Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախօրեի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի հայտնի տնտեսական ֆորումի շրջանակներում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։ Նրա խոսքով՝ ցանկացած այց հնարավորություն է ընձեռում հանդիպել եւ քննարկում ունենալ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը: Վահագն Խաչատուրյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին։
Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ հայկական կողմը բոլոր բանակցությունների ժամանակ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կա՝ ի հակառակ ադրբեջանական կողմի պնդումների, թե այն այլեւս գոյություն չունի: Նա հավելել է, որ կարգավորման շուրջ քննարկումները պետք է շարունակվեն Մինսկի խմբի համանախագահության հարթակում: Նախագահի խոսքով՝ շատ կարեւոր է, որ Մինսկի խմբի համանախագահությունը նույնպես կարծում է, որ ԼՂ խնդիրը լուծված չէ:
Նրա խոսքով՝ սա կարող է նաեւ յուրահատուկ հարթակ լինել, որպեսզի ինչ-որ մի պահի Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նստեն նույն սեղանի շուրջ:
«Անունը կլինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, բայց այդ անվան տակ լրիվ այլ հարցեր կարող են քննարկվել: Սա շատ կարեւոր եմ համարում»,-ասել է ՀՀ նախագահը՝ նկատելով, որ ցանկացած հարցում, որտեղ չկա երկխոսություն, ավարտը կոնֆլիկտն է կամ պատերազմը:
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ժամանակ որեւէ միջանցքի հարց չի քննարկվում:
Սեփ. լրատվություն