Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ուներ իր հստակ ուղերձները՝ Հարավային Կովկասի հետպատերազմյան աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում: Երեւանում նա պաշտոնի բերումով կրկնեց Իրանի բարձրագույն ղեկավարի՝ արդեն բազմիցս հրապարակած դիրքորոշումներն Արցախի Հանրապետության եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ու զարգացումների վերաբերյալ:
ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ: Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որեւէ փորձ, եւ նշել, որ իր երկիրը եւս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման շրջանակներում:
Այն փուլում, երբ որոշակիորեն ակտիվացել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, տեղաշարժեր կան տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, Թեհրանը չէր կարող խոսք չասել իր համար գերկարեւոր հյուսիսային սահմանների մոտ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, եւ դա արեց իր ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի այցի միջոցով:
Լիովին օրինաչափ էր, որ իրանցի պաշտոնյայի քննարկումների հիմնական մասը վերաբերում էր տնտեսական համագործակցության, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ տնտեսատրանսպորտային ուղղության խնդիրներին: Մասնավորապես՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ կարեւորվել է առեւտրաշրջանառության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության եւ այլ ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Ալի Շամխանին ՀՀ ԱԽ քարտուղարի հետ այլ անվտանգային հարցերից զատ քննարկել է նաեւ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները: Առանձին անդրադարձ է կատարվել Իրանի Չաբահար նավահանգստի տնտեսական եւ քաղաքական գործոնին, դրա համատեքստում՝ Սյունիքի դերի եւ կարեւորության հարցերին: Կողմերը վերահաստատել են Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում համագործակցության պատրաստակամությունը:
Արդեն տխուր ավանդույթ է դարձել, որ Հայաստանում կամ արտերկրում գործընկեր պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումների նախաշեմին կամ ընթացքում Ադրբեջանն իր մասին հիշեցնում է սահմանային միջադեպերով: Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի՝ Հայաստան կատարած այցը բացառություն չեղավ: Մինչեւ պաշտոնյայի այցը՝ ադրբեջանական զինուժը Նախիջեւանի ուղղությամբ հրադադարը խախտեց Խաչիկ գյուղի մոտ, իսկ այցի օրը՝ Ելփին գյուղի: Երկու դեպքում էլ թշնամին թիրախավորել էր քաղաքացիական մեքենաները, որոնք թափանցիկ ակնարկ էին պարունակում: Ընդ որում՝ եթե Խաչիկի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման փաստն Ադրբեջանը փորձեց հերքել, Ելփինի միջադեպի վերաբերյալ հերքում չհետեւեց:
Ալի Շամխանիի այցը փաստեց, որ Իրանը վճռական է տրամադրված Հայաստանով անցնող Հարավ-Հյուսիս տրանսպորտատնտեսական հաղորդակցության ուղու զարգացման ուղղությամբ, որի զգալի մասն անցնելու է Հայաստանի տարածքով: Ադրբեջանը եւ Թուրքիան այս փուլում չեն ուզում ցույց տալ իրենց անհամաձայնությունն այս նախաձեռնությանը՝ սահմանային կրակոցներով հիշեցնելով, որ տարածաշրջանում իրենք էլ կան, սակայն վաղ թե ուշ ստիպված են լինելու համակերպվել տարածաշրջանային հաղորդակցության այս ուղու գործարկման հետ եւ ավելի ճիշտ կանեն այն չհակադրել Արեւելք-Արեւմուտք հաղորդակցության ուղուն, այլ համադրելու եզրեր փնտրեն տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության շրջանակներում: