«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» նախագծի շրջանակում հյուրընկալել ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանին։ Քննարկվել են թանգարան-ինստիտուտի առաջիկա, ինչպես նաեւ արդեն իրականացրած ծրագրերը, անդրադարձ է կատարվել ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապրիլի 24-ի խորհրդի վերաիմաստավորմանը եւ մի շարք այլ հարցերի։
-Բարով եք եկել, պարո՛ն Մարության: Մինչ հարցերին անցնելը, խնդրում ենք ներածական մասով ներկայացրեք կատարված աշխատանքները, թանգարան-ինստիտուտի գործունեությունը:
-Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հիմնադրվել է 1995 թ. ապրիլի 24-ին՝ ցեղասպանությունից 80 տարի անց: Դա տեղի ունեցավ Հայաստանի անկախության շնորհիվ: Հիմնական ցուցադրությունը բացվել է 1995-ի սեպտեմբերի 21-ին: Թանգարան-ինստիտուտի առաջին տնօրենը եղել է Լավրենտի Բարսեղյանը: Երկրորդ մեծ ցուցադրությունը կազմակերպվել է 2013-2015 թթ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Այդ ժամանակահատվածում ինստիտուտի տնօրենը Հայկ Դեմոյանն էր: Ես տնօրեն եմ նշանակվել 2018 թ. հոկտեմբերի 4-ից: Տարեկան 2-3 անգամ կազմակերպում ենք ժամանակավոր ցուցադրություններ, որոնք, որպես կանոն, կազմակերպվում են ապրիլ կամ սեպտեմբեր ամիսներին՝ գիտաժողովներին զուգահեռ: Այս տարի կազմակերպվեց գիտաժողով ապրիլի 22-24-ի միջակայքում, որի ընթացքում շուրջ 30 տասնյակ բանախոսներ հանդես եկան իրենց զեկուցումներով: Գիտաժողովը կրում էր «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը: Հյուրեր ունեցանք Ռուանդայից, Իսրայելից, Կամբոջայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից ու Լիբանանից: Նման գիտաժողով կազմակերպելու գաղափարը հասունացել էր վերջին 3 տարվա ընթացքում: Ամեն տարի ամառային դպրոց էինք կազմակերպում ուսուցիչների համար, որի շնորհիվ էլ մեծ թափ ստացան աշակերտների ու ուսուցիչների այցելությունները թանգարան: Դա, իհարկե, տեղի ունեցավ նաեւ շնորհիվ այն բանի, որ կայքում հրապարակեցինք աշակերտների համար դասախոսությունների թեմաները: Արդյունքում, որոշակի գիտելիքն ու տեղեկատվությունն ավելի ինտենսիվ էին մատուցվում աշակերտներին: Այդ ընթացքում հասկացանք, որ ուսուցիչների շրջանում կա մեթոդաբանության խնդիր: Ուստի, գիտաժողովի նպատակը նաեւ այլ երկրների փորձն ուսումնասիրելն ու կիրառելն էր: Գիտաժողովի ընթացքում բավական ցավոտ խնդիրների բախվեցինք. Հայոց պատմության դասագրքերում ցեղասպանության թեմային հատկացված է երկու պարագրաֆ: Անհատի գիտակցության մեջ ինքնությունը ձեւավորվում է հենց դեռահասության տարիքում՝ 12-14 տարեկանում: Ուստի, այս տեսանկյունից շատ կարեւոր է, թե ինչ գիտելիք է իրենց առաջարկվում՝ արդյոք այն միայն պատմական բնույթի տեղեկատվությո՞ւն է, թե՞ նպաստում է նաեւ ինքնության գիտակցմանն ու իրացմանը:
Գիտաժողովին զուգահեռ բացվեց նաեւ «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» անունը կրող ցուցադրությունը, որտեղ ներկայացված էր Արեւմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերում գործող հայկական վարժարանների մասին բավականաչափ հարուստ տեղեկատվություն՝ լուսանկարներ, իրեր, բնօրինակ վկայագրեր եւ այլն: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների շրջանում: Ցանկանում ենք այս տարվա սեպտեմբերին ցուցադրությունը շրջիկ դարձնել եւ ուղարկել այլ մարզեր: Եթե ունենանք հնարավորություն, կփորձենք պատկերագիր կատալոգ կամ ամբողջական գիտական հրապարակություն պատրաստել: Բացեցինք նաեւ Ժան Պիեռ Սեֆերյանի «Մահվան քայլերթ» անունը կրող ցուցադրությունը՝ նվիրված աքսորի ճանապարհի նկարագրությանը: Հեղինակը յուրօրինակ մոտեցում է ցուցաբերել խորագրանկարներին: Բացեցինք նաեւ հոլանդացի հետազոտող Դիռք Ռոոդզանթի ցուցադրությունը, ով նաեւ ատենախոսություն է պաշտպանել ու գիրք հրատարակել՝ «Հայկական սարսափները հոլանդացիների աչքերով» վերնագրով: Նա պատահական մարդ չէ, քանի որ տասնամյակներ շարունակ շփվել է Հայոց ցեղասպանության թեմայի հետ ու խորն ուսումնասիրել այն: Իր կատարած աշխատանքի համար նրան պարգեւատրեցինք «Ջեյմս Բրայսի» հուշամեդալով:
Այս տարի լրանում է նաեւ Զմյուռնիայի կոտորածների 100-րդ տարելիցը, եւ ցանկանում ենք սեպտեմբերին կազմակերպել գիտաժողով-ցուցադրություն: Ամենայն հավանականությամբ, այն կլինի հայ-հունական, քանի որ ավելի քան մեկ տասնյակ հույն մասնագետներ ցանկություն են հայտնել ներկա գտնվել գիտաժողովին: Վստահաբար, այդ հնարավորությունը կընձեռվի նրանց: Այդ առիթով «Հայփոստի» հետ հայերեն ու հունարեն գրություններով բացիկ թողարկվեց՝ նվիրված Զմյուռնիայի կոտորածներին: Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ Նուբարաշեն թաղամասի փողոցներից մեկը կանվանակոչվի «Նոր Զմյուռնիա» անունով: Ըստ որոշ տվյալների՝ այդ փողոցի առաջին բնակիչները եղել են հենց Զմյուռնիայից տեղահանված հույները: Ուստի, խորհրդանշական է այդ փողոցի անվանումը «Նոր Զմյուռնիա» անունով: Անցյալ տարվանից մեր անգլերեն պարբերականը՝ «International Journal for Armenian Genocide Studies», սկսեց հրատարակվել տարեկան երկու անգամ: Ունենք նաեւ ցեղասպանագիտական հանդես եւ քայլեր ենք ձեռնարկում նաեւ մեր անգլերեն պարբերականը «Սկոպուս» շտեմարանային ցանցին կցելու համար: Եթե ոչ հաջորդ տարվանից, ապա հուսով ենք՝ 2024-ից մեզ դա կհաջողվի: Թանգարան-ինստիտուտը հրատարակում է նաեւ գրքեր: Մասնավորապես 2019-ից սկսած սկսել ենք «Ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարը: Ինչո՞ւ հենց այդ մատենաշարը. բանն այն է, որ թանգարանի ֆոնդերում կան շուրջ 80 հուշագրություններ, որոնք, մեծամասամբ, անտիպ են: Զգալի մասը ձեռագիր է կամ մեքենագիր, կան նաեւ, իհարկե, մուտքագրված տարբերակներ: Խնդիրը մեր հանրությանն ու մասնագետներին այդ հուշագրություններին ծանոթացնելն է: Վերապրածների հուշագրությունները շատ հաճախ գրական-գիտական աշխատություններ չեն, այլ անպաճույճ լեզվով, ոչ ընթեռնելի ձեռագրով շարադրված տեքստեր են: Սակայն մենք շատ ենք արժեւորում դրանք՝ որպես սկզբնաղբյուրներ։ Թանգարանը տարբեր տարիների հրատարակել էր զանազան աշխատանքներ, սակայն մենք այն դարձրինք մատենաշար։ Դեռեւս 5 հատոր է լույս տեսել։ Ի տարբերություն այլ աշխատությունների՝ սրանք մանրամասն ծանոթագրություններ ունեն։ Հավանաբար մյուս տարի՝ ապրիլին, կհրավիրենք գիտաժողով՝ նվիրված աքսորի թեմային։ Ենթադրում ենք, որ 15-20 հետազոտողներ կմասնակցեն գիտաժողովին, եթե ոչ ավելին։
-Պատահական չէ, որ կառույցը կոչվում է թանգարան-ինստիտուտ, այսինքն՝ իրականացնում է նաեւ գիտական գործունեություն։ Ի՞նչ է անում ինստիտուտը գիտականության ապահովման առումով։
-Ես միշտ շեշտում եմ, որ թանգարանը գիտահետազոտական, մշակութային հաստատություն է, այլ ոչ քաղաքական։ Երբեմն մարդիկ մեզնից ակնկալում են քաղաքական մեկնաբանություններ կամ դիրքորոշում, բայց թանգարանն իր գործառույթով, որն ամրագրված է 2017 թ. դեկտեմբերին ընդունված կանոնադրության մեջ, գիտական, հետազոտական, մշակութային գործունեություն իրականացնող ինստիտուտ է։ Մենք տարեկան հրատարակում ենք մոտ 35 հոդված հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով, մասնակցում ենք տարբեր գիտաժողովների։ Գիտականության պահպանման մի ձեւ է նաեւ համագործակցությունը։ Փորձում ենք այլ հաստատությունների հետ ոչ միայն ստորագրել պայմանագրեր, այլեւ միս ու արյուն հաղորդել դրանց։ Օրինակ՝ «Society for Armenian Studies» ԱՄՆ-ում գործող ինստիտուտի հետ միասին 2021-ի ապրիլին նոր բաժին ստեղծեցինք թանգարանում՝ Արցախի, Նախիջեւանի եւ Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրություններին նվիրված։ Բաժինն ունի երեք աշխատակից, որոնք հրապարակումները կատարում են անգլերենով։ Նպատակն Արցախի խնդիրներն անգլերենով միջազգային հանրությանը ներկայացնելն է։ Կարծում եմ, որ մեր անհաջողությունների հիմնական մասը պայմանավորված է գիտական դաշտում Արցախի հիմնախնդրի շուրջ ոչ բավարար ներկայացվածությամբ։ Նույն կազմակերպությունը մասնակցեց նաեւ 2021 թ. աշնանը հրավիրված գիտաժողովին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության հայկական պահանջատիրության եւ արցախյան հիմնահարցի ուսումնասիրություններին։ Իսկ արդեն այս տարի նրանցից շուրջ 140 կտոր գրականություն նվիրատվություն ստացանք։ «Society for Armenian Studies» կազմակերպության անդամներից մեկը՝ Բարլո Տեր-Մկրտչյանը, ով Ֆրեզնոյի համալսարանի դասախոս-պրոֆեսոր է, իր անվամբ մրցանակ սահմանեց, որը շնորհվում է լավագույն գրքի, հոդվածի, ժողովածուի համար։
2022 թ. լույս տեսած գրքերից կցանկանայի առանձնացնել Ռոբերտ Թաթոյանի աշխատությունը Առաջին աշխարհամարտի նախօրյակին Կիլիկիայի բնակչության թվաքանակի, ազգային կազմի մասին։ Ամենայն հավանականությամբ, Լիբանանում լույս կտեսնի նրա մյուս աշխատանքը՝ նվիրված Բիթլիս նահանգի բնակչության էթնիկ կազմին։ Էդիտա Գզոյանի կազմած ժողովածուն նվիրված է Հալեպի հայ որբերի մասին փաստաթղթերի ուսումնասիրություններին։ Այդ աշխատությունը մշակվել, ծանոթագրվել է հայերեն ու անգլերեն։ Մեր գիտաշխատողները 2021 թ. ունեցան հնգամյա հետազոտական թեմաներ։ Իսկ անցյալ տարի ունեցանք ատեստացիա, որը գիտկոմի պահանջով տեղի ունեցավ։ Գիտաշխատողների խումբն այդքան էլ մեծ չէ՝ 20-25 մարդ։ Գիտության ցանկացած ճյուղ եւ դա ուսումնասիրող գիտնականն ունեն մշտապես զարգանալու տեղ, այդ թվում նաեւ մենք։ Մեր աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլիներ, որ ի վիճակի լինեինք եւս 20 հոգի ընդունել մեզ մոտ աշխատանքի։ Սակայն, ցավոք, համապատասխան միջոցներ դեռեւս չունենք։
-Դուք խոսեցիք ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ծրագրերի մասին, որոնք կատարվել են։ Կցանկանայինք նաեւ նշեիք՝ ի՞նչ ծրագրեր են առաջիկայում սպասվում։
-Մենք մեր կայքէջում ունենք տեղադրված, թե ինչ խնդիրներ ենք ցանկանում լուծել, ինչի համար նաեւ օժանդակության կարիք ենք զգում։ Կայքէջը ստեղծվել է 2007 թ., այսինքն՝ այն 15 տարեկան է, էապես հնացել է, ժամանակին այն լավն էր։ Մենք որոշակի գումար ենք ստացել բարերարներից, «Ավրորա» հիմնադրամի կողմից եւ հույս ունենք մինչեւ տարեվերջ կայքէջը էապես թարմացնել, նաեւ որոնելի դարձնել ու մի շարք այլ գործառույթներ ավելացնել կայքէջին։ Ինչպես գիտենք, Հայրենական մեծ պատերազմի բոլոր զոհերը հայտնի են, եւ ստեղծվեց կայք, որտեղ նրանք անուն առ անուն հիշվում են, եւ որ ասում են, թե ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվել, դա գոնե անվանական մակարդակով ամրագրվեց։ 1937 եւ 1949 թթ. զոհերի անունները եւս հայտնվեցին հուշամատյաններում։ Հայոց ցեղասպանության համար նման ուսումնասիրություն չի արվել, այնպես որ, երբ ասում ենք հիշում եմ եւ պահանջում, ո՞ւմ ենք հիշում․ այս հարցը ներկա պահին չունի ամբողջական պատասխան։ Կունենանք պատասխան այն ժամանակ, երբ զոհերը կամ վերապրողները անվանական մակարդակով կամ ինչ-ինչ տվյալների մակարդակով գոնե թվային տարբերակով լինեն։ Այդ առթիվ, մի քանի տարի նախապատրաստական աշխատանքներ տանելուց հետո պետական նպատակային ծրագրով դիմեցինք գիտկոմին ցեղասպանության զոհերի, վերապրողների փաստագրման, ուսումնասիրության եւ թվանշային շտեմարան ստեղծելու նպատակով։ Կազմեցինք նման ծրագիր՝ 5 տարի ժամկետով։ Աշնանը նրանց կողմից պետք է պատասխան լինի, եւ եթե դրական լինի այն, ապա մյուս տարվա հունվարի 1-ից կսկսենք այդ գործը։ Խնդիր է դրվում ոչ թե հաշվել, այլ պարզապես որքան հնարավոր է տվյալներ հավաքել։ Լավրենտի Բարսեղյանի ժամանակ 3 փոքրիկ հատորյակ լույս տեսավ՝ ընդամենը 3 հազ. հոգու մասին տվյալներով, հետո քարտեր կազմվեցին՝ ավելի քան 10 հազ. տվյալներով։ Հետո այդ գործը կանգ առավ։ Սակայն իրականում հսկայական տեղեկատվություն կա, եւ կարծում ենք, որ ոլորտային աշխատանքների հնարավորություն պետք է ստանանք՝ նյութ հավաքելով, նաեւ սփյուռքի ներուժը օգտագործելով։ Խնդիրը բավական բարդ է, ծավալուն է, գիտակազմակերպչական մեծ մասնակցություն է պահանջում։ Իմ կարծիքով՝ գործը 1.5-2 տասնամյակ է պահանջում իրագործման համար, եւ կարեւոր է այն սկսելը։ Դրանից զատ, անցյալ տարվանից սկսեցինք հուշագրությունների նկարագրությունը։ Դժվար է այդ հուշագրությունը կարդալ, մանավանդ եթե այն ձեռագիր է, բայց գիտաշխատողների պլանների մեջ դա կա, թե ով է հեղինակը, որ ռեգիոնից է, ինչի մասին է տեքստը, ինչ բնույթի նկարագրություններ են դրանում, որպեսզի պոտենցիալ հետազոտողներն իմանան, թե այս շրջանի մասին կամ այս գյուղի մասին, այս երեւույթի մասին կան հուշագրություններ։ Մենք ունենք նաեւ զգալի քանակությամբ տեսագրություններ, որոնց մի մասը թվայնացված է, սակայն ճիշտն այն է, որ յուրաքանչյուր րոպեն նկարագրվի։ Ներկա պահին մենք ֆիզիկապես այդ ներուժը չունենք։ Այս մեծ ու հզոր ծրագիրը անհրաժեշտ է նաեւ կրթական նպատակներով։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում կա «Շոհա» հիմնադրամ։ Հայտնի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը 50 մլն դոլար ներդրեց, եւ հիմնադրամը ժամանակի ընթացքում տեսաձայնագրեց 55 հազ. վերապրողների, այսինքն՝ Հոլոքոստի հիշողությունները ֆիզիկապես պահպանված են, ինչը չի կարելի ասել մեր պարագայում։ Մեր պարագայում կան մինչեւ 3 հազ. տեսաձայնագրություններ, որոնց մի մասը հիմա մշակման փուլում է, եւ դրանք նույնպես կարիք ունեն թվայնացման։ Անհատական պատմություններ լսելն ու տեսնելը խոր հետք է թողնում։ 2015 թ. ստեղծված թանգարանի ցուցադրությունը դեռեւս չունի իր պատկերագիրքը։ Ժամանակավոր ցուցադրությունները եւս չունեն. դա կախված է ֆինանսավորման չափից։ Լավ կլիներ, որ ֆինանսավորումը հնարավորություն տար նաեւ պատկերագիրք հրատարակելու։ Մենք հիմա կազմել ենք շուրջ 200 էջ ծավալով հիմնական ցուցադրության բացատրագրերի աուդիոգիդերի համար տեքստեր, ինչը մեծ ու ծավալուն աշխատանք է, եւ փորձելու ենք դրանք մի քանի լեզուներով թարգմանել։ Այսինքն՝ սա նույնպես գումարներ է պահանջում թարգմանելու, ձայնագրելու համար։
-Պարոն Մարության, ասացիք, որ «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի «հիշում եմ»-ը թերի է, բայց արդյոք ձեւակերպվա՞ծ է, թե ինչ ենք պահանջում։
-Ես ունեմ հոդված «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը եւ Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման մարտահրավերները 21-րդ դարում» վերնագրով, տպագրված է ցեղասպանագիտական հանդեսում, կա նաեւ համացանցում։ Հարցադրումները հետեւյալն են. ո՞ւմ եմ հիշում, ի՞նչ եմ հիշում, ինչպե՞ս եմ հիշում, ի՞նչ եմ պահանջում, ումի՞ց եմ պահանջում եւ ինչպե՞ս եմ պահանջում։ Ես պարզապես այդ հարցերին փորձել եմ պատասխանել մեր առկա իրավիճակով եւ նախանշել եմ այն ուղիները, որոնց ուղղությամբ կարելի էր գնալ։ Ի՞նչ եմ պահանջում. որպես օրինակ բերել եմ 2015 թ. հռչակագիրը, որը, կարելի է ասել, համայն հայության անունից ներկայացվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, այնուհետեւ Արա Պապյանի մոտեցումները Հայ հեղափոխական դաշնակցության եւ արեւմտահայության ազգային համագումարի։ Մոտեցումները տարբեր են, եւ առ այս պահը չկա մեկ միասնական մոտեցում։ Դա լա՞վ է, թե՞ ոչ, կասեն քաղաքագետները։ Ումի՞ց եմ պահանջում. թվում է, թե պատասխանը միանշանակ Թուրքիայից, սակայն կարո՞ղ եք մի օրինակ ցույց տալ, երբ պահանջելով հարցը լուծվում է։ Այսինքն՝ ես ուզում եմ ասել, որ պահանջները զգալի չափով ուղղված են նաեւ ինքներս մեզ, մեր մասնագիտական հանրությանը, մեր քաղաքացիական հասարակությանը, մեր ինքնակազմակերպվածությանը, մեր հետեւողականությանը։ Այս ամենից է կախված, թե այդ հարցում կունենանք հաջողություն, թե ոչ։
-Դուք խոսեցիք նաեւ բարեգործների, բարերարների մասին. որքանո՞վ են իրենք կարեւորված։ Գիտենք, որ թանգարան-ինստիտուտին նվիրել են նաեւ գրադարան, աջակցել են տարբեր ծրագրերի, հրատարակություններ են արվել։
-2019 թ. Հայ ավետարանչական ընկերակցության օժանդակությամբ կազմակերպեցինք գիտաժողով՝ «Հայոց փրկության գործը Մերձավոր Արեւելքում 1915-1923 թթ.», որն ուղեկցվեց ցուցադրությամբ։ Մեր պայմանների բարելավման հարցում մեծապես օժանդակեց սանկտպետերբուրգցի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանը, ում նվիրատվությունը հետեւյալն էր. ստեղծեցինք ժամանակակից պայմաններին բավարարող գրապահոց։ «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի օժանդակությամբ վերահրատարակեցինք Ավրորա Մարդիգանյանի պատմությունը հայերեն եւ անգլերեն։ Նաեւ նրանց օժանդակությամբ մտադիր ենք թարմացնել մեր սոցկայքը։ Նրանց այս տարի դիմելու ենք նաեւ աուդիոգիդերի տեքստերի թարգմանության օժանդակության հարցով։ Ունեցանք օժանդակություն նաեւ Ֆրանսիայից վերոնշյալ պատմությունը ֆրանսերեն վերահրատարակելու համար։ Առաջին 4 համակարգիչները ստացել ենք «Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպությունից։ Վերջերս Սամո Ասլանյանը՝ Բելգիայում բնակվող հայ նկարիչ, նվիրաբերեց 33 կտավներ, որոնք առնչվում են ցեղասպանության թեմային։ Սակայն մեծ ծրագրերի իրականացմանը պետությունը պետք է փորձի օժանդակել, քանի որ չկան բարերարներ, որոնք ֆինանսավորում են այդ մեծ ծրագրերը։
-Հուշահամալիրի տարածքում նորարարությունների, փոփոխությունների մասին. ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին։
-Նախ ուզում եմ ասել, որ հուշարձանն արդեն 55 տարեկան է եւ նորոգման կարիք ունի։ Տարածքի հետ կապված՝ 2004 թ. թանգարան-ինստիտուտին հատկացվեց շուրջ 100 հեկտար տարածք։ Դա բավական մեծ տարածք է, սակայն այն մշակելու համար ունենք ընդամենը 10 բանվոր։ Շատ հաճախ նրանք իրականացնում են ծառատունկ, խնամում են տարածքը։ Մենք նաեւ դիմեցինք կառավարություն, որպեսզի այդ տարածքը դառնա հուշազբոսայգի, որտեղ ներկայացված կլինեն Արեւմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի անվանումներով պուրակներ։ Այնտեղ կարող էին լինել տեղեկատվական վահանակներ, մուլտիմեդիա համակարգով ստեղծված փոքրիկ ցուցադրություններ։ Նաեւ մտածում էինք, որ բուսականությունը կարող էր թարմացվել տվյալ շրջանին բնորոշ ծաղիկներով, ծառերով եւ թփերով։ Ավելացավ նաեւ եղեւնիների պուրակը, որտեղ տնկված են 210 եղեւնիներ շուրջ 4 տասնյակ պետությունների ներկայացուցիչների կողմից, եւ այդ պուրակն ինքնին ցուցիչն է ցեղասպանության միջազգային ճանաչման։
Քայլեր Հայոց ցեղասպանության դասավանդման բարելավման ուղղությամբ
Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ հանրային կարծիք ձեւավորելու նպատակով Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այս տարվա ապրիլին ներկայացրեց երկկուսակցական օրինագիծ։ Այն ընդունելու դեպքում առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար կհատկացվի Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների եւ դրա ներկա դրսեւորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։
Թե՛ Բունդեսթագի եւ թե՛ ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի որոշումների մեջ շատ հստակ արձանագրված է, որ պետք է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության դասավանդման բարելավման ուղղությամբ։ Հետեւաբար պատահական չէր, որ այդ որոշումներին հաջորդելու էին կոնկրետ քայլեր, որոնցից է Կոնգրեսի գրադարանին նախատեսված հատկացումը։ Հաշվի առնելով այն, որ Կոնգրեսի գրադարանի հայ-վրացական բաժինը ցեղասպանագետ է ղեկավարում, Մարությանը վստահ է, որ հատկացվող գումարը կծառայի իր նպատակին, այսինքն՝ կպատրաստվեն ձեռնարկներ, կանցկացվեն դասընթացներ ու վերապատրաստումներ ամերիկյան ուսուցիչների համար՝ Հայոց ցեղասպանության դասավանդումն իրենց ծրագրերում ներառելու նպատակով։
Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության դասավանդման հարցերով է զբաղվում «Genocide education programm»-ը։ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի Հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Ռոքսաննա Մաքասջյանը եւ Սառա Քոհենը տարիներ շարունակ լծված են այդ շնորհակալ գործին։ Մարությանը տեղեկացրեց, որ այդ նախաձեռնության եւ ՀՑԹԻ-ի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում այս տարվա հուլիսին Հայաստան են ժամանելու 15 ամերիկացի ուսուցիչներ, որոնց համար ինստիտուտը կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց. ծրագիրը կոչվում է «Ուսուցիչներն ուսուցիչների համար»։ Այնուհետեւ նրանք վերադառնալու են Միացյալ Նահանգներ եւ արդեն իրենք են վերապատրաստելու այլ ուսուցիչների։ «Այս ծրագիրը կլինի մեկանգամյա, թե շարունակական գործընթաց, ցույց կտա ընթացքը։ Համենայնդեպս, տրամադրվածությունն այն է, որ լինի շարունակական, եւ ընդգրկված լինեն թե՛ թանգարան-ինստիտուտի մասնագետները, թե՛ մասնագետներ ԱՄՆ-ից, մասնավորապես Սառա Քոհենը»,- ասաց «ՀՀ»-ի հյուրը։ Մարությանը նաեւ նշեց, որ Հայոց ցեղասպանության դասավանդման գործն առաջ տանելու հարցում բավականին փորձառություն ունի ամերիկահայությունը, մասնավորապես մեթոդաբանության տեսանկյունից։ Դրա պատճառներից մեկն այն է, որ Միացյալ Նահանգներում Հոլոքոստի դասավանդման խնդրով պայմանավորված արդեն իսկ բավականին աշխատանք կա արված։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խնդիրներ կլուծի կրթական ակտը ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ՝ մեզ՝ հայերիս համար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ընդգծեց, որ պատմության դասագրքերը հիմնականում վերաբերում են պատմական իրադարձություններին, մինչդեռ այդքանը բավարար չէ մեր ինքնության մեջ Հայոց ցեղասպանության խնդիրն ամրացնելու համար. «Հայոց ցեղասպանությունը մեր ինքնության ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է։ Այն շատ հաստատուն տեղ է գրավում հետագա սերունդների ինքնության շերտերում, քանի որ առնչվում է նաեւ հայերիս կորցրած իրավունքների, պատմական արդարության ու ճշմարտության վերականգնմանը, բարոյականությանը։ Այսինքն՝ առնչվում է թե՛ հայկական, թե՛ համամարդկային բնույթի հասկացությունների հետ։ Դրանով է պայմանավորված, որ այն նեղ ազգային խնդիր չէ, եւ բազմաթիվ հարցեր են ծագում, որոնք պատասխան են ուզում։ Ցավոք, այդ պատասխանները պատմության դասագրքերում չկան, իսկ այդ հարցերն առկա են մեր իրականության մեջ եւ դեռահասին, պատանուն պետք է մատուցվեն մի քիչ այլ ձեւով, ելնելով այսօրվա իրականությունից եւ որպես հիմնավորում օգտագործելով անցյալի դասերը»։
Նկատենք, որ օրինակ՝ ժխտողականություն քարոզողները ասում են, թե իբր «հայերը դավաճան են եղել», այնինչ այդ զրպարտանքին հակադարձող պատասխան չկա մեր դասագրքերում։ Կամ մեկ այլ կեղծիք, որ «հայերը կոտորվել են առանց դիմադրելու»։ Մարությանի դիտարկմամբ, այս մասին էլ դասագրքերում քիչ է ներկայացված, կա ընդամենը մեկ պարագրաֆ՝ նվիրված ինքնապաշտպանական մարտերին, սակայն որակական բնույթի եզրակացություններ դրանից չեն արվում։ «Մենք միշտ խոսում ենք օտարների կողմից հայերին տրված օժանդակության, օգնության մասին։ Դա իրավամբ այդպես է, այդ մարդկանց անուններով փողոցներ ու դպրոցներ են անվանակոչվում, գրքեր են հրատարակվում, սակայն մենք շատ քիչ ենք խոսում հայերի փրկության գործում հենց հայերի մասնակցության մասին։ Դա շատ եմ կարեւորում, թե չէ ստացվում է, որ մենք ձեռքերը ծալած նստած էինք, միայն օտարներն էին մեզ օգնում։ Դա այդպես չէ՛, բազմաթիվ հայկական կազմակերպություններ, հայ բարերարներ, հայ ուսուցիչներ, շատ մարդիկ են ներգրավված եղել այդ գործին»,- ասաց նա։
Մյուս չափազանց կարեւոր իրողությունը, որի մասին գրեթե չի խոսվում, այն է, որ հայ ժողովուրդը վերապրել է, հետեւաբար ինչ-որ առումով հաղթահարել է ցեղասպանությունը։ Ըստ Մարությանի, վերապրելը շատ կարեւոր հատկանիշ է, որը միայն դրական կերպով է ցույց տալիս մեր ազգային ունակությունը։ Մենք նաեւ ստեղծեցինք սփյուռք, որը հզոր մշակութային, քաղաքական, տնտեսական գործոն է, եւ պետք է ամեն ինչ անել Հայաստան-սփյուռք կապերն ավելի ամրապնդելու համար։ «Այդ ամենը ստեղծվեց ցեղասպանությունը վերապրածների շնորհիվ, որոնք թեեւ թշվառ վիճակում էին, օտար երկրներում իրենց գլխավերեւում անգամ ծածկ չունեին, բայց մարդիկ կարողացան, իրենց մեջ ուժ գտան եւ նոր կյանք ստեղծեցին։ Սրանք հպարտանալու բաներ են, եւ այդ որակները կարող են հպարտություն առաջացնել դեռահասի եւ երիտասարդի մոտ»,- ասաց նա՝ հավելելով, որ հայերը ցույց տվեցին նաեւ ընտանեկան, բարեկամական կապերի ամրության, անշահախնդիր օգնության, մեկը մյուսի հանդեպ հոգատարության, ձեռք մեկնելու հարյուրավոր, հազարավոր օրինակներ։ Դրանք որակներ են, որոնց մասին պետք է անընդհատ, շարունակաբար թմբկահարել եւ հպարտանալ։ Այդ ամենից ելնելով, «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» հատուկ կուրսի մեջ նման խնդիրներին պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել ի թիվս հայերի կրած կորուստների, զոհերի։
Ապրիլի 24-ի խորհուրդը
Մենք հարյուր տարի շարունակ նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը եւ, ինքնըստինքյան, «զոհեր» բառն անընդհատ շեշտադրելով ամրապնդում ենք զոհի կաղապարը, ամեն ինչը կապում ենք զոհի հետ, մինչդեռ մենք ունեցել ենք բազմաթիվ դիմադրության, ինքնապաշտպանության դեպքեր։ Հարություն Մարությանի կարծիքով, անհրաժեշտություն կա վերաբանաձեւելու ապրիլի 24-ի խորհուրդը՝ շեշտադրելով դիմադրության փաստը. «Հրեաները 1951-53 թթ. Հոլոքոստի հարցը Կնեսետում քննարկելու արդյունքում հիշելու առումով նույն հարթության մեջ են դրել զոհերին եւ հերոսներին։ Մեր պարագայում նման քննարկումներ չեղան, հարյուր տարի շարունակ մենք պաշտոնապես հիշատակում ենք միայն զոհերին։ Հարյուր տարի է անցել, մենք մտել են տարբերվող իրականություն եւ, իմ համոզմամբ, ժամանակն է փոխելու շեշտադրումները»։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն առաջարկում է ապրիլի 24-ը վերաբանաձեւել «Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր» կամ «Հայոց ցեղասպանության հիշատակի օր. զոհեր, դիմադրողներ, վերապրողներ»։ Այս պարագայում կհիշենք բոլորին, այդ թվում՝ վերապրողներին, քանի որ նրանք էլ զոհեր էին, որոնք իրենց ամբողջ հետագա կյանքի ընթացքում կրել են այդ ծանր հիշողությունը։ Նրանցից շատերը չկարողացան կրթություն ստանալ, բարեկեցիկ ապագա կառուցել, սակայն, այնուամենայնիվ, նրանք չեն սպանվել, այլ վերապրել են, կերտել սփյուռքը, ազգածնություն են իրականացրել եւ, ըստ Մարությանի, նրանք նույնպես արժանի են, որպեսզի հիշենք նրանց։ «Դիմադրողները մի դեպքում հաղթանակել եւ ապրել են, մյուս դեպքում՝ պարտվել են եւ մահացել, բայց հենց այնպես չեն զոհվել։ Այդ իսկ պատճառով նրանց բոլորին պետք է հիշել, այսինքն՝ ինքնության մեջ այդ փոփոխությունն է պետք անել։ Դա մեծապես կնպաստի Հայոց ցեղասպանության մի քիչ այլ ձեւի ընկալմանը, ոչ միայն որպես կորստի հիշողություն, այլեւ հիշողություն, որտեղ տեղ ունի դիմադրությունը, վերապրելն ու պայքարը»,- մեկնաբանեց նա։
Ճանաչում, իսկ հետո՞…
Բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մեծ սպասելիքներ կային հատկապես Միացյալ Նահանգների նախագահի ճանաչումից։ Ի վերջո, ո՞րը պետք է լինի մեր հաջորդ քայլը, անելիքը։ Արդյո՞ք բավարար է միայն ճանաչումը, թե պետք է կենտրոնանալ արդեն պահանջատիրության վրա։ Մարությանը նկատեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միայն երեք պետություններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահագները։ Մեծ Բրիտանիայում այդ գործընթացը սկսվեց, բայց հայտնի չէ, թե ինչ ավարտ կունենա։ «Ճանաչումն իրականում անհրաժեշտ է տվյալ երկրի հայ քաղաքացիներին։ Միացյալ Նահանգներում են բնակվում ցեղասպանությունը վերապրած երրորդ, չորրորդ սերնդի ժառանգները։ Նրանց համար ճանաչման հանգամանքը կարեւոր է, քանի որ այդ պետության կերտմանը մասնակցել են բոլոր հնարավոր միջոցներով՝ իրենց աշխատանքն են ներդրել, գիտելիքները, ունակությունները։ Օրինակ՝ Գերմանիայում մինչեւ ճանաչումը հայկական հավաքներն առանձնապես չէին ողջունվում, որովհետեւ այնտեղ կա նաեւ զգալի քանակությամբ թուրք բնակչություն»,- ասաց նա։
Միաժամանակ ճանաչումն իր հետ բերում է ոգեկոչման լիարժեք իրավունք եւ, Մարությանի համոզմամբ, թանգարան ստեղծելու հնարավորություն է ընձեռում։ Բազմաթիվ վայրերում մենք ունենք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարյուրավոր հուշարձաններ, բայց թանգարանները շատ քիչ են. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ Երեւանում, Արարատ-Էսքիջյան թանգարանը՝ Լոս Անջելեսում, որբերին նվիրված թանգարանը՝ Բեյրութի մերձակայքում, Հայոց ցեղասպանության թանգարան կար նաեւ Սիրիայում՝ Դեյր Էլ Զորում, որը, սակայն, պայթեցվեց։ Սիրիայի նախագահ Բաշար այ Ասադը խոստացել է այն վերականգնել։ Համեմատության համար պետք է նշել, որ Մարությանի մի քանի տարի առաջ իրականացրած հաշվարկների համաձայն, աշխարհում Հոլոքոստին նվիրված կա 70 ցուցադրություն եւ թանգարան։ «Արդյո՞ք բավարար է մեր ունեցած մի քանի թանգարանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համար, թե ոչ։ Միանշանակ բավարար չէ, որովհետեւ թանգարանն աշխատում է տարվա մեջ 300 օր, իսկ հուշարձանը՝ մեկ-երկու օր։ Հուշարձանը առաջին հերթին այդ երկրի հայազգի քաղաքացիների համար է, որոնք հավաքվում են այդ հուշարձանի մոտ եւ ոգեկոչում զոհերի հիշատակը, մինչդեռ թանգարանը նաեւ հետազոտական հաստատություն է, որտեղ այցելում են այդ երկրի քաղաքացիներն ու հյուրերը»,- բացատրեց նա։ Այդ հանգամանքից ելնելով, սփյուռքի մեր համայնքները պետք է բարձրացնեն նշաձողը, ավելի բարձր խնդիրներ դնեն իրենց առջեւ։
Ճանաչման գործընթացը կարեւոր խնդիր է լուծում քաղաքական առումով. դա հնարավորություն է տալիս ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, որի ներկայիս իշխանությունները նույնպես շարունակում են ժխտողական քաղաքականությունը։ Մարությանը հույս հայտնեց, որ չնայած թուրքական իշխանության դիրքորոշմանը, շարքային քաղաքացիները միգուցե իրենք իրենց հարց կտան, թե ինչու են այնուամենայնիվ այլ պետություններ, այդ թվում՝ իրենց դաշնակից երկրների իշխանությունները ճանաչում Հայոց ցեղասպանությունը. «Քանի դեռ թուրքական իշխանությունները շարունակում են ժխտողականության քաղաքականությունը, պետք է ճնշումները լինեն երկկողմանի, թե դրսից, թե ներսից, այսինքն՝ թուրքական հասարակությունում տեղի ունեցող զարգացումների արդյունքում»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ