Շափյուղան իր յուրօրինակ հատկություններով միայն ադամանդին է զիջում: Աճառյանի ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում այն տրված է իբրեւ շափիղա-շափյուղա, որ կապտագույն, դեղին ու կանաչ, կապույտ ու մանուշակագույն թանկագին քար է: Հին աշխարհում շափյուղան համարվել է երկնային գմբեթի խորհրդանիշը, ներհայեցողության քարը: Պարսիկները թանկարժեք քարերն ու հատկապես ադամանդն ու շափյուղան համարել են սատանայի ձեռքի գործ, եգիպտացիները շափյուղայից վախեցել ու նախընտրել են փիրուզը։ Իսկ հայերս ոչ միայն կրել, այլեւ իմացել ենք բոլոր բնական քարերին վերագրվող հատկությունները ու գործածել դրանք ըստ նշանակության: Վերածննդի շրջանը հուշում է, որ կանայք նախընտրել են ադամանդը, սուտակն ու շափյուղան: Ոսկերիչները շափյուղայի անվան տակ կապույտ կոռունդն են ենթադրում (ալյումինիումի օքսիդը), որն ունի կապույտ գույն: Կան նաեւ դեղին, սպիտակ շափյուղաներ: Շափյուղան իր գույնի համար պարտական է տիտանի եւ երկաթի միակցմանը (երանգը կախված է Fe, Ti, Cr, Mn, V, U խառնուրդի քանակությունից): Ասվում է, թե շափյուղան նպաստում է մարդու մտավոր ունակության զարգացմանը, բարձրացնում է ընկալունակությունը, որի շնորհիվ քարը կրողը կարողանում է ձեռք բերել գիտելիքների հսկայական պաշար: Աշխարհում շափյուղան հայտնի է իբրեւ հայկական սապֆիր:
Ինչու հանկարծ խոսեցինք թանկարժեք այս քարի մասին։ Պարզվում է՝ ՀԽՍՀ-ում մենք շափյուղայի արտադրության հզոր դպրոց ենք ունեցել։ Հետանկախական Հայաստանում շափյուղայի արտադրության ներդրումային ծրագիր է մշակվել 2000-ականներին, երբ փորձ էր արվում վերականգնել արդյունաբերության մեր այն ոլորտները, որտեղ կարելի էր միջազգային հետաքրքրություն գտնել։ Այդպիսով՝ եւ՛ արդյունաբերության բնագավառը կբազմազանեցվեր, եւ՛ չէինք կորցնի ոլորտի մեր ավանդույթները, այն ոլորտների, որտեղ երբեմնի անուն ու հռչակ ենք ունեցել։
Հայաստանում տարիներ առաջ մասնավորին պետության աջակցության գործիքակազմի շրջանակներում ներդրումային ծրագրեր էին կազմվում, դրանք տեղադրվում էին էկոնոմիկայի նախարարության կայքէջում, ներդրումային ծրագրի անձնագիրը հրապարակվում էր հայերեն եւ անգլերեն, որպեսզի հնարավոր շահագրգիռ կողմի հետ արդեն ծրագրի մանրամասներն ու օժանդակության ձեւերը քննարկվեին։ Այդպիսի ծրագրերից էին ժամագործությանը, ճշգրիտ ճարտարագիտությանը, դեղագործությանը, կոշիկի արտադրությանը, մոլիբդենի վերամշակմանը վերաբերողները։ Եվ այս շարքում էր շափյուղայի արտադրության կազմակերպման ներդրումային ծրագիրը (2013 թ.)։ Շահագրգիռ ընկերություն կար նույնիսկ, որ համոզված էր ծրագրի գրավչության հարցում։ Նույն համոզմունքն ուներ նաեւ էկոնոմիկայի նախարարությունը։
Իսկ ինչու ոչ, եթե շափյուղան հատկությունների շնորհիվ պահանջված է գիտության եւ տեխնիկայի գրեթե բոլոր ոլորտներում։ Հստակեցնենք այդ հատկությունները՝ բարձր կարծրություն, ամրություն, քիմիական եւ ճառագայթման դիմացկունություն, օպտիկական թափանցիկություն: Մասնագիտական գրականությունը հուշում է, որ այն հիմք է ոսպնյակների արտադրության, ակնաբուժական վիրադանակների, տիեզերանավերի պատուհանների, հրթիռների, ինքնաթիռների, լուսադիոդների եւ բազմաթիվ այլ ժամանակակից սարքավորումների համար: Եվ ուշագրավն այն է, որ բնականին իր հատկություններով գրեթե չի զիջում արհեստական շափյուղան։
ԽՍՀՄ-ում 60-80-ականներին գիտական ու փորձարարական բազայի ձեւավորումն ու բյուրեղների արտադրությունը բուռն զարգացում ապրեցին։ Այդ Միության ԳԱ-ում բյուրեղագիտության ինստիտուտ կար, որի գիտական կառավարման ներքո էլ կենտրոններ ձեւավորվեցին Հայաստանում եւ Ուկրաինայում: Այդ ընթացքում հիմնական խթանը դարձավ լազերների արտադրության համար անհրաժեշտ նյութերի արտադրությունը։ Եվ սովետական Հայաստանում ստեղծվեց հզոր ենթակառուցվածք՝ «Լազերային տեխնիկա» ԳՀՄ, Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտի, պետհամալսարանի եւ Պոլիտեխնիկական ինստիտուտի մի քանի ամբիոնների, Նոր Հաճնի ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանի, Արզնու «Սապֆիրի», Կիրովականի քիմկոմբինատի, Էլեկտրոնային, ռադիո եւ էլեկտրոտեխնիկայի արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների հիման վրա: Ստեղծվում էին աճեցման սարքավորումներ: Աճեցվում էին բազմազան բյուրեղներ՝ ինպես հալույթներից, այնպես էլ՝ լուծույթներից, այդ թվում՝ նաեւ շափյուղաներ: Հայաստանը, Ռուսաստանն ու Ուկրաինան շափյուղայի արտադրության եւ կիրառման մակարդակով եռյակ դարձան։ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ստեղծված ուժեղ ենթակառուցվածքի գործունեությունը դադարեցվեց։ Բայց հզոր դպրոցը մնաց։ Դպրոց, որ արդեն անկախացած Հայաստանում թույլ տվեց մտածել շափյուղայի արտադրության մասին։ Եվ էկոնոմիկայի նախարարությունը հավաստում էր, որ մեր դպրոցն աշխարհում առաջատարներից է եղել, եւ լավագույնն էր շափյուղայի աճեցման մեթոդը, որը ժառանգվել էր սովետական` պաշտպանության ոլորտին ուղղված գիտության կողմից։
Գանք այն հարցին, թե մեր՝ շափյուղայի արտադրության ծրագիրն ինչ էր ենթադրում։ Նախատեսվում էր, որ բյուրեղներ կաճեցվեն ու կմշակվեն (կտորտանք, փայլեցում): Այդ պայմաններում ներդրումների ընդհանուր գումարը 5 տարվա համար կազմում էր 41 մլն պ.մ.: Այսչափ ներդրումները թույլ կտային Հայաստանին դառնալ այս շուկայի առաջատարներից մեկը (ըստ նախարարության) եւ գիտական պոտենցիալին աշխատանքով ապահովելու հնարավորություն կընձեռեին: Միջազգային շուկայում այդ ժամանակ 130 կազմակերպություններ էին գործում, որոնք զբաղվում էին շափյուղե գլանների արտադրությամբ, վերամշակմամբ։ Մեր նախաձեռնող խմբի ղեկավարը հայտնում էր, որ իրենց ընկերության կողմից ընտրված շուկայի հատվածում (7-10 տոկոս), առավել ուժեղ խաղացողներ են «Rubikon»-ը, «Monocrystal/Atlas»-ը եւ «Procrystal»-ը, որոնք զբաղվում են շափյուղայի աճեցմամբ, կտորտանքով եւ հղկմամբ։ Այդչափ ընկերություններ ունեցող շուկայում կարո՞ղ էինք մրցել։ Հայկական կողմը վստահ էր՝ այո, որովհետեւ չնայած այդ 130-ի առկայությանը, շափյուղե արտադրանքը սպառող ոլորտների աճի տեմպերը մի քանի անգամ կգերազանցեն շափյուղայի համաշխարհային արտադրության տեմպերը…
Շափյուղայի արտադրությանն առնչվող հետաքրքրությունը հաջորդող տարիներին էլ չպակասեց։ 2015 թ. «Made in Armenia» ցուցահանդեսում ներկայացված էր հայկական մի ընկերություն, որի տնօրենը լրագրողներիս ներկայացնում էր, որ շափյուղայի արտադրությունը շատ բարդ է, քանի որ գործ ունենք բարձր տեխնոլոգիաների հետ: Աճեցման գործընթացը կատարվում է գերբարձր աստիճանում, եւ 1 աստիճանի փոփոխությունն անգամ կարող է խոչընդոտել արտադրությանը, եւ որ աշխարհում ընդամենը 10 երկիր կարող է պարծենալ, որ նման տեխնոլոգիա ունի, որոնցից մեկը Հայաստանն է։ Հետո այս ընկերության մասին լսեցինք 2019 թ., բայց արդեն սնանկության գործով։ 2016 թ. արդեն խոսվեց հայկական մեկ այլ ընկերության մասին, որ շափյուղայից հրթիռների թասակ-ծածկոցներ էր արտահանում Գերմանիա եւ Իսրայել…
Ինչեւէ, նման հզոր դպրոց ունենալով՝ չէինք կարող հաջողված օրինակներ չունենալ։ Խնդիրը ծավալների, ճանաչված լինելու, ընդլայնվելու, գործի անընդհատության եւ գործը հօգուտ Հայաստանի ծառայեցնելու մասին է։ Շափյուղայի արտադրությունը միայն օրինակ էր։ Մեխն այն է, որ մենք շատ հետաքրքիր արդյունաբերական ծրագրեր կարող ենք մշակել կամ նախկինում ունեցած գաղափարները վերամշակել։ Եվ վերջնարդյունք պետք է դիտարկվի ոչ միայն եկամտի, շահույթի ու բյուջե մտնող գումարի չափը, այլեւ՝ թե տվյալ ծրագիրը հստակ ինչ է տալիս մեր երկրի տվյալ ոլորտին, արդյոք կարո՞ղ է նպաստել որեւէ բնագավառի եւ, ըստ այդմ, երկրի զարգացմանը։ Որպեսզի եկամուտը ծառայի ոչ միայն ընկերությանը կամ բյուջե մտնելով ուղղվի տարատեսակ ծախսերի, այլ՝ որոշիչ ուղղությամբ գնա. այն է՝ ա՛յս արտադրությամբ ա՛յն ոլորտին թափ հաղորդեցինք՝ շտկելով մեր երկրի ա՛յդ խնդիրը։ Ու սա անպայման պետք է անեն պետությունն ու մասնավորը՝ ձեռք ձեռքի տված՝ ուժերի գերագույն լարումով ու նպատակադրումով՝ ի շահ երկրի։ Հակառակ պարագայում կարձանագրենք անգամ ամենահետաքրքիր ու հեռանկարային ծրագրերի ձախողումը։ Եվ մեր գործարարներին ուղղորդելու հարցում պետությունը պետք է նախաձեռնող լինի, որովհետեւ բիզնես տիրույթը գրեթե միշտ գերադասում է արագ փողերի հաշվարկն ու սեփական շահը։