ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ երեկ Երեւանում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը: Այն անցկացվեց նեղ կազմով, ապա նաեւ լիագումար ձեւաչափով։
Նշենք, որ նիստին մասնակցել են նաեւ Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի օգնական Գիզատ Նուրդաուլետովը, Ղրղզստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդան, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Բացելով նիստը՝ Արմեն Գրիգորյանը շնորհավորեց ներկաներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ` հայտարարելով, որ այդ հոբելյանը կարեւոր հանգրվան է ռազմաքաղաքական կառույցի հետագա զարգացման գործում։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների մարտահրավերների եւ սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ կազմակերպության ռազմական բաղադրիչի ամրապնդման հարցը։ Նիստի աշխատանքի արդյունքներով ԱԽ քարտուղարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք անցել են համապատասխան ընթացակարգերը: Մասնավորապես՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանձնաժողովը հաստատել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ «Վարձկան» անվամբ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալու մասին: 2023 թ. համար ստորագրվել է հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների ձեւավորման ու կառավարման մարմինների պատրաստման պլանը:
Նիստից հետո ՀՀ ԱԽ եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության միջազգային մարտահրավերներին ու սպառնալիքներին, այդ թվում նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին: «Այսօրվա նիստը խորհրդանշական է նրանով, որ մի կողմից՝ ընթացիկ տարին հոբելյանական է կազմակերպության համար. մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը, մյուս կողմից՝ նիստը անցկացվում է ինչպես աշխարհում ընդհանուր առմամբ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում աճող մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում: Բնականաբար, տվյալ գործոնը պահանջում է ժամանակին եւ արդյունավետ որոշումների ընդունում՝ ուղղված այդ մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանը, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովմանը»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ նիստն անցել է կառուցողական եւ հետաքրքիր մթնոլորտում: Գրիգորյանի խոսքով՝ նիստի ժամանակ քննարկվել են նաեւ ահաբեկչությանը հակազդելու հարցերը, ինչը կօգնի ապահովելու կառույցի անդամ երկրների անվտանգությունը։
Ստանիսլավ Զասի գնահատմամբ՝ անվտանգության համաշխարհային համակարգը ճգնաժամ է ապրում, եւ դադարում են գործել տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող պայմանավորվածությունները։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտեց` աշխարհում առանցքային խաղացողների միջեւ վստահության մակարդակը հասել է ծայրաստիճան ցածր մակարդակի. «Մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլեւ աճող գլոբալ անորոշության պատճառով սրման միտում ունեն»։ Այս առումով ՀԱՊԿ անդամների սկզբունքային դիրքորոշումը նույնն է մնացել. կազմակերպությունը հավատարիմ է իր սկզբունքներին, այն է՝ բոլոր հակասությունները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական ձեւաչափով։ Դրա հետ մեկտեղ ՀԱՊԿ-ը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները անդամ երկրների անվտանգության բարձրացման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ուժային բաղադրիչին։ Վերջին հանգամանքը Զասը համարեց անվտանգության ապահովման գլխավոր գործիքներից մեկը՝ հավելելով, որ կարեւոր բաղադրիչներից է սերտ համագործակցությունը հատուկ ծառայությունների եւ օպերատիվ կառույցների մակարդակով։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը նախօրեին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Ռիա նովոստին», ՌԴ ԱԽ գրասենյակի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը նշել է, որ կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցությունը ԱԽ գրասենյակների գծով, ինչպես նաեւ ուժային ու իրավապահ կառույցների համագործակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության շահերից ելնելով։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ Ռուսաստանի կողմից Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի հուսալի աշխատանքի ապահովմանը։