շուկայում ձեւավորվում է վերջինիս նկատմամբ պահանջարկի եւ առկա առաջարկի ծավալների հարաբերակցության արդյունքում: Կենտրոնական բանկը պարզապես հրապարակում է օրվա ընթացքում ձեւավորված շուկայի միջին փոխարժեքները: Կենտրոնական բանկը, բացառությամբ այն դեպքերի, երբ արտարժույթի կտրուկ տատանումները կարող են սպառնալ ֆինանսական կայունությանը, չի միջամտում փոխարժեքների ձեւավորմանն անմիջականորեն: Իսկ նման ծայրահեղ դեպքերում վերջինս արժութային ինտերվենցիաների միջոցով փորձում է կարգավորել իրավիճակը եւ վերադարձնել փոխարժեքները կառավարելի միջակայք: ԿԲ-ի գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է, մնացած խնդիրներն ածանցվում են դրանից: ԿԲ-ն դրամի փոխարժեքի նպատակային շեմ չի սահմանում: Փոխարժեքի լավ կամ վատ լինելը խիստ հարաբերական է: Եթե առկա տնտեսական հարաբերությունների պարագայում դրամի պահանջարկը մեծացել է այլ արժույթների նկատմամբ, ուրեմն նորմալ կարող ենք համարել դրամի արժեւորումը: Օրինակ՝ հարկային վճարումների ժամանակահատվածում, երբ խոշոր հարկ վճարողները, որոնք հիմնականում արտահանողներ են եւ եկամուտներն արտարժույթով են ստանում, պետք է որոշակի քանակով արտարժույթ վաճառեն, որպեսզի կարողանան վճարել իրենց հարկային պարտավորությունները։ Եվ, հետեւաբար, այդ շրջանում կարող է նաեւ փոխարժեքի տեսանելի տատանումներ լինել: Դա բնական է, այսինքն՝ որոշակի պահի դրությամբ արտարժույթի ներհոսք է լինում շուկա, եւ, բնականաբար, դրամի նկատմամբ պահանջարկը մեծանում է: Ինչ վերաբերում է այս պահին դրամի գերարժեւորմանը, ապա չեմ կարծում, որ այս փոխարժեքը գերարժեւորված է, քանի որ արտացոլում է առկա տնտեսական հարաբերությունները եւ ածանցվում է բազմաթիվ օբյեկտիվ գործոնների ազդեցությունից:
Տվյալ պարագայում ռուս-ուկրաինական պատերազմից ածանցվող մի շարք գործոններ անմիջական ազդեցություն են ունեցել արժութային շուկայի իրավիճակի ձեւավորման վրա, այդ թվում՝ դրամի արժեւորման: Մասնավորապես՝ պատերազմի մեկնարկից հետո Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներն իրենց մոտ եղած արտարժույթը պետք է փոխանակեին դրամի, որպեսզի կարողանային Հայաստանում գործարքներ իրականացնել կամ պարզապես ծախսել: Դրա արդյունքում դրամի պահանջարկը կտրուկ աճել է վերջին շրջանում, քանի որ խոսքը շուրջ 250-300 հազար զբոսաշրջիկների մասին է, ինչը մեր բնակչության շուրջ 10 տոկոսն է: Եվ այս հանգամանքը այլ հավասար պայմաններում պետք է նպաստեր դրամի զգալի արժեւորմանը: Իհարկե, սա գործոններից ընդամենը մեկն է: Մյուս գործոնը Ռուսաստանի արժութային շուկայում արեւմտյան երկրների պատժամիջոցների եւ, դրան ի պատասխան, Ռուսաստանի բանկի ձեռնարկած կարգավորող միջոցառումների հետեւանքով կուտակված հսկայածավալ արտարժութային պաշարներն են, որոնք արեւմտյան երկրներից ներմուծման բացակայության պայմաններում փաստացի այլ կիրառելիություն գրեթե չունեն: Միաժամանակ, ինչպես բազմիցս հայտարարվել է, թե ԵԱՏՄ շրջանակում եւ թե երրորդ երկրների հետ առեւտուրն իրականացվելու է ազգային արժույթներով, ինչը միանշանակ նպաստում է ռուբլու արժեւորմանը: Բացի այդ, ռուսական էներգակիրների, մասնավորապես՝ գազի մատակարարումների դիմաց Ռուսաստանի կողմից ԵՄ անդամ երկրներին ռուբլիով վճարելու պահանջը եւ դրան կարծես թե որոշ երկրների համաձայնությունը նույնպես ռուբլու արժեւորմանը նպաստող գործոն են: Բացի վերոգրյալից, թե ԱՄՆ եւ թե ԵՄ մոնետար (դրամավարկային կարգավորում իրականացնող) մարմինների մեղմ դրամավարկային քաղաքականությունները, չափազանց ցածր տոկոսադրույքները եւ Քովիդ-19-ի հաղթահարման նպատակով աննախադեպ իրացվելիության ներարկումները տնտեսության մեջ չէին կարող չանդրադառնալ այդ երկրների արժույթների փոխարժեքների վրա: Իսկ եթե դրան հավելենք նաեւ ռուս-ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո ձեւավորված բարձր գնաճային միջավայրը, ապա միանգամայն պարզ է դառնում, թե դա ինչպես է անդրադառնում նաեւ փոխարժեքների վրա:
-Դա առավելապես աշխարհաքաղաքական ի՞նչ գործոններով է պայմանավորված. էներգակիրների դիմաց ռուսական ռուբլու վճարումով, ռուս-ուկրաինական պատերազմով, զուտ դոլարի արժեզրկմամբ, թե՞ կան այլ պատճառներ, որ առաջին հայացքից չեն երեւում։ Գուցե դոլա՞րն է քաղաքական առումով թուլանում՝ հաշվի առնելով չինական գործոնը։
-Ինչպես նշեցի, մի շարք գործոններ են ազդում իրավիճակի վրա, այդ թվում նաեւ Ռուսաստանի տնտեսական մեկուսացումն Արեւմուտքից, պատժամիջոցները եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի համարժեք միջոցառումները, այդ թվում վճարումները ռուբլիով իրականացնելու պահանջը, այլ երկրների հետ ազգային արժույթներով առեւտրի իրականացումը, այդ թվում՝ Չինաստանի: Այս բոլոր թվարկված գործոնները միանշանակ վաղ թե ուշ ազդելու են դոլարի «մենիշխանության» վրա, եւ նման խոշոր պետությունների կողմից, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Բրազիլիան, դոլարային հաշվարկներից հրաժարումը մեծ հարված կհասցնի ամերիկյան արժույթի հեղինակությանը, եւ բնականաբար, նաեւ փոխարժեքին: Արդյունքում կձեւավորվի նոր աշխարհակարգ, եւ սա դեռ ընդամենը դրա սկիզբն է, ինչին «նպաստեց» ռուս-ուկրաինական ճգնաժամը:
-Այս դեպքում մեզ ի՞նչ է սպասվում թե արտահանման, թե ներմուծման մասով։
-Չեմ կարծում, որ այս իրավիճակը շատ երկար պահպանվի: Առաջին հայացքից թվում է, թե առկա իրավիճակն ավելի շահեկան է ներմուծման համար եւ վնասում է արտահանմանը: Սակայն սա մասամբ է այդպես, քանի որ աշխարհի բոլոր երկրներում բարձր գնաճային ֆոնը չեզոքացնում է արտարժույթի փոխարժեքի բարձրացման կորուստները: Ավելի պարզ ասած՝ եթե ապրանքը նախկինում, օրինակ, վաճառվում էր արտաքին շուկայում 100 դոլար, եւ դա համարժեք էր 48000 դրամին, ապա այժմ 9-10 տոկոսանոց սղաճի պայմաններում կվաճառվի 109-110 դոլարով, եւ դա կրկին կարժենա մոտ 48000 դրամ: Սակայն պետք է նշեմ, որ իրավիճակը կփոփոխվի արդեն իսկ հունիս-հուլիս ամիսներին, քանի որ թե ԱՄՆ ԴՊՀ եւ թե ԵՄ կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ ծրագրված են տոկոսադրույքների բարձրացումներ, պարզապես կոնկրետ ԵՄ դեպքում դեռեւս հստակ չեն բարձրացման չափն ու փուլերը: Առկա բարձր գնաճային միջավայրում սրանք, թերեւս, անխուսափելի քայլեր են: Իսկ դրանց արդյունքում թե ԱՄՆ դոլարի եւ թե եվրոյի փոխարժեքներն աստիճանաբար կբարձրանան: Ուստի կարծում եմ, որ ոչ շատ հեռու ժամանակահատվածում դրամի փոխարժեքը կմոտենա նախապատերազմյան ցուցանիշին, եթե, իհարկե, նոր քաղաքական ու տնտեսական շոկեր չառաջանան: