Խտաբնակ է հայ քանդակագործության անդաստանը: Այնտեղ սեփական վրանը խփելու համար պիտի ապավինես ի վերուստ տրվածին, պեղես ներաշխարհիդ գույները, հնչեցնես տաղանդիդ զանգերն այնպես, որ դրանց ղողանջը հասնի ոչ միայն ապրող, այլեւ գալիք սերունդներին: Այս առումով անկորնչելի է ժողովրդական նկարիչ, անվանի քանդակագործ Յուրի Պետրոսյանի վաստակը եւ անխոտորելի՝ նրա հոյակերտ արարումների կտրելիք ուղին:
Ծնվել է Երեւանում, մեծացել մոր հոգածությամբ, չի տեսել հորը, ով զոհվել էր երկրորդ աշխարհամարտում: Մանուկ հասակից է նկարել-արտանկարել տարբեր պատկերներ, 4-5-րդ դասարանից սկսել է փոքրիկ քանդակներ անել: Հորեղբայրը, որ մտերիմ էր արվեստի աշխարհի մարդկանց հետ, հատկապես՝ Արա Սարգսյանի, կինոաշխարհի մարդկանց, խորհուրդ է տալիս հաճախել պիոներ պալատի քանդակի խմբակ: Այնուհետեւ ուսումնառություն գեղարվեստի ուսումնարանում: Նպատակն հստակ էր՝ ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժին: Այստեղ նրա կուրսընկերներից մի քանիսը հետագայում կայանալու էին որպես անվանի արվեստագետներ՝ Հրանտ Հովսեփյան, Երվանդ Գոջաբաշյան, Արա Շիրազ, այլ անուններ: Մտերմությունը վերջինիս հետ բաղձալի առիթ էր ծանոթանալու նաեւ նրա հորը՝ հանճարեղ Շիրազին, բանաստեղծի հարկի տակ հաճախակի հանդիպել ժամանակի մեծ հայերից մեկին, լսել նրա հայրենաշունչ ընթերցումներն ու ասմունքը, սնուցվել հայրենասիրության ու ազգային ոգով: Քսանչորս տարեկանից պարբերաբար մասնակցում է հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների, քսանյոթում՝ անդամակցում նկարիչների միությանը: Իսկ ստեղծագործություններն արդեն գրավել էին արվեստաբանների, արվեստասերների ուշադրությունը: Դրանք դրամատիզմով շնչող գործեր էին՝ դիմաքանդակներ՝ «Պոետն ու մուսան», «Արքան», «Իշխանուհին», մանրաքանդակներ, թեմատիկ հորինվածքներ, խեցեգործական մանրաձեւեր, գրաֆիկական թերթեր: Եվ ձեւավորվում է արվեստագետի ստեղծագործական ներկապնակը՝ բնորոշվող ձեւերի մոնումենտալ ընդհանրացումներով, խորհրդանշական ընդգծված ընդհանրացումներով:
1977 թվական. կրաքարային տուֆից կերտած «Կենաց ծառ» մոնումենտալ քանդակը Պրահայում անցկացվող միջազգային սիմպոզիումում արժանանում է մրցանակի եւ տեղադրվում Չեխոսլովակիայի մայրաքաղաքում: Երկու տարի անց Յուրի Պետրոսյանը մասնակցում է Արամ Խաչատրյանի հուշարձանի մրցույթին ու նվաճում առաջին մրցանակ: Անցնելու էր երկու տասնամյակ. 1999 թ. դարի կոմպոզիտորի գրանիտաբրոնզաձույլ արձանը հառնում է իր անունը կրող մեծ համերգասրահին հարող հրապարակում: Այսօր անհնարին է մեր հուշարձանաշատ քաղաքը պատկերացնել ոչ միայն այս, այլեւ առանց Օղակաձեւ զբոսայգում խռովահույզ ալիքներին «հենված» աշխարհահռչակ ծովանկարչի՝ Հովհաննես Այվազովսկու փառավոր արձանի: Արարումներ, որոնք բազմահազար «անտեղյակ» զբոսաշրջիկների տեղեկացնում են հայոց հանճարեղ գենի մասին, հիացնում ու զարմացնում քանդակագործի փայլուն արվեստով:
«Յուրի Պետրոսյանի՝ տարբեր ժամանակներում ստեղծած մոնումենտալ քանդակները, խստագույնս պահպանելով իր ոճաձեւային հատկանիշները, երբեք չեն տրվել կոնյուկտուրային,- գրել է ճանաչված արվեստաբան Պողոս Հայթայանը,- այլ ամեն գործի մեջ նա աշխատել է ապավինել ներքին ձայնին, հուզաարտահայտչական մղումներին, հարազատ մնացել իր գեղագիտական դավանանքին»:
Գեղագիտական այդ դավանանքի ծնունդ են «Ռեքվիեմը»՝ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակին, «Զարթոնքը»՝ խաչաձեւ կոմպոզիցիա՝ խորը արտահայտչականությամբ, «Մխիթար Հերացու» դիմաքանդակը՝ կենդանի ու խոսուն դիմագծերով, «Պար աղավնիով»-ը՝ տերեւաձեւ կոմպոզիցիայով, որի կենտրոնում հոլանի բազուկներով կին է՝ «պարային նազանքով ու աղավնաթեւ սլացքով»:
«Արվեստի ճանապարհը մի անվերջանալի կամուրջ է,- մտորում է տաղանդավոր քանդակագործը,- երբ որ կանգնեցիր, դադարում ես առաջ գնալուց, որովհետեւ միտքը միշտ ընթացքի ու նոր որոնումների մեջ է նոր նյութի, նոր թեմաների…»:
Քանդակագործի մոնումենտալ բազմաթիվ աշխատանքներ են այսօր զարդարում մեր քաղաքներն ու գյուղական բնակավայրերը: Ուշագրավ են ու տպավորիչ ճարտարապետական շինությունների հետ քանդակային համադրումների պետրոսյանական լուծումները՝ «Մոսկվա» կինոթատրոնի ճակատ, Գյումրիի դրամատիկական թատրոնի շքամուտք, Սեւանի ու Եղեգնաձորի մշակույթի տների ճակատամասերի հարթաքանդակներ, ձեռագիր, որ նոր տեսք ու հմայք են հաղորդում կառույցներին:
Յուրի Պետրոսյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Մոսկվայում, Ռիգայում, Փարիզում: Նրա աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, Հոլանդիայում: Շատ գործեր պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Արեւելքի ժողովուրդների արվեստի, Ռիգայի արտասահմանյան երկրների արվեստի թանգարաններում:
Այդպես է՝ արվեստի մեծարժեք գործերը թանկ են ու հոգեհարազատ՝ անկախ ազգից ու ազգությունից: Համամարդկային են դրանք, սահմաններ կտրող, մնայուն, անժամանցելի:
Յուրի Պետրոսյանն ազգային հպարտություն ներշնչող արվեստագետ է՝ իր մնայուն հունձքն արած ու վաստակաբեռն…