ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Իրանն առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Իսկ հայ-իրանական փոխհարաբերությունները գնահատվում են բարեկամական, կողմերի միջեւ ստորագրվել են համագործակցության, փոխհարաբերությունները տարբեր ոլորտներում ընդլայնելու վերաբերյալ բազում համաձայնագրեր ու փոխըմբռնման հուշագրեր, սակայն դրանց մի զգալի հատված այդպես էլ մնացել է թղթի վրա։
Սակայն դա բնավ էլ չի խանգարել, որ ավելի քան 30 տարի հայ եւ իրանցի տարբեր մակարդակի պաշտոնյաներ յուրաքանչուր հանդիպման ու պատեհ առիթով չզլանան երկու երկրների փոխհարաբերությունները, որոնք տարբեր կրոններ են դավանում, օրինակելի համարել աշխարհի համար։ Մինչդեռ Թեհրանը, խուսափելով ֆեյք Ադրբեջանի հնարավոր դժգոհությունից, Արցախի ազատագրած տարածքները գրավյալ է գնահատել, թույլ է տվել Իրանում հակահայ քարոզչությանը տարբեր առիթներով, օրինակ, Խոջալուի դեպքերը ցեղասպանություն ներկայացնել՝ խեղաթյուրելով փաստերը։ Անշուշտ, Երեւանը եւս առանձնապես լուրջ ջանքեր չի գործադրել «օրինակելի փոխհարաբերությունները» գործնական դաշտ բերելու ուղղությամբ։ Իրականում, այդօրինակ փոխհարաբերությունների առումով, ավելի շուտ Իսրայել-ֆեյք Ադրբեջան փոխհարաբերություններն են, որոնք այսօր սերտ ռազմավարական են, ավելի սերտ, քան ռազմավարական ու ռազմական պայմանագիր կնքած թուրք-իսրայելականը։ Փոխհարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր շահերի վրա եւ, իրոք, կարող են օրինակելի համարվել որպես տարբեր կրոններ դավանող ու միանգամայն տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչների միջեւ փոխառնչություններում։ Այն դեպքում, երբ հայ-իրանականն այդպես էլ չհիմնվեց երկու երկրների ազգային անվտանգության շահերի վրա, մինչդեռ Իրանն իր 15 հարեւաններից միայն Հայաստանի հետ ընդհանուր նման շահեր ունի, ինչպեսեւ Հայաստանը, որի երկու հարեւանները թշնամաբար են տրամադրված, իսկ երրորդը, մեղմ ասած, չեզոք, ինչը վկայում է 44-օրյա պատերազմի ընթացքում այդ երկրի դիրքորոշումը։ Հայաստանը հայտարարում էր, թե Արցախի Հանրապետությունն ու ազատագրված տարածքները մեր երկրի անվտանգության երաշխիքն են, իսկ Իրանը դրանք համարում էր ադրբեջանական։ Ավելին՝ Բաքվում Իրանի դեսպան Մոսավին, պատերազմի ընթացքում Գանձակ այցելելով, լացակումած մեղադրում էր հայերին։ Իսկ Թեհրանը լռում էր Արցախի դեմ ֆոսֆորային ռումբեր նետելու հարցում, ցավոք, լռում էին նաեւ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Մինչդեռ Իսրայելը ժամանակակից զենքեր, այդ թվում՝ ԱԹՍ-ներ էր մատակարարում բարեկամ երկրին, բացի այդ, իր հզորագույն լոբբիստական լծակներն աշխարհի տարբեր երկրներում գործի էր դրել՝ ի պաշտպան ֆեյք Ադրբեջանի։ Թել Ավիվը, փոխշահավետ բարեկամության օրինակ ծառայելով, լուրջ ներդրում ունեցավ պատերազմում՝ ի նպաստ Բաքվի, որը, ի նշան երախտիքի, «հաղթանակի» տոնին ծածանեց նաեւ Իսրայելի դրոշը։ Իրանն էլ տարբեր մակարդակներով, թերեւս, 1000 անգամ շնորհավորեց «հաղթանակը»։ Իսկ այդ տոնին ստացավ պատասխան՝ Թուրքիայի նախագահի շուրթերից Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ հնչեցին համաթյուրքական նկրտումներ Ադրբեջան երկրամասի առնչությամբ։
Բարեկամին ու ընդհանուր շահերին ծառայելուն հավատարիմ իսրայելցի վերլուծաբանները, եւ ոչ միայն նրանք, այժմ պաշտպանում ու կարեւորում են «Հարավային Ադրբեջանը» «Հյուսիսայինին» միացնելու հարցը։ Ահավասիկ՝ իսրայելցի վերլուծաբան, «Կանայք եւ Ջիհադը» գրքի հեղինակ, «Տնտեսական խաղաղություն» հետազոտական կենտրոնի խմբագիր Ռաշել Աբրահամը իսրայելյական հեղինակավոր «Իսրայել Հայոմ» օրաթերթում վերլուծական է տպագրել վերոհիշյալ բովանդակությամբ, որը թարգմանաբար հրապարակվել է նաեւ ֆեյք Ադրբեջանի ԶԼՄ-ներում, այդ թվում՝ https://azenglishnews.com կայքում։ Աբրահամը, պաշտպանելով ֆեյք Ադրբեջանի շահերը, որոնք տվյալ դեպքում համընկնում են նաեւ Իսրայելի շահերին՝ փորձելով «սեւացնել» հայերին ու իրանցիներին, գրում է. «Այժմ, երբ Իրանում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնք ուղղված են վարչակարգի փոփոխությանը, պատեհ առիթ է ստեղծվել ներկա դրությամբ Իրանի մաս կազմող «Հարավային Ադրբեջանը» կրկին «Հյուսիսային Ադրբեջանին» միանալու համար, ուստի խիստ կարեւոր է, որ մենք՝ իսրայելցիներս, ջանք չխնայենք այդ ուղղությամբ, ինչը կհանգեցնի Միջին Արեւելքում կայունության ու խաղաղության հաստատմանը»։ Աբրահամը, որ հազիվ թե տեղյակ չլինի ֆեյք Ադրբեջանի մեկդարյա պատմությանը, բառացիորեն հենվելով շինծու երկրի դպրոցական հորինված պատմության դասագրքի վրա՝ շեշտում է, թե պատմության ընթացքում՝ Սասանյան կայսրության ժամանակվանից՝ 3-րդ դարից մինչեւ 19-րդ դարի ռուս-իրանական 1804-13 թթ. եւ 1826-28 թթ. պատերազմները, երբ ռուս ու իրանցի «գաղութարարները» որոշեցին կիսել «Ադրբեջանը», այն եղել է միասնական, մեկ ազգով։ Ապա, հղում անելով 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ դրույթին, նշում է, թե 40-50 հազար հայեր Իրանից տեղափոխեցին «Ադրբեջանի» Ղարաբաղի շրջան (գոյություն չունեցող երկրի), այնուհետեւ 90 հազար էլ՝ կրկին Իրանից, Թուրքիայից եւ այլ վայրերից։ Սա այն դեպքում, երբ պայմանագրի հիշյալ դրույթում բացարձակապես հայ բառը գոյություն չունի, մեկ անգամ էլ կիրառվել է Ադրբեջան բառը, ինչը վերաբերում է այդ անվամբ Իրանի երկրամասին, որտեղ իշխում էր թագաժառանգ Աբասմիրզան, որը տվյալ պատերազմների գլխավոր հրամանատարն էր։ Հենց նա է ստորագրել այդ պայմանագիրը, երբ արդեն ռուսները գրավել էին Թավրիզը՝ թագաժառանգի նստավայրը, ինչով էլ պայմանավորված է երկրամասի անվան հիշատակումը։ Աբրահամն անդրադառնում է նաեւ իր «աչքով տեսածին», թե Շուշիում ինչպես են հայերն ադրբեջանական մզկիթն իրանական դարձրել, թե ինչպես են շենքերը փլատակի վերածել ու շինանյութը վաճառել իրանցիներին։ Նա, հղում կատարելով ֆեյքադրբեջանցի ակտիվիստ Թառլան Ահմեդովին, նշում է, թե Իրանը «գրավյալ տարածքներում» աջակցում էր հայերին, պատերազմի ընթացքում էլ ռուսական զենքն այդ երկրի տարածքով էր տեղափոխվում Հայաստան եւ այլն։
Եթե Թեհրանը լավագույն դեպքում պարզապես լռել է բարեկամ Հայաստանի հասցեին հնչեցված հերյուրանքների տեղատարափի ժամանակ, ապա «եղբայրական», «Մեկ հոգի երկու մարմնում» երկրին, հակառակ իր ռազմավարական, ազգային անվտանգության շահերի, ոչ միայն հսկայական նյութական աջակցություն է ցուցաբերել, այլեւ մշտապես աջակցել է միջազգային տարբեր ատյաններում։ Թեհրանը կարեւորել է նաեւ իսլամի շիականության գործոնը, որը ոչ միայն թույլ է Բաքվում, այլեւ իշխանությունները ջանք չեն խնայում, որպեսզի այն ազդեցիկ գործոն չդառնա։ Այլ կերպ ասած՝ հենց Բաքու-Թել Ավիվ ռազմավարական փոխհարաբերությունները պետք է օրինակ ծառայեն հայ-իրանական փոխհարաբերությունների համար։ Քանի որ բոլոր ոլորտներում փոխառնչությունների, համագործակցության ընդլայնումն ու զարգացումն այսօր հրամայական են, համատեղ ուժերով պետք է դիմագրավել Թուրքիա-ֆեյք Ադրբեջան տանդեմին ու նրանց դաշնակիցների սպառնալիքներին, ինչը, թերեւս, գոյաբանական անհրաժեշտություն է։
http://azariha.org/ կայքը եւս խմբագրականով հակադարձել է Աբրահամի հոդվածին՝ նշելով, որ հեղինակը, խեղաթյուրելով պատմական փաստերը, հերյուրանքներ է տարածել Իրանի ու իրանցիների եւ հայերի ու Հայաստանի մասին, ցեխ շպրտել նրանց վրա։ Մինչդեռ հեղինակը կարող էր վկայակոչել փաստեր, այդ թվում՝ եթե հայերը եկվոր են Արցախում եւ 19-րդ դարում են տեղափոխվել այնտեղ, ապա ապագա ֆեյք Ադրբեջանի բնակիչներն ինչո՞ւ մայրենի լեզվով որեւէ հուշարձան չեն թողել։ Այնինչ դեռեւս միջնադարում ու դրանից առաջ, հայ մշակույթի գործիչներն իրենց հայրենիքում ապրել ու ստեղծագործել են, ինչն Արցախի հայկական բնօրրան լինելու մասին է խոսում։