Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Այն, ինչ պիտի ասեմ, կոչված եմ ասելու՝ ես դա չեմ ասել»

Իսկ նա երջանիկ մարդ էր, որովհետեւ…

Հունիսի 14, 2022
Մշակույթ
«Այն, ինչ պիտի ասեմ, կոչված եմ ասելու՝ ես դա չեմ ասել»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
346
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Շատ բաներ կան, որ չեմ հասցնում անել: Ունեմ իմ կուրսը եւ փորձում եմ այդ կուրսին տանել իմ ուղղությամբ: Ինձնից հետո իմ դերասանական գիծը կարող է անհետանալ, դրա համար եմ փորձում իմ աշխարհն իրենց ներկայացնել, որովհետեւ ափսոսում եմ, որ դա էլ պետք է գնա ինձ հետ: Ես մի քիչ էլ աստղացույցին եմ հավատում, ըստ որի՝ ես հեռանալու եմ՝ բնականաբար, տեղափոխելով հոգիս մի այլ մարմնի մեջ…»:

Ռաֆայել ՔՈԹԱՆՋՅԱՆ

Եվ հեռացավ հայ դերասանական արվեստի ամենասիրված դեմքերից մեկը, մեկն այն վերջին մոհիկաններից, որոնց բացակայության դեպքում ամայանում եւ երբեւէ չի լցվում միայն իրենց վերապահված եւ իրենցով շնչավորված բեմական այն մթնոլորտն ու կենսատարածքը, որտեղ տասնամյակներ շարունակ ճառագել էր նրանց արվեստի լույսը: Հեռացավ Ռաֆայել Քոթանջյան սիրված ժողովրդական արտիստը, որի խաղացած յուրաքանչյուր դեր՝ գլխավոր, երկրորդական, թեկուզեւ էպիզոդիկ, խոսում էր նրա տաղանդի մասին ու տպավորվում՝ այլեւս երբեւէ  չմոռացվելու զորությամբ կնիքված…

Հայրը կարսեցի էր, մայրը՝ գյումրեցի, ինքը ծնվել էր Թբիլիսիում: Չորս տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Երեւան: Հաճախեց Մայակովսկու անվան ռուսական դպրոց: Հոր ցանկությունն էր, որ որդին սովորի եւ ճարտարապետ դառնա: Բայց ճակատագիրը նրան այլ ճանապարհ էր նախանշել, որը նախընտրելու համար ապագա դերասանը երախտապարտ էր լինելու ռուսաց լեզվի եւ ռուս գրականության իր ուսուցչուհուն, ով երազել էր դերասանուհի դառնալու մասին, բայց չէր հաջողել: Եվ իր չիրականացած երազանքն ուզում էր տեսնել իր գերազանցիկ աշակերտի կերպարում: Աշակերտ Ռաֆայելի համար դեպի բեմական լույսեր տանող արահետն սկսվում է հենց այս կրթօջախում: Ինչպես հետագայում վերհիշելու էր տաղանդավոր արտիստը՝ «Ես դպրոցական ներկայացումներում խաղացել եմ այնպիսի դերեր, որոնք շատերը կերազեին խաղալ բեմերում…»:

Որոշումը կայացված էր. դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է մայրաքաղաքի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ: Իսկ աշխատանքային գործունեության առաջին էջը բացվում է Զանգեզուրի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնում, որտեղ եւ՛ դերասան էր, եւ՛ ռեժիսոր: Նա իր «ձեռագիրն» էր թողնելու նաեւ «Արշալույս» երիտասարդական թատրոնում, որից հետո էլ կայանալու էր ուսումնառությունը Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացներում:

1970 թվական. դերասանի առջեւ իր դռներն է բացում մայրաքաղաքի ամենասիրված թատրոններից մեկը՝ պետական դրամատիկականը: Շուրջ քսաներեք տարվա վաստակ, ամենատարբեր դերեր այս թատրոնի բեմում, հանդիսատեսի ջերմ վերաբերմունք, ճանաչում, համբավ. «Սուտ է, երբ դերասանը իբր չի զգում լավ խաղաց, թե վատ: Միշտ էլ զգում է: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ ինչ էլ խաղացել եմ մինչեւ հիմա՝ չբավարարված չեմ եղել: Ո՛չ մի անգամ: Սա նշանակում է՝ կամ հանդիսատեսը իսկապես լավն է եղել, կամ ես էլ լավ եմ խաղացել: Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ իմ հանդիպումը թատերասերի հետ միշտ է կայացել…»:

Ռաֆայել Քոթանջյանը խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե. Շվարցի «Թագավորը մերկ է», Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն», հնչեղ այլ բեմականացումներ: «Ես չեմ խաղում, ես ապրում եմ կերպարի մեջ»,- ասում էր դերասանը: Իսկ նա իր լավագույն դերերը խաղացել է շուրջ 600 անգամ: Եվ դրանից չի հոգնել հանդիսատեսը, չի ձանձրացել, որովհետեւ բեմում բարձրակարգ արվեստագետ էր, ընդգծված ու ինքնատիպ անհատականություն:

Դերասանական արվեստում նրա սկզբունքը Բրեխտյան թատրոնն էր, «որն ուներ օտարացման սկզբունք,- ասում էր ու մեկնաբանում.- այսինքն՝ դու կերպարը այնպես պիտի մարմնավորես, որ յուրաքանչյուրը հավատա խաղացածդ կերպարին՝ բայցեւայնպես նաեւ ձգտելով հնարավորինս դրսեւորել սեփական վերաբերմունքդ այդ կերպարի հանդեպ: Եթե դա բացասական, զզվելի կերպար է, պարտադիր չէ, որ մարդիկ ասեն՝ ինքն էլ է զզվելի: Ընդհակառակը՝ պիտի մտածես, որ այդ կերպարը, որը խաղում ես, դու ինքդ էլ դրա նկատմամբ ունես բացասական վերաբերմունք: Այսինքն՝ օտարացման վերաբերմունք…»:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Բրեխտյան թատրոնի հավատավոր դերասանը առավել մեծ ճանաչման է արժանացել շնորհիվ կինոդերերի: Նկարահանվել է բազմաթիվ հայկական եւ արտասահմանյան ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Երեքի սրտերում», «Ուրախ ուղեւորություն», «Ծովահենների կայսրությունը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Ռոքսոլանա», «Կախարդի յոթերորդ մատանին», «Սերը չար է», «Պոպրիշչին», «Մի նայիր հայելուն», «Մեր բակը 3»: Բոլորը չթվարկենք, դրանց թիվը հարյուրի է հասնում: Չմոռանանք, սակայն, նրա մասնակցությամբ այնքան սպասված հեռուստատեսային մանրապատումները Կիմ Երիցյանի, Արմեն Խոստիկյանի խաղընկերությամբ: Չմոռանանք նաեւ հիշողությունից չջնջվող «Սատանայի ջրաղացը» սքանչելի հեռուստաներկայացումը, նրա զվարթ երգը, նրա ժեստերն ու միմիկան:

Ֆիլմերի նկարահանումների ժամանակ, երբ եղել է օտար քաղաքներում՝ Յալթա, Օդեսա, Մոսկվա, այլուր, օդ ու ջրի նման կարոտել է իր համար աշխարհի կենտրոն Երեւանը, ինչպես ինքն էր ասում՝ «որպեսզի Անթեյի նման ուժ առնի իր սիրելի քաղաքից…»: Կարոտում էր «Կազիրյոկն» ու «Պապլավոկը»՝ իր ամենասիրած սրճարանները, որտեղ գործընկերների հետ տաք ու մտերմիկ բանավեճեր էին ունենում, ասում, խոսում, անում բացահայտումներ ու երբեմն էլ առաջնորդվում դրանցով:

Անուրանալի, անկորնչելի է համաժողովրդական սիրո արժանացած դերասանի վաստակը հայ դերասանական մշակույթում: Այդուհանդերձ, նա համոզված էր, որ իր անելիքները դեռ չեն սպառվել. «Այն, ինչ ես պիտի ասեմ, կոչված եմ ասելու՝ ես դա չեմ ասել: Որովհետեւ հենց զգամ, որ արդեն ասել եմ՝ ինձ համար կյանքն այլեւս հետաքրքիր չի լինի: Այժմ հետաքրքիր է, որովհետեւ սպասում ունեմ: Թե ինչ կասեմ, ինչպես կասեմ եւ դա ինչ կլինի՝ ես դեռ չգիտեմ: Եվ լավ է, որ չգիտեմ, որովհետեւ կյանքը հենց դա է՝ ապագայի իր անհայտության մեջ…»:

Ռաֆայել Քոթանջյանը աշնան առաջին ամսին բոլորելու էր ութ տասնամյակը: Եվ իր հոբելյանի շեմին տալիս-առնում էր ինքն իր հետ. «Ճակատագրից միայն մի բան եմ խնդրել՝ ամեն ինչ կարող է պատահել, բայց ուզում եմ հասցնել անել էն, ինչ որ չեմ արել: Ուզում եմ կրկին տեսնել այն իրողությունը, երբ ամենքս հպարտանում էինք ամեն մի հայով: Ուզում եմ ապրենք այնպես, որ արժանի լինենք մեր նախնիներին: Սկսել ենք ապրել հացիվ, սպառողական կյանքով…»: Եվ՝ լռություն… Նա գնաց միանալու մեր երախտավորների այն փաղանգին, որոնց հանդեպ ժողովրդական սերն ու գուրգուրանքը երբեւէ չեն նվազում անգամ իրենց հեռանալուց հետո: Այդպես եղել է, այդպես կլինի այսօր, վաղը, գալիք ժամանակներում…

Թեգեր: դերասանմշակույթՌաֆայել ՔՈԹԱՆՋՅԱՆՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist