«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահի» հերթական հյուրը հայ ժողովրդական, կոմիտասյան, գուսանա-աշուղական երգարվեստի խնկարկու, այդ երգերը հայրենիքում ու նրա սահմաններից դուրս բազմիցս ներկայացրած, տարբեր փառատոներից հաղթանակով վերադարձած երգիչ Հայկ ՄԽՈՅԱՆՆ է:
Յուրաքանչյուր ոք գալիս է իր արմատներից: Մանավանդ հայ մարդը, որ հողմահալած ամպի նման տարտղնվել է մայրցամաքներով մեկ, պարտավոր է իմանալ իր արմատները: Սիրված երգչի խոսքը հենց այս խորհրդով սկսվեց:
-Իմ ապուպապերը ծնունդով Մուշ-Ալաշկերտից են,- շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ իր խոսքն այսպես սկսեց Հայկ Մխոյանը,- նրանք հարազատ ոստանից Արեւելյան Հայաստան են եկել 1829-ին, հանգրվանել Տաշիրի Մեծավան գյուղում, որտեղ էլ աչքերս եմ բացել ես: Տեղի միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ ուսանել եմ նաեւ մայրաքաղաքի Ջիվանու անվան աշուղական դպրոցում: Այնուհետեւ բախտ է վիճակվել ավարտել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժինը (դասախոս՝ Սամվել Գալստյան, ամբիոնի վարիչ՝ կոմպոզիտոր Արզաս Ոսկանյան): Ի դեպ, հենց այս կրթօջախում ուսումնառության տարիներից էլ սկսվել է իմ մենահամերգային գործունեությունը:
Երգիչը վերհիշեց իր առաջին համերգային շրջագայությունը հարազատ միջավայրից դուրս. դա 2009 թվականին էր, երբ համերգային հարուստ ծրագրով հանդես եկավ ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում: Դրան հաջորդեցին 13 մենահամերգները Ռուսաստանում, Ուկրաինայում, մայր հայրենիքում, Բեյրութում, Եվրոպայում:
-Համերգներից զատ, մասնակցել եմ երգի միջազգային մրցույթների: Դրանցից առաջինը 2014-ին Բուղարիայում էր, որտեղ դարձա առաջին կարգի դափնեկիր: Դրանից հետո հրավերներ եղան ԱՄՆ-ից, Չինաստանից, Կանարյան կղզիներից, Իտալիայից: Ցավոք, քանի որ չկար պետական մոտեցում, ես չէի կարող արձագանքել: Հետեւաբար, մասնակցեցի մի քանի այլ մրցույթների, որոնց հաջորդեց մեզ համար խորհրդանշական 2015 թվականը, երբ նշվում էր Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Եվ ահա կրկին հրավեր ստացա Բուլղարիայից՝ մասնակցելու երգի երկու խոշոր մրցույթների: Առաջին մրցույթին 135 մասնակից-մրցակիցներով, իսկ երկրորդը «Բալկան ֆոլկն» էր՝ մասնակցությամբ 60 երկրներից ժամանած 450 երգիչ-կատարողների՝ այդ թվում նաեւ Թուրքիայի: Բավական հայտնի ու ընդգրկուն էր մրցույթը, որում հաղթող ճանաչվեցի. ինձ շնորհվեցին Ոսկե մեդալ, Գրան Պրի: Մյուս մրցույթում նույնպես ես էի այս երկու հնչեղ մրցանակների մրցանակակիրը:
Այսպես անդրադարձավ տաղանդավոր երգիչը իր ոչ վաղ անցյալի ազգաշահ նվաճումներին՝ նաեւ շեշտելով, որ նպատակ էր դրել ներկայացնելու Կոմիտասին:
-Առաջին մրցույթի ժամանակ ես հասկացա,- ասաց Հայկը,- որ դրսում չեն ճանաչում հայոց երգի վեհափառին: Եվ խնդիր էի դրել երկրորդ մրցույթի շրջանակներում ներկայացնել նրան: Դրա հնարավորությունը կար, քանի որ յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ տնօրինելու երեք երգ կատարելու համար իրեն տրամադրված 15 րոպեն՝ առանց խոսք ասելու: Բայց ես կարծես գտել էի խոսք ասելու բանալին. մի դրվագ պատմեցի, երբ 1906 թ. Կոմիտասը նվաճեց Փարիզը, համերգասրահում էր նաեւ աշխարհահռչակ, այդ ժամանակների կոմպոզիտորների «ահուսարսափ» Կլոդ Դեբյուսին՝ դաշնակահար եւ երաժշտական քննադատ, ով համերգի ընթացքում մոտենում է, ծնկում Կոմիտասի առջեւ՝ հայտարարելով. «Ով հայր Կոմիտաս, ես խոնարհվում եմ քո հանճարի առջեւ…: -Եվ շրջվելով դեպի ներկաները՝ ասում. -Եթե Կոմիտասը գրած լիներ թեկուզ միայն «Անտունին», ապա դա էլ բավարար կլիներ, որպեսզի նա համարվեր համաշխարհային հռչակ վայելող կոմպոզիտոր…»: Իսկ Դեբյուսին եվրոպացիների համար կուռք էր,- շարունակեց երգիչը.- եւ ես հնչեցրի այն հարցը, թե ինչու է այդ մեծ ֆրանսիացին ծնկել Կոմիտասի առջեւ, դե հիմա իմացեք, թե ով է Կոմիտասը: Բնականաբար, օգտագործելով առիթը՝ խոսեցի նրա մասին, իսկ խոսքս թարգմանվում էր: Հայկական եռագույնն էր ուսերիս, կրծքիս՝ անմոռուկը: Եվ երգեցի կոմիտասյան «Կռունկն» ու «Հորովելը»: Երբ խոսում էի հանդիսավարի հետ, նրան հետաքրքրեց երգերի թեմատիկան, եւ ես հասա այն բանին, որ երգի միջազգային մրցույթում հնչեցրի Հայոց եղեռն, «ցեղասպանություն» եզրույթները: Ինձնից հետո Թուրքիայի ներկայացուցիչն էր ելույթ ունենալու. միայն տեսնել էր պետք նրա վիճակը… Դրանից հետո էր, որ ինձ շնորհվեցին վերոնշյալ մրցանակները, նաեւ, այսպես կոչված, երգի չեմպիոնի տիտղոսը: Կա այսպիսի բան: Հաղթանակած վերադարձա հայրենիք: Դրանից հետո նոր մենահամերգներ ունեցա Ռուսաստանում, Իսպանիայում, Բելգիայում:
Պատասխանելով հարցին, թե ինչով է զբաղված եղել միջազգային մրցույթներում հաղթանակած երգիչը, Հայկ Մխոյանը վկայաբերեց մեզ համար աղետալի պատերազմը, կորոնավիրուսային պատուհասը, որոնցով պայմանավորված՝ ինքն անցել էր «կուլիսային աշխատանքների»: Հիշատակեց, որ դրանցից առաջ մշտապես եղել է հայ զինվորի կողքին՝ մենահամերգներ տալով Հայաստանի եւ Արցախի տասնյակ զորամասերում, խրամատներում, առաջնագծում: Համերգներ՝ առանց որեւէ օժանդակության եւ առանց որեւէ ակնկալիքի: Ելույթներ՝ ծերանոցներում ու մանկատներում: Սքանչելի գործունեություն, որով առանձնանում է սիրված արվեստագետը:
Հայկ Մխոյանը, ընդառաջելով «ՀՀ»-ի գլխավոր խմբագրի առաջարկին, հանդիպասրահի մտերմիկ մթնոլորտն առավել ջերմացրեց կոմիտասյան սրտամոտ ու հոգեպարար երգով: Այնուհետեւ խոսեց հայ հոգեւոր, ժողովրդա-գուսանական, աշուղական երգարվեստի մասին, կարեւորեց մեծն Ջիվանու դերակատարումը հայ աշուղական երգերի կատարյալ հայացման, այլազան տարրերից մաքրազարդման-զուլալեցման գործում: Երգիչը կատարեց նրա իմաստուն «Քանքարավոր ընկերը»: Կրկին անդրադարձավ Կոմիտասին, նրա ահռելի վաստակին, ով առաքելություն ուներ սկզբնավորելու նաեւ հայ կոմպոզիտորական դպրոցը: Չմոռացավ իրեն ու ազգին համաշխարհային ճանաչում պարգեւած Արամ Խաչատրյանի երաժշտարվեստը, որն իր ակունքներով կրկին ու կրկին ազգային էր՝ անկախ խորհրդային ժամանակների «ապազգայինի» քարոզչությունից ու պարտադրանքներից:
Հանդիպասրահում հնչեց նաեւ սիրված Գուսան Հայկազունի հանրահայտ «Պիտի գնանք վաղ թե ուշ» երգը, որից հետո կրկին արծարծվեց կոմիտասյան թեման՝ այս անգամ՝ նրա թանգարան-ինստիտուտի գործառնական, Կոմիտասին եւ Հայաստանի, եւ համաշխարհային հանրությանը ներկայացնելու՝ այս օջախի դերակատարման իմաստով. նաեւ այս հարցը չշրջանցեց «ՀՀ» գլխավոր խմբագիրը: Երգչի կարծիքով՝ կան արվեստի տեսակներ, որոնք իրենց ճանապարհն այս կամ այն կերպ գտնում են,-ասաց նա եւ շարունակեց,- բայց կոմիտասյան կամ ազգային արվեստը անպայման պիտի պետության հովանավորությունն ունենա: Հիմա կարող են լինել մարդիկ, որ օրինակ կբերեն ինչ-ինչ փոքրիկ հովանավորություններ: Բայց դա աննշան է: Տեսեք՝ երբ գնում ես Եվրոպա, զգում ես, թե ինչպիսի պատկառազդու վերաբերմունք կա Բախի, Բեթհովենի, Մոցարտի արվեստի հանդեպ: Եվ նախանձում ես: Բայց ինձ ու իմ նմանների համար Կոմիտասն այս մեծերից առավել անհատականություն է: Ես սա ասում եմ որպես հայ մարդ, որպես երաժիշտ եւ աշխարհը քիչ թե շատ տեսած մարդ: Հիմա. այն, որ թանգարան-ինստիտուտը կա, շատ լավ է, բայց թե որքանով է իր գործառույթը կատարում, այս պահին չեմ ուզում գնահատական տալ: Որովհետեւ՝ նախ որ խորքով չեմ դիտարկել նրանց արածը, բայց որ թերություններ կան՝ իրենք էլ են դա ասում: Կոմիտասի հանդեպ արվածներն էլ են շատ թերի: Դա էլ են իրենք փաստում: Չի կարելի նշում անել ինչ-որ բան արած լինելու համար՝ էսինչ օրը հիշեցինք Կոմիտասին: Կոմիտասին պիտի հիշենք ամեն օր: Նա, որպես մշակույթ, մեր արյան մեջ պիտի լինի: Կոմիտաս ամեն օր պիտի երգենք՝ ամեն պատեհ եւ անպատեհ առիթով: Ասում ենք, չէ՞, Մաշտոցի արածին համարժեք է հանճարեղ վարդապետի արածը՝ առաջինը հայ լեզուն, հային փրկեց, երկրորդը՝ հայ երգը, հայի հոգին:
Հայկ Մխոյանը խոսեց նաեւ կոմիտասյան խազագիտության մասին, նաեւ այս ասպարեզում վերջինիս դրսեւորած հանճարի մասին՝ նրա արածը համեմատելով մի ողջ ինստիտուտի գիտական ու գործնական աշխատանքի հետ.
-Նա հայ մարդու տիտանական տեսակն էր, որին ժամանակին չպահեցինք եւ ոչ էլ հիմա ենք պահում…
Հանդիպման ավարտին երգիչը վերստին կարեւորեց արվեստի ու ոլորտի մարդկանց հանդեպ պետական պատշաճ հոգածության դերը: Նաեւ այն բարեգործների, ովքեր արժեւորում են մշակույթն ու աջակցության ձեռք մեկնում: «Ինքս շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց,-ասաց Հայկ Մխոյանը,- ովքեր եղել են կողքիս եւ բարեգութ սրտով իրենց օրհնյալ նպաստը բերել ձեր այսօրվա հյուրին…»: