Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ աշխատանքային այցով Երեւանում էր։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Մոհամադ Զարիֆը մեկ անգամ եւս ընդգծել է իր երկրի դիրքորոշումն առ այն, որ «միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ տարածքային ամբողջականությունն իրենց կարմիր գիծն են»։ «Շատ մտահոգված ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որ օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում»,- ասել է Զարիֆը՝ տեղեկացնելով, որ զրույցներ է ունեցել նաեւ Ադրբեջանում եւ հույս է հայտնել, որ կկարողանան վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել:
Արա Այվազյանն ընդգծել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ոտնձգությունն ուղիղ հետեւանք է անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողություններին ոչ համարժեք միջազգային եւ տարածաշրջանային արձագանքի. «Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարեւոր է»։ Այվազյանի խոսքերով՝ հայ-իրանական օրակարգը բավական ընդգրկուն է՝ հիմնված երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա. «Մեր միջեւ բարեկամությունը միջմշակութային երկխոսության եւ տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու բանալին»:
Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք մուտք գործելու եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերի մասին Մոհամադ Զարիֆը զրուցել է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս նշել է, որ Իրանի հետ հարաբերությունները եւ հարեւանությունը ռազմավարական նշանակություն ունեն, իսկ Իրանի հետ ունեցած սահմանն անկախության առաջին տարիներից ի վեր մի շարք առումներով ապահովել է մեր երկրի անվտանգությունը: «Մեր ցանկությունն է նաեւ, որ հարցը լուծվի դիվանագիտական-քաղաքական ճանապարհներով։ Ցավոք, կարող եմ արձանագրել, որ այս իրավիճակում երեկ արդեն մենք ունեցանք զոհ։ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից արձակված հրազենային կրակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող։ Այնպես որ իրադրությունը բավականին լարված է եւ այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի ծանոթանանք նաեւ իրավիճակի հաղթահարման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներին»,- ասել է Փաշինյանը։
Զարիֆը, իր հերթին, հայտնել է, որ կան շատ կարեւոր հարցեր ինչպես երկկողմ, այնպես էլ՝ տարածաշրջանային շրջանակներում, որոնց պետք է հետամուտ լինել: «Մենք ցանկանում ենք՝ խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում: Եվ միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ ճգնաժամերի խաղաղ լուծման մասին, Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ կարեւորում է միջազգային իրավունքին հարգանքով վերաբերվելը»: Այս շրջանակում մեկ անգամ չէ, որ Իրանը տարածաշրջանային այցեր է իրականացրել։ Զարիֆը Հայաստան էր այցելել նաեւ հունվարի վերջին, որից հետո Իրանի հատուկ ներկայացուցիչ-բանագնացը՝ ԱԳ նախարարի տեղակալն է այցելել եւ այժմ՝ դարձյալ Իրանի ԱԳ նախարարը: Սա խոսում է Իրանի կողմից ցուցաբերվող հետաքրքրության ու միաժամանակ անհանգստության մասին այստեղ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։
Նախօրեին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել էր Բաքու, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Իրանի արտգործնախարարի այցը բնութագրել է որպես հնարավորություն՝ մանրամասնորեն ուսումնասիրելու երկու երկրների հարաբերությունների զարգացման դրական գործընթացը: Ադրբեջանը «շատ գոհ է դոկտոր Հասան Ռոհանիի նախագահության շրջանում համագործակցության մակարդակից»: Ադրբեջանում նույնպես Զարիֆը կարեւորել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը:
Այսպիսով՝ Իրանը ձգտում է հավասարակշռված քաղաքականություն վարել հարեւան երկրների հետ։ Լավ գիտակցելով սեփական շահերն ու հաշվարկելով վտանգները՝ գործում է դանդաղ շտապելու տրամաբանությամբ։ Իրանի համար կարեւոր է մաս կազմել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ կոմունիկացիաներին՝ դրանց հնարավոր գործարկման դեպքում։
Իրանում առաջիկա ընտրությունների համատեքստում Զարիֆի այցի հեռանկարայնությունը մի փոքր այլ ձեւաչափ է ստանում։ Փորձագիտական որոշ շրջանակներ կարծում են, որ Զարիֆը, թերեւս, նախարարի պաշտոնում մնալու մեծ հնարավորություններ չունի։ Սրանով Իրանը փորձում է առավել տեղեկացված լինել անմիջապես իր հարեւանությամբ տեղի ունեցող իրադարձություններին եւ զարգացումներին, որոնց հիման վրա հաջորդ քաղաքական իշխանությունը հնարավորություն կունենա անհրաժեշտ կանխատեսումներ եւ ծրագրեր մշակել։ Այնուամենայնիվ, մեկ բան հստակ է. Իրանը, անկախ քաղաքական իշխանությունից, որեւէ կերպ չի ընդունում Հայաստանի հետ սահմանային փոփոխությունները։ Ներկա դրությամբ իր նախապատվություններն արտահայտում եւ փորձում է ամրագրել տնտեսական ու կոմունիկացիոն համագործակցության շրջանակներում։
Հայ-իրանական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությունը։ Երեկ վերջինս, անդրադառնալով այցին, նշել էր, որ «ուղեւորության ընթացքում լավ հանդիպումներ եւ բանակցություններ են անցկացվել երկու երկրների պաշտոնյաների միջեւ, եւ երեք փաստաթուղթ է ստորագրվել երկու կողմերի միջեւ»: Ըստ Էսլամիի՝ երկու կողմերի միջեւ կարեւորագույն խնդիրներից են տեխնիկական ինժեներական ծառայությունների արտահանումը եւ համատեղ ներդրումները ճանապարհաշինության, մայրուղիների, երկաթուղիների, կամուրջների եւ թունելների կառուցման, լոգիստիկ կենտրոնների ստեղծման ոլորտում:
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հուշագրին՝ նա նշել է, որ ջանքեր են գործադրվում Նախիջեւանի միջոցով Թավրիզ-Ջուլֆա գնացքը միացնել Երեւանին եւ Թբիլիսիին: Այդ շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների (RAI) եւ Հայաստանի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը ըստ նախարարի, էական ազդեցություն կունենա Ջուլֆայի շրջանի վրա:
Այս օրերին Թեհրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով, իսկ հունիսի 28-ից հուլիսի 1-ը Իրանի փոխնախագահի գիտության եւ տեխնոլոգիայի հարցերով միջազգային փոխգործակցության վարչությունը Հայաստան է ուղարկելու իրանական գիտելիքահեն ընկերությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ «Mehr news»-ի փոխանցմամբ՝ այցի նպատակն է ընդլայնել այս ոլորտում Իրան-Հայաստան կապերը: Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա փետրվարի կեսերին Իրանը Հայաստան ուղարկեց իր տեխնոլոգիական պատվիրակությանը, որը բաղկացած էր իրանական գիտելիքահեն 30 ընկերությունների ներկայացուցիչներից: