Հունիսի 16-17-ին Բիշքեկում՝ Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայում, տեղի ունեցավ ԱՊՀ երկրների գիտնականների 4-րդ համաժողովը: Այն կազմակերպել էր Ղրղզստանի գիտությունների ակադեմիան՝ ԱՊՀ երկրների հումանիտար գործակցության միջպետական ֆոնդի աջակցությամբ: Համաժողովի գլխավոր նպատակն էր առավել նպաստել ԱՊՀ երկրների գիտատեխնիկական համագործակցությանը, հիմնարար գիտությունների վիճակի եւ զարգացման հեռանկարների վերլուծությանը, ինչպես նաեւ գիտական նախկին կապերի վերականգնմանն ու զարգացմանը:
Համաժողովը բացեց Ղրղզստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Է. Ժ. Բայսալովը: Ելույթ ունեցան Ղրղզստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Մ. Ս. Գումբատաեւը, ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի հումանիտար գործակցության, ընդհանուր քաղաքական հարցերի եւ սոցիալական հիմնախնդիրների բաժանմունքի գործադիր քարտուղար Գ. Ս. Կլիմենկոն, ով ընթերցեց նաեւ ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի ողջույնի խոսքը, որում հույս էր հայտնվում, որ համաժողովը կնպաստի ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների արդյունավետ գործակցության համար անհրաժեշտ ծրագրերի մշակմանը եւ կխթանի կատարելագործելու ինովացիոն միջոցներին անցնելու մեխանիզմները՝ ԱՊՀ երկրների ազգային տնտեսությունների մրցունակությունն առավել բարձրացնելու նպատակով: Ելույթներ ունեցան նաեւ համաժողովին մասնակցող ԱՊՀ երկրների ներկայացուցիչները:
ՀՀ ԳԱԱ ԱՊՀ երկրների փորձագետ Գ. Վարդանյանը ներկայացրեց ակադեմիայի միջազգային գործակցությունը եւ ընթացող բարեփոխումները, որոնց նպատակն է համակարգի կազմակերպությունների կողմից իրականացվող գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացումը, գիտություն-կրթություն-արտադրություն կապի ամրապնդումը եւ միջազգային կապերի ընդլայնումը, որի համար մշակվել են առաջնահերթ քայլեր եւ կնքվել միջազգային գործակցության տարբեր պայմանագրեր եւ հուշագրեր:
Լիագումար նիստից հետո համաժողովն իր աշխատանքը շարունակեց «Հիմնարար գիտության հիմնախնդիրները եւ զարգացման ուղիները», «Ներդրումային եւ ինովացիոն գիտական հետազոտություններ», «Թվայնացումը կրթության եւ գիտության բնագավառներում» բաժանմունքներում: Վերջին բաժանմունքում «Մետաքսի ճանապարհի երկրները եւ բնակավայրերը հայկական սկզբնաղբյուրներում» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վ. Դեւրիկյանը:
Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն առանձին-առանձին հանդիպեց ԱՊՀ երկրների պատվիրակությունների հետ. քննարկվեցին գիտության եւ կրթության բնագավառներում համագործակցության հետագա սերտացման հարցերը: ՀՀ ԳԱԱ պատվիրակության հետ հանդիպմանը Ղրղզստանի գիտությունների ակադեմիայի նախագահին փոխանցվեց ՀՀ ԳԱԱ նախագահի հրավերը՝ այցելելու Հայաստան: Կարեւորվեց երկու ակադեմիաների միջեւ գիտական համատեղ գործունեության հուշագրի ստորագրումը եւ գիտական համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես օրինակ՝ արեւելագիտության եւ հատկապես հայ-ղրղզական պատմամշակութային կապերի, երկրաշարժագիտության եւ երկրաբանության բնագավառներում:
Ղրղզստանում առանձնակի պաշտամունք կա իրենց ազգային էպոսի՝ «Մանասի» եւ Չինգիզ Այթմատովի հանդեպ: Երկրի օդանավակայանը կոչվում է Մանասի անունով: Մարտական խաչի իրենց համարժեքն էպոսի հերոսի անունը կրող շքանշանն է: Մինչեւ այսօր էլ կենդանիորեն շարունակվում է աշուղական արվեստը: Բանավոր ստեղծագործությունները ժամանակակից գրականության միջոցով նորովի իմաստավորվել եւ այժմեական հնչեղություն են ձեռք բերել Չինգիզ Այթմատովի ստեղծագործություններում, որոնցում իրար են կամրջվել ղրղզական ողջ գրականությունը, պատմությունը եւ մշակույթը: Ինչպես Այթմատովն էր գրում, իր պատկերած ղրղզական աուլում բեկվում են մարդկությանը այսօր հուզող եւ մտահոգող հիմնախնդիրները:
Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի եւ գրականության ինստիտուտը կրում է Այթմատովի անունը: Ինստիտուտում հայկական պատվիրակությունը ծանոթացավ իրականացվող գիտական աշխատանքներին: Ցույց տրվեցին ժողովրդական ստեղծագործությունների, 19-րդ դարում կատարված գրառումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործակցության հուշագիր ստորագրել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ: Կարեւորվեցին հատկապես երկու ժողովուրդների էպոսները, բանավոր ստեղծագործությունների ընդհանուր սյուժեները, աշուղական գրականությունը եւ Այթմատովի ստեղծագործությունները համեմատական գրականագիտության տեսանկյունից ուսումնասիրելը:
Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, ազգագրության եւ ազգաբանության ինստիտուտի հետ եւս պայմանավորվեցինք գործակցության համատեղ հուշագիր կնքել եւ զբաղվել Մետաքսի ճանապարհի Միջին Ասիայի եւ հատկապես Ղրղզստանի բնակավայրերի մասին հայկական սկզբնաղբյուրներում եղած տեղեկությունների բնագրերի հրատարակությամբ: Այս հարցը հետաքրքրում է Միջին Ասիայի եւ Ղազախստանի հանրապետությունների գիտնականներին եւ գիտական դիվանագիտության շրջանակում որոշակի դրական նախադրյալներ կարող է ապահովել ՀՀ արտաքին քաղաքականության համար:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների՝ հիմնարար գիտությունների բնագավառում գործակցության խորհրդի 10-րդ նիստը, որում քննվեցին գործակցության զարգացմանը նպատակամիտված հիմնական միջոցառումները ֆունդամենտալ գիտության բնագավառում: Այս նիստում, ինչպես նաեւ երիտասարդ գիտնականների հավաքում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ղեկավար Գ. Վարդանյանը: Տեղի ունեցավ նաեւ ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների կլոր սեղան-քննարկումը «Երիտասարդությունը եւ գիտությունը. հիմնախնդիրները եւ հեռանկարները» թեմայով: Որոշվեց 2023 թ. անցկացնել ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների համաժողով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 300-ամյակի հանդիսությունների շրջանակում: Համաժողովում առանձնակի ուշադրություն դարձվեց երիտասարդ գիտնականների աջակցության, գիտական մեծ ծրագրերում եւ թեմաներում նրանց ներգրավելու եւ գիտական առաջընթացին նպաստելու հարցերին:
ԱՊՀ երկրների ֆունդամենտալ գիտության բնագավառում գործակցության խորհրդի նախագահ հաջորդող շրջանի համար 2023-ից ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, համանախագահ՝ Ղրղզստանի ԳԱԱ նախագահ Մուրադ Սադիրբեկովիչ Գումատաեւը: Խորհրդի քարտուղարության ղեկավար ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Միքայելի Իշխանյանը, տեղակալ՝ ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի հումանիտար գործակցության, ընդհանուր քաղաքական հարցերի եւ սոցիալական հիմնախնդիրների բաժանմունքի խորհրդական Վալերի Ադամովիչ Կլիմենկոն:
Համաժողովում ընդգծվեց հատկապես ազգային ակադեմիաների՝ գնալով աճող դերը ԱՊՀ երկրների գիտության զարգացման եւ կազմակերպման գործում: Պատահական չէ, որ համաժողովի լիագումար նիստում մասնակից բոլոր երկրների կողմից հանդես եկան ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչները: Նույն ձեւով ոչ միայն Հայաստանն ընտրվեց որպես խորհուրդը նախագահող երկիր հաջորդ շրջանի համար, այլեւ խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահը: Կարծում ենք, որ ԱՊՀ երկրներում գնալով իշխող դարձող այս միտումը պատշաճ ձեւով հաշվի կառնվի ՀՀ Ազգային ժողովում ակադեմիայի մասին ընդունվելիք օրենքում: ԱՊՀ երկրների ֆունդամենտալ գիտության բնագավառում գործակցության խորհրդի հաջորդ նիստը որոշվեց անցկացնել Երեւանում 2023 թ.:
Համաժողովի մասնակիցները եղան Իսիկ Կուլ լճում: Այն, լինելով լեռների մեջ պարփակված կապույտ մարգարիտ ջինջ երկնքի ներքո, միաժամանակ գիտական հետազոտության է ենթարկվում՝ լճի ջրային բաղադրության, ձկնային եւ բուսական աշխարհի, տարածքում առկա պատմական հուշարձանների եւ լճի հետ կապված ավանդությունների ու լեգենդների ուսումնասիրության առումով: Ջրային ավազանի եւ շրջակա միջավայրի բուժիչ ներգործությունը եւ լճի հետ կապված ավանդություններն ու լեգենդները ներկայացվում են ներդաշնակ ամբողջությամբ: Լեգենդները կարծես գալիս են հաստատելու բուժիչ հատկությունների մասին ստացված տվյալները, իսկ վերջիններս դառնում են տարբեր պատմությունների հավաստման գիտական հիմքը: Գիտության տվյալների եւ ժողովրդական ավանդությունների համալիր ներկայացման նման մոտեցումը, շնորհիվ որի գնալով մեծանում է լիճ այցելող զբոսաշրջիկների թիվը, կարծում ենք, բավականին ուսանելի կարող է լինել նաեւ Սեւանը ներկայացնելիս:
Ասվածը վերաբերում է Մետաքսի ճանապարհի ղրղզական հատվածին եւս: Հնագիտական պեղումների նյութերը, ազգագրական իրերը եւ ժողովրդական ստեղծագործություններն ամբողջացնում են երկրի մշակույթը՝ ներկայացվելով տարբեր թանգարաններում, որոնք, իրենց հերթին, հանրահռչակում են երկրի պատմությունը՝ մագնիսի նման ձգելով զբոսաշրջիկներին: Ամենուր ընդգծվում էր Ղրղզստանի կրոնական հանդուրժողականության երկիր լինելը, որ Մետաքսի ճանապարհի այս հատվածով անցել են տարբեր կրոններ դավանող ժողովուրդների քարավաններ: Պեղված արձանիկների ցուցադրությամբ իրար կողքի էին գտնվում չինացին, մոնղոլն ու եվրոպացին: Իսիկ Կուլի ափին մեծ տպավորություն էին թողնում իրար կից կառուցված քրիստոնեական, մահմեդական եւ բուդդայական երեք մատուռները, որոնցում թվում էր, թե արտացոլվել էր համաշխարհային կրոնների զուգորդմամբ ընդհանրական մի աշխարհայացքի հասնելու արեւելյան մեծ մտածողների դարավոր ձգտումը:
ԱՊՀ երկրների այս 4-րդ համաժողովը եւ Ղրղզստանի օրինակը մեկ անգամ եւս վկայում են, թե պետությունների զարգացման գործում ինչ կարեւոր դեր է վերապահված գիտությանը եւ վերջինիս կազմակերպման ակադեմիական կառույցին: Ասվածը վերաբերում է հատկապես բնական հարուստ ռեսուրսներ չունեցող փոքր երկրներին, որոնք այսօրվա թվային տեխնոլոգիաների կիրառման պայմաններում կարող են անսահմանորեն ընդլայնվել՝ գերազանցելով իրենց տարածքով անհամեմատ մեծ երկրներին:
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն