«Մեսրոպ Թաղիադյանը ինքնատիպ եւ հզոր անհատականություն էր, բազմակողմանիորեն օժտված, մեծ եռանդի տեր, ուժեղ, խիզախ մարդ, իսկական վիպական կենսագրություն ունեցող մի գրող. ոտքի տակ էր տվել աշխարհի կեսը, եղել էր ուսուցիչ, լրագրող, գիտնական, մանրավաճառ, քաղաքական գործիչ, բանաստեղծ, իսկական վերածնության, բարձրացող ուժի բնորոշ դեմք, անցել հալածանքի ու թշնամանքի փշոտ ճամփեքով: Նրա մասին հիացմունքով է խոսել Միքայել Նալբանդյանը, բարձր է գնահատել Շիրվանզադեն. «Թաղիադյանի անունը հայ ընթերցող հասարակությանը շատ քիչ է հայտնի, այնինչ՝ նա դարիս ամենատաղանդավոր բանաստեղծներից մեկն էր, նաեւ՝ ամենից սրամիտը…»: Ամենուր Թաղիադյանը հետապնդել է մի նպատակ՝ ստեղծել դպրոց ու թերթ, ժողովրդի համար վառել հոգեւոր լույս, բորբոքել ազգային-ազատագրական գաղափարներ…»:
Հրանտ ԹԱՄՐԱԶՅԱՆ
Ինչպես ժամանակին Վահան Տերյանն էր բարձրաձայնում՝ գրեթե բոլոր հայ բանաստեղծները տառապել եւ տառապում են ազգային ցավով: Խոսքը ճշմարիտ բանաստեղծների մասին է, անձնական երջանկությունը երջանիկ հայրենիքով պայմանավորողների մասին: Հայրենապաշտ ու ազնվարյուն այդ բանաստեղծներից է Մեսրոպ Թաղիադյանը՝ հայ գրականության մեջ ռոմանտիզմի սկզբնավորողներից մեկը՝ ի թիվս Խաչատուր Աբովյանի, Ղեւոնդ Ալիշանի:
Աշխարհի կեսը ոտնատակ տված բանաստեղծը ծնվել է այժմ մայրաքաղաքի մաս դարձած Ձորագյուղում: Սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, ապա՝ Պողոս Ղարադաղցու մոտ: Վանքի նվիրակների հետ շրջել է Հայաստանի գավառներում, հավաքել ժողովրդական երգեր, զրույցներ, գրի առել ազգագրական նյութեր: Բայց ինչպես շատ հայ գործիչների՝ Թաղիադյանին եւս հրապուրել էր Հնդկաստանը՝ իր հայ գաղթօջախներով: 1824 թ., երկար ու տառապալից ճանապարհ կտրելուց հետո, ի վերջո, հանգրվանում է հայաշատ Կալկաթայում, ուսանում տեղի անգլիական եպիսկոպոսական ճեմարանում՝ ստանալով արվեստների մագիստրոսի աստիճան: Ճեմարանի տպարանում լույս է ընծայում Էջմիածնի միաբան Պ. Բարդումյանի «Աստվածանմանություն» աշխատությունը՝ իր ծանոթագրություններով, լատիներենից՝ Հ. Գրովտիոսի «Ճշմարտություն քրիստոնեական հավատի» գիրքը, անգլերենից՝ Ռ. Հիբրի «Պաղեստին» պոեմը, իր «Դիցաբանություն» գրքույկը: Բանաստեղծի գրահրատարակչական գործունեությանն հաջորդում են աստանդական կյանքի տարիներ՝ ուսուցչություն Կալկաթայի հայոց մարդասիրական, Նոր Ջուղայի «Ամենափրկչյան» ճեմարաններում, Էջմիածնի վանական, Թավրիզի, Պոլսի հայկական դպրոցներում: Սակայն Կալկաթայում բանաստեղծը դեռ առաքելություն ուներ՝ 1846-ին վերադառնալով, այստեղ հիմնում է «Սբ Սանդուխտ» երկսեռ դպրոցը՝ հակադրվելով գոյություն ունեցող ուսուցման սխոլաստիկ համակարգին եւ կիրառելով եվրոպական առաջավոր մեթոդները: Սա առիթ էր դառնալու կղերականների հալածանքին: Ի դեպ, դեռեւս 1839 թ. բանաստեղծը ձերբակալվել եւ անգլիական նավով դուրս էր բերվել Պոլսից: Տրապիզոնում նրան հաջողվել էր փախչել, վերադառնալ Կալկաթա, աշխատել անգլիական եպիսկոպոսական ճեմարանում՝ որպես տպարանի հայկական բաժնի վարիչ: Եվ այդ տարիներին էլ հրատարակել «Մեսրովբեան այբբենարան», «Մեսրովբեան շարադրիչ» գիտամանկավարժական ձեռնարկները, «Պատմություն հին Հնդկաստանի» ուսումնասիրության առաջին մասը, «Պատմություն Պարսից», «Ճառ դաստիարակության օրիորդաց» աշխատությունները: 1847-ին լույս է տեսնում «Թութակ Թաղիդեանց» բանաստեղծությունների՝ հումանիզմով շնչող ժողովածուն: Նույն թվականին՝ «Սոս եւ Սոնդիպի» պոեմը, որում առաջ է քաշում դասային կապանքները ոչնչացնելու, մարդկային իրավունքների հավասարության եւ անձնական երջանկության իրավունքի գաղափարները: Երկպառակության, անմիաբանության հանդեպ հայ պատմագիտության քննական հայացքն իր արտահայտությունն է գտել «Վեպ Վարդգիսի» գրքում, իսկ «Վեպ Վարսենկան»-ը արծարծում է մարդու կատարելագործման, առաքինության խնդիրներ:
Մեսրոպ Թաղիադյանը, որ լուսավորության, լուսամտության, առաջադեմ գաղափարների ջատագով էր, ստեղծել եւ խմբագրել է «Ազգասեր Արարատյան» հանդեսը, նրա էջերում տպագրել ներքին ու արտաշխարհին վերաբերող լուրեր, տեղեկություններ Հայաստանի մասին, քաղաքական, գրական, գեղարվեստական, գիտական, մանկավարժական, տարաբնույթ նյութեր: Նրա հրապարակախոսական ելույթների առանցքում հայրենի երկրի զարգացման, հայության համախմբման, տնտեսական, քաղաքական, լուսավորական ձեռնարկումների խնդիրներն են, հորդորը հայ գաղթօջախներին՝ կապվել հայրենիքի հետ, օգնել երկրի տնտեսական կյանքի վերափոխմանը: Նա առաջինն է, որ հայրենաբաղձության մեջ դրել է հայրենադարձության գաղափարը: Դա հստակորեն երեւակվում է «Ճանապարհորդություն ի Հայս» գրքում, որտեղ շեշտում է, թե հայ գաղութները չեն կարող հայերի վերջնական հանգրվանները լինել: Նա անձնական երջանկությունը տեսնում է իր երկրի ու ժողովրդի բարօրության մեջ. «Մեր արմատը մեր հայրենիքն է: Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախեւառաջ ձգտի հայրենիքի երջանկությանը…»:
1852 թ. բանաստեղծն իր տպարանը, «Ազգասեր Արարատյան»-ի խմբագրությունը եւ հիմնադրած «Սբ Սանդուխտ» երկսեռ դպրոցը տեղափոխում է Կալկաթային մոտ գտնվող Չիչրա քաղաք: Ցավոք, տառապանքի գնով ստեղծված այս բոլորը շուտով դադարում են գործելուց: Չիչրայում հանգրվանելուց վեց տարի անց հայրենաբաղձ բանաստեղծը որոշում է վերադառնալ հայրենիք, բայց այն վերստին տեսնել բախտ չէր վիճակված. ճանապարհին, հիվանդության պատճառով կանգ է առնում Իրանի՝ բանաստեղծների քաղաք Շիրազում: Այստեղ էլ փակվում են աստանդական բանաստեղծի հայրենակարոտ աչքերը, որոնց լույսը ցոլացրել էր հանուն իր ազգի բարօրության ու լուսավորության, հանուն մարդու մարդ մնալու, մարդկայինի ու կատարելագործման…
Հ.Գ.- Ի դեպ, տողերիս հեղինակին բախտ է վիճակվել հայոց լեզու եւ գրականություն դասավանդել այսօր Արեւմտյան Բենգոլիայի մայրաքաղաք Կալկաթայի՝ 1820-ին հիմնադրված եւ առ օրս գործող Հայոց մարդասիրական ճեմարանում… Այնտեղ ես բանաստեղծի շնչառությունն զգում էի ամեն օր…