Ներկա դրությամբ, պաշտոնական Բաքուն սանձը կորցրած՝ արմատապես խեղաթյուրում է պատմությունը: Նախ Ադրբեջանի, իսկ հետո ողջ թյուրք աշխարհի «մշակութային մայրաքաղաք» հայտարարված Շուշիի պատմության «նոր»՝ ադրբեջանական վարկածում բացարձակորեն անհետացել են հիշատակումներն այդ քաղաքի բազմադարյա հայկական, ռուսական եւ պարսկական ժառանգության մասին: Այսօր Շուշին վերածվել է մի «շինհրապարակի», որտեղ ակտիվորեն տարվում է այլ ժողովուրդների մշակութային եւ պատմական ժառանգության ոչնչացում: Դե, այդ ուղղությամբ Ադրբեջանը հարուստ փորձ է կուտակել: Օրինակ՝ 2000-ականների սկզբին Բաքվի վարչակարգի կարգադրությամբ Նախիջեւանի Հին Ջուղայում ոչնչացվեց ավելի քան 5000 պատմական հուշարձան՝ միջնադարի ժամանակաշրջանի հայ վարպետների պատրաստած խաչքարեր:
Այդ շինծու պետությունը, ի դեմս նախագահ Իլհամ Ալիեւի (Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ, աշխարհի ամեն տեսակ ակադեմիաների ու համալսարանների դոկտոր եւ այլն, եւ այլն) համաձայնություն է տվել Հարավային Կովկասի հնադարյան պատմամշակութային ժառանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկի իսպառ ոչնչացմանը: Մինի սուլթան Ալիեւ Բ-ն արդեն իր «փառավոր» էջն է ավելացրել վանդալիզմի համաշխարհային պատմությանը՝ որպես «Հին Ջուղայի խաչքար-հուշարձանների դեմ մարտում հաղթանակած զորավար»:
Բարեբախտաբար, պահպանվել են ֆոտո- եւ տեսավկայություններ, որոնցում հստակորեն երեւում է, թե ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաները շինարարական տեխնիկայի, ծանր մեխանիզմների միջոցով ինչպես են բարբարոսաբար ոչնչացնում խաչքարերը՝ պատմական հիրավի անգին հուշարձանները շինարարական աղբի վերածելով… Հին Ջուղայի հայ գերեզմանոցում խաչքարերի զանգվածաբար ոչնչացումը այն ժամանակ դատապարտվեց Եվրախորհրդարանի հատուկ բանաձեւով: Փաստաթղթի ընդունման կողմնակիցները մատնանշել էին Ադրբեջանի կողմից համամարդկային նշանակության մշակութային հուշարձանները ոչնչացնելու անթույլատրելիությունը: Սակայն Բաքուն այդ ամենն անտեսեց:
Ցավով պետք է արձանագրել, որ նման բախտի նաեւ Շուշին է արժանանալու: Այնտեղ 2020 թ. բռնազավթումից հետո արդեն մեկնարկել է պատմամշակութային հուշարձանների ոչնչացման ակտիվ գործընթացը: Եվ ընդամենը մի քանի տարի հետո այնտեղ արդեն ոչ մի բան չի մնա… Ավելի ճիշտ, լինելու են միայն ադրբեջանա-թուրքական նորակառույցներ:
Շարունակելով հոդվածիս սկզբնական թեման, նշեմ, որ հոգեւորական ազգականիս անունը Ծաղիկ էր: Այդպես էին նրան անվանել ծաղիկների եւ բուժիչ բույսերի հանդեպ տածած սիրո ու հետաքրքրության համար: Այնպես որ, նա ոչ միայն կրոնական սպասավոր, այլեւ բնածին սնխչի էր՝ քրիստոնեական հոգեւորական լինելով հանդերձ: Շուշիում եւ քաղաքի մերձակայքում Ծաղիկը բոլորին օգնության ձեռք էր մեկնում, այդ թվում՝ նաեւ ադրբեջանցիներին, հատկապես երեխաներին: Իրեն էին դիմում ե՛ւ ցերեկը, ե՛ւ գիշերը, եւ նա ոչ մեկին չէր մերժում:
Ծաղիկը անվիճելի հեղինակություն էր վայելում ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների շրջապատում: Ցավոք, իրեն առնչվող արխիվային փաստաթղթեր գտնելու իմ փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի այն տարիների առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 2018 թ. ինձ տեղեկացրել է, որ ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել: Հայերին վերաբերող արխիվներն ամբողջությամբ ոչնչացվել էն ադրբեջանցիների կողմից դեռ 1990-ականների սկզբին: Սրբազանը խորհուրդ տվեց դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
…Մանկուց լսել եմ մերձավորներիս գովասանալից խոսքերը Ծաղիկի մասին: Պատմել են նրա եզակի արխիվի մասին, որը Ծաղիկը հավաքել է գրեթե կես դար: Այդ արխիվում հազվագյուտ հին գրքեր կային, հայկական քրիստոնեական մագաղաթներ: Այդ գրքերում շատ էր գրված այն մասին, որ տիեզերքը հիմնված է հայի սիրո եւ բարության վրա… Սակայն կյանքն ապացուցեց, որ իրականում աշխարհում հաճախ իշխում են չարությունն ու ատելությունը: Մանուկ տարիներից միշտ հույս էի փայփայում, որ օրերից մի օր կտեսնեմ այդ հիանալի արխիվը: Իսկ հիմա խոր կսկիծով ստիպված եմ փաստել, որ այն անվերադարձ կորել է՝ հոգեւորականի արխիվն ու ժառանգությունն ադրբեջանցիներն անողոքաբար ոչնչացրել են:
Ամփոփելով թեման, ցանկանում եմ ընդգծել, որ մենք՝ հայերս, անպայման վերադառնալո՛ւ ենք Շուշի: Լիահույս եմ, որ ինքս էլ կվերադառնամ՝ ազգականիս գերեզմանին հուշաքար տեղադրելու համար: Եթե չկարողանամ, ապա որդիս կանի իմ պատգամով, եթե ոչ որդիս՝ ապա թոռս… Բոլոր դեպքերում, մենք անպայման կվերադառնա՛նք մեր հայրենի Շուշի քաղաք:
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հասարակական գործիչ, հրապարակախոս, Մոսկվայի լրագրողների միության անդամ