Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղում 14-րդ անգամ սկսել է գործել ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ ուսումնամարզական ճամբարը», որի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ հուլիսի 2-ին։ Այս ճամբարը գոյություն ունի արդեն քառորդ դար։
Ճամբարի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահներ, հյուրեր, բարերարներ, պատանիների ծնողներ: Հանդիսավոր մասից առաջ ներկաները ծաղիկներ խոնարհեցին ճամբարում տեղադրված խաչքարի առաջ՝ հարգելով արցախյան պատերազմներում նահատակված անմահ հերոսների սուրբ հիշատակը: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին աշխատակազմի ղեկավար, փոխգնդապետ Ֆարմանյանը զեկուցեց, որ պատանի երկրապահները շարված են։ Ս. Միքայելյանը ողջունեց պատանիներին, որից հետո մեկնարկեց միջոցառման հանդիսավոր մասը: Տերունական աղոթքով ներկաներին օրհնեցին ու ողջունեցին ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ավագ գնդերեց, ԵԿՄ հոգեւոր հովիվ տեր Ենովքը եւ Ծովինարի հոգեւոր հովիվ տեր Գեւորգ քահանան։ Հոգեւոր հայրերը կարեւորեցին երկրապահի դերը մեր երկրի պաշտպանության գործում։ Այս առումով «Պատանի երկրապահ» ակումբները, գործող ուսումնամարզական ճամբարը մեծ տեղ ունեն։
Պատանի երկրապահներին ու ներկաներին ողջունեցին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Գեղարքունիքի փոխմարզպետը: Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին «Պատանի երկրապահ» ակումբների, գործող ճամբարի դերը՝ շնորհավորելով պատանիներին։ Իր շնորհավորական ու ողջույնի խոսքում ԵԿՄ վարչության նախագահը տեղեկացրեց՝ յուրաքանչյուր տարի 3000-ից ավելի պատանիներ են մասնակցում ճամբարի ուսումնամարզումներին։ Այստեղ ձեւավորվում է Հայոց բանակի վաղվա զինվորը։ Դիմելով ներկաներին՝ Ս. Միքայելյանը նշեց՝ ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս եւ ուր է գնալու»: Շարունակելով խոսքը՝ հավելեց նաեւ՝ «Պատանի երկրապահ» ակումբի սաներից շատերն այսօր զինվորներ են, շատերն աշխատում են ռազմական ոլորտում: Տեղեկացրեց նաեւ, որ արցախյան վերջին պատերազմին մասնակից եղել մոտ 4000 երկրապահ, որից 115 հոգի վիրավորվել են, 74-ը նահատակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում։ Այսօր էլ երկրապահ կամավորականները հերթափոխերով հայոց սահմանն են պաշտպանում։ Միջոցառման պաշտոնական հատվածն ավարտվեց պատանի երկրապահների շարային քայլերթով: ՀՀ, Արցախի եւ Երկրապահի դրոշակակիրներից հետո անցան բոլոր վաշտերը։ Պատանի երկրապահների նվագախումբը, ենթասպա Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ, հնչեցրեց ՀՀ, Արցախի ու Երկրապահի օրհներգերը, զինվորական երաժշտություն։
Հանդիսավոր մասից հետո ներկաները ԵԿՄ վարչության նախագահի ուղեկցությամբ շրջեցին ճամբարի տարածքում, ծանոթացան համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետեւեցին անցկացվող դասընթացներին: Ընթացքում զրուցեցի ճամբարի պետ Նարեկ Գասպարյանի հետ։ Ասաց՝ այս պահին ճամբարում հանգստանում են 310 պատանի, նրանց հետ աշխատում են 40 հոգի՝ սպայական անձնակազմ, հրահանգիչներ, բուժաշխատողներ եւ այլք։ Նշեց նաեւ՝ արդեն 14 տարի է, որ Ծովինարի «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարն ընդունում է իր հյուրերին` եռասերունդ երկրապահին: Մինչեւ օգոստոսի վերջ այստեղ իրենց ճամբարային առօրյան կանցկացնեն հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի ավելի քան 3 հազար պատանի երկրապահներ: Ճամբարում յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր հրամանատարը, յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է դասացուցակ-օրակարգ, որը հիմնականում մոտեցված է զինվորական կարգացուցակին: Օրակարգում ընդգրկված են նաեւ ուսումնական եւ հանգստի ժամեր: Ճամբարի հետ համագործակցում են Գեղարքունիքի մարզի Մարտունու բուժմիավորումը (տնօրեն՝ Անդրանիկ Հարությունյան), ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փոխգնդապետ Արթուր Ալեքսանյանի հրամանատարությամբ, ինչպես նաեւ ոստիկանության Մարտունու բաժինը (պետ՝ Ստեփան Հակոբյան)։ Զրուցեցի նաեւ ճամբարական պատանիների հետ։ Բոլորն էլ գոհ էին եւ ասացին՝ պատրաստ են կրկին մասնակցելու ճամբարի մարզումներին, դասընթացներին։