Արցախյան վերջին պատերազմում հայրենիքից հարկադրաբար հեռացան նաեւ քաշաթաղցիները։ Եվ շատ ընտանիքներ այսօր ունեն աշխատանքի, զբաղվածության, աջակցության եւ բնակարանի խնդիր։
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը, որը գրեթե կես տարվա պատմություն ունի, տարբեր հարցերում է օգնել քաշաթաղցիներին։ Հատկապես կարեւորվում է այն, որ նրանց համար ստեղծվեն աշխատելու պայմաններ, որպեսզի ընտանիքն ինքը հոգա իր ապրուստը եւ ինչ-որ տեղ նաեւ օգնի պետությանը։ Տարբեր ծրագրերի շրջանակում կազմակերպությունը «Թեքեյան մշակութային կենտրոնի» հետ որոշ ընտանիքների է աջակցել՝ նրանց հատկացնելով մեղվաընտանիքներ։ Այս հարցում քաշաթաղցիներին աջակցել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։
Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով զրուցեցինք «Վերադարձ դեպի Քաշաթաղ» եւ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ների ներկայացուցիչներ Անահիտ Քոսակյանի եւ Նարեկ Սարգսյանի հետ։ Ա. Քոսակյանը տեղեկացրեց՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի դպրոցը կոչվում էր Վահան Թեքեյանի անունով, եւ «Թեքեյան մշակութային միությունը», «Թեքեյան կենտրոնը» մշտապես աջակցել են դպրոցին։ Այժմ այլ է խնդիրը. այլեւս չի գործում Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը, սակայն թեքեյանականները շարունակում են իրենց աջակցությունը։ Այս անգամ Միացյալ Նահանգների եւ Կանադայի «Թեքեյան մշակութային միության» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գայանե Մուրադյանի եւ Կանադայի ներկայացուցիչ Արտո Մանուկյանի հետ որոշել են համագործակցել «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ եւ քաշաթաղցիներին բարեգործական ծրագրի շրջանակներում անհատույց հատկացնել մեղվաընտանիքներ։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի մասին իմացել են Արտո Մանուկյանի շնորհիվ, ով ծանոթ է այս ՀԿ-ի մեղվաբուծության զարգացման ծրագրի հովանավոր Թոնի Հալեպլիի հետ։ Նարեկ Սարգսյանը, ով Վայոց ձորի Գլաձոր գյուղում է ծնվել եւ բնակվում է հայրենի մարզում, ներկայացնելով իրենց ծրագրերը, տեղեկացրեց. «Մեղվապահությունը համարելով Վայոց ձորի մարզում գյուղատնտեսության զարգացման առաջնային եւ կարեւորագույն ճյուղերից մեկը՝ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 2016-ից իրականացնում է «Վայոց ձորում մեղվապահության զարգացում» ծրագիրը կանադական «Ատկեն Արմենիան Հիմնադրամի» օժանդակությամբ։ Այն նպատակ ունի լուծելու մարզի մի շարք բնապահպանական եւ սոցիալական խնդիրներ»։ Նշեց, որ սկզբնական շրջանում ծրագրով զբաղվել են ինքն ու Հակոբ Սարդարյանը։ Այժմ նույն ծրագրում ընդգրկված են 35-ից ավելի շահառու, եւ միասին ունեն 237 մեղվաընտանիք։ «Ծրագրում ընդգրկված շահառուներին տրվում են մի քանի մեղվաընտանիքներ՝ իրենց համապատասխան մեղվապահական պարագաներով։ Ապա սկսնակ մեղվապահները մասնակցում են գլխավոր մեղվապահի կողմից իրականացվող տարբեր դասընթացների եւ վերապատրաստումների, որոնց միջոցով է՛լ ավելի են խորացնում գիտելիքներն ու հմտանում ոլորտի մեջ։ Այս պահին ծրագրի միջոցով մարզն ունի 36 վարպետ (վերապատրաստված) մեղվապահներ, ովքեր տարեցտարի ավելացնում են մեղուների քանակն ու մեղրաբերքը»,- հավելեց Նարեկը, ով այժմ համակարգում է իրենց ՀԿ-ի մեղվաբուծության բնագավառը։
Նշենք, որ «Սյունիք-Զարգացում»-ը զբաղվում է գյուղատնտեսական այլ բնագավառների զարգացմամբ եւս։ Վերջերս Միացյալ Նահանգների եւ Կանադայի «Թեքեյան մշակութային միության» հայաստանյան ներկայացուցչության, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» եւ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ների նոր համագործակցության շնորհիվ Արցախից տեղահանված եւ Վայոց ձորում բնակություն հաստատած արցախցի 8 ընտանիքի հնարավորություն տրվեց կրկին զբաղվելու մեղվապահությամբ, քանի որ պատերազմի պատճառով այդ ընտանիքները կորցրել էին ամեն ինչ։ Ն. Սարգսյանը հավելեց՝ մեղվաընտանիքները տրվում են պայմանագրով, որ մեղվաբերքի 10 տոկոսը տրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքների, բացի այդ, պետք է մեղվաընտանիքների խնամքը լինի պատշաճ։ Մեղվափեթակները նոր են, սկսնակ մեղվապահներին հատկացվում է նաեւ համապատասխան դեղանյութ։
Ա. Քոսակյանն ասաց՝ իրենք ներկայացրել էին 12 ընտանիք, սակայն առայժմ 8 ընտանիք է ստացել 5-ական մեղվափեթակ։ Իսկ ինչո՞ւ միայն Վայոց ձորի մարզում բնակվողներին է հատկացվել մեղվաընտանիք հարցին Ն. Սարգսյանը պատասխանեց. «Հաշվի առնելով Վայոց ձորում մեղվապահության զարգացման հեռանկարները, ծրագիրը նպատակ ունի նպաստելու ամուր տնտեսության, հետեւապես նաեւ հզոր հայրենիք կառուցելու առաքելությանը։ Մարզը հայտնի է իր լանդշաֆտային բազմազանությամբ եւ ռելիեֆի գոտիականությամբ»։ Հավելեց նաեւ՝ ծրագիրը շարունակական է, միայն պետք է հովանավորներ լինեն։