Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջիկա հանդիպումը տեղի կունենա վաղը Վիեննայում։ Երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում այն հատուկ ներկայացուցիչների արդեն չորրորդ հանդիպումն է լինելու։ Բոլոր հանդիպումներն էլ կազմակերպվել են 2022 թ.: Առաջին բանակցությունը կայացել էր հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ և երրորդ հանդիպումները տեղի էին ունեցել Վիեննայում՝ համապատասխանաբար փետրվարի 24-ին և մայիսի 3-ին։
Հատուկ բանագնացների 4-րդ հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական եւ մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իր երկիրը լուրջ, արագ կարգավորման գործընթաց է անցնում Հայաստանի հետ։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ընդ որում հետանկախ Հայաստանի գրեթե ողջ ընթացքում, հայտարարել է, որ դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, առավել ևս, որ իր արևմտյան սահմանի ողջ երկայնքով հարևան է վերջինիս հետ: Սակայն ինչպես ցանկացած միջպետական հարաբերությունների հաստատման գործընթաց, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացողը չի կարող ինքնանպատակ լինել՝ հատկապես, երբ տվյալ պետության հետ ունենք պատմական ողբերգական էջեր, որոնք ուղղակիորեն առնչվում են միջպետական հարաբերություններին:
Այսօր այդ ամենին գումարվում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի տարօրինակ ոճը: Նույն Թուրքիայի նախագահի խորհրդականը հրապարակայնորեն հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները խզվել էին Արցախյան առաջին պատերազմի ելքի պատճառով, և շեշտում, որ այսօր այդ խնդիրը լուծված է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը միավորվել էին ռազմական ու տնտեսական առումներով և «լուծել» հիմնահարցը: Այսպիսով՝ Թուրքիան հերթական անգամ հայտարարում է, որ որոշիչ դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի իրականացման հարցում, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է 4000-ից ավելի մարդ, իսկ Ադրբեջանի և ջիհադական ծայրահեղականների կողմի թվերն այդպես էլ մնացել են անհայտ՝ այդ պետության գործելաոճին հավատարիմ, բայց, ռազմական մասնագետների գնահատմամբ, այն անցնում է 10000-ի սահմանագիծը:
Իբրահիմ Քալընը նաև հայտնել է, որ արցախյան երրորդ պատերազմից հետո Թուրքիան այլևս խնդիր չի տեսնում և պատրաստ է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Ակնհայտ է, որ Անկարան Երևանի հետ իր հարաբերությունները կառուցելիս առաջ է տանում Ադրբեջանի շահերը և այն շատ բանով պայմանավորում վերջինիս հետ ՀՀ-ի հարաբերությունների կարգավորմամբ՝ մոռանալով, որ այսօր ավելի շուտ ինքն է շահագրգռված մեր երկրի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Թուրքիայի տնտեսությունն է այսօր աննախադեպ ծանր վիճակում, իսկ հետանկախ Հայաստանը 30 տավա ընթացքում սովորել է փակ սահմաններով գործել, և տնտեսության կառուցվածքն ամբողջությամբ «համաձայնեցվել» է այդ մոդելին:
Մյուս կողմից էլ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հայտի մերժման հիմքերում ժողովրդավարության չափանիշների պահպանումն ու Հայոց ցեղասպանության ճանաչումն են: Հետևաբար, այսօր Անկարան է առավել հետաքրքրված Հայաստանի հետ, որպես եղեռնի անմեղ զոհերի իրավունքների պաշտպանի, հարաբերություններ հաստատելու հարցում: «Հայաստանի հետ մենք հնուց եկած, հավերժական թշնամություն չունենք եւ չենք կարող ունենալ»,- ակնարկելով ցեղասպանության խնդիրը՝ հայտնել է Էրդողանի խոսնակը։
Վերոշարադրյալից բխում է մեկ հետևություն. այսօր Թուրքիան է առարկայորեն շահագրգռված Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, հետևաբար, այդ ուղղությամբ էական արդյունքներ ապահովելու համար հարաբերություններ հաստատելու գործընթացը պետք է ուղղորդվի բնականոն հուն՝ այն զերծ պահելով ինքնանպատակ քայլերից, և դրա հիմքում չպետք է դրվեն պայմաններ, առավել ևս՝ երրորդ երկրին վերաբերող: