Երկու օր առաջ Սեւանա լճի մի քանի հատվածներում դիտարկում եմ արել՝ Ծովինար գյուղին մոտ, Գավառի մոտ, Նորաշենից Սեւան հատվածում։ Ծովինարի մոտ լճի գույնը դեռ չէր կանաչել, Գավառի մոտ արդեն լճի կապույտն էր կորել, իսկ Նորաշենից Սեւան հատվածում նույնիսկ գարշահոտն էր խեղդում։ Սեւանի այսօրվա վիճակի հակիրճ նկարագիրն է՝ իբրեւ չլուծված խնդիրների հետեւանք «ծաղկումը»։
Ի՞նչ են արձանագրում մասնագետները, ի՞նչ վիճակ է՝ շա՞տ կծաղկի։ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը երեկ «ՀՀ»-ի հետ զրույցում փաստեց. «Ծաղկումը միանշանակ սկսվել է։ Ես մի քանի ամիս առաջ եմ ասել, որ այս տարի էլ լիճը հաստատ ծաղկելու է եւ, հնարավոր է, ավելի թափով ու շատ, քան նախորդ տարի։ Լճի մակարդակը չենք բարձրացնում, մաքրման կայանները չկան, կեղտաջրերն ու աղբը լիճն ենք լցնում, բա ի՞նչ էինք ուզում, որ չծաղկե՞ր։ Իսկ թե ինչքան բուռն կծաղկի, ընթացքում կերեւա»։ Ցավալի է, որ երբ մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանը վերածում ենք ոռոգման ջրի շտեմարանի ու ձկնաբուծարանի, հետեւանքը սա պետք է լիներ։
Որովհետեւ՝ 1. երբ ջրիմուռները չեն երեւում, կարծում ենք՝ մահանում են։ Չենք լսում մասնագետներին, որ պնդում են, թե մահանում են, բայց չեն վերանում, իջնում են լճի հատակը՝ ստեղծելով լրացուցիչ օրգանական նյութ: Եվ, ըստ Բ. Գաբրիելյանի, որքան տվյալ տարում այս նյութը շատ լինի, այնքան հաջորդ տարում ծաղկման համար ավելի շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում։ Այդ բարենպաստ պայմաններից են նաեւ կլիմայական տաքացումը, նախորդ տարիներին լճի մակարդակի նվազումը, լիճ կենսածին տարրերի մուտքը, ձկնաշխարհի չավելացող պաշարը։ Եվ այդ օրգանական նյութի ավելցուկը հաջորդ տարի, երբ գալիս են նորերը, այդ նորերի բազմացման համար է՛լ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում: Այսինքն՝ ինչքան ծաղկում ենք ունենում, հաջորդ տարի այդ ծաղկումն ավելի ծաղկուն է լինում։
2. Չենք լսում մասնագետներին՝ չլուծելով Սեւանի ձկնաշխարհի՝ ռազմավարական պաշարի ապահովման խնդիրը։ Չենք հասկանում, որ, մեր զրուցակցի խոսքով,
«Սեւանի կենսառեսուրսը միայն սնունդ չէ, այն վերին օղակն է լճի բնապահպանական համակարգի»: Այսինքն՝ եթե այդ համակարգը ճիշտ կառավարենք, որոշակիորեն կկարողանանք բարելավել ջրի որակը:
Իսկ ի՞նչ ենք անում: Չնայած պաշարների ծավալի նվազմանը, արդյունագործական որսի ծրագիր ենք սկսում, որ հսկողության խիստ ռեժիմ սահմանենք՝ ձվադրման գործընթացն ապահովելու համար, բայց դեկտեմբեր-հունվարին այդ խիստ ռեժիմի ու արգելքի ականատեսն ենք լինում ինչպե՜ս՝ ազատ վաճառքում՝ փողոցում, բոլորի աչքի առաջ ձկնառատությամբ։ Մինչդեռ պետությունը պետք է ամեն ինչ անի Սեւանի ձկան ռազմավարական պաշարը վերականգնելու համար, որովհետեւ Սեւանը մեզ ձուկ տվող ավտոնոմ համակարգ է եւ դարձյալ կարող է մեզ փրկել վերահաս վտանգներից՝ ինչպես դա արեց 90-ականներին: Սեւանը համազգային նշանակության խնդիր է, բայց այդ խնդրի լուծումը պետությունը պետք է տա իրապես ուժեղ վերահսկողությամբ ու ճշգրիտ քայլերով:
3. Չենք լսում մասնագետներին ու չենք բարձրացնում լճի մակարդակը։ Չենք հասկանում, որ Սեւանա լճի շատ խնդիրներ, թեկուզ հենց «ծաղկումը», կարող ենք լուծել լճի մակարդակի բարձրացմամբ։ Սեւանը միշտ իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվել է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար: Չպետք է թույլ տանք, որ դա փոխվի: Իսկ որակի պահպանման, էկոհամակարգի կայունացման համար լճի մակարդակի բարձրացումն անհրաժեշտություն է, եւ նաեւ այդ բարձրացման նիշը պետք է փոխվի՝ ոչ թե 1903,5 մ, այլ՝ 1909 մ ։ Էկոհամակարգի կայունացման համար մասնագիտական պլան պետք է մշակվի, որ կառնչվի ոչ միայն Սեւանա լճի ջրին, այլեւ՝ լիճ ներհոսող գետերին։
4. Սեւանի լճավազանում, լճի ջրի՝ խմելու որակի պահպանման համար, մաքրման կենսաբանական կայանների կառուցման անհրաժեշտության մասին էլ չենք խոսում: Բայց դե, ինչպես ասում են, դեռ մեխանիկական կայանների հարցը չենք կարողանում «հորով-մորով անել»։
5. Չենք հիշում, որ լիճը մաքրելու «դեղատոմսեր» հայ գիտնականներն առաջարկում են։ Հայաստանը հարուստ է բնական ադսորբենտների հանքային պաշարներով՝ ցեոլիտներ, դիատոմիտներ, պեռլիտներ, կավեր եւ այլն: Գիտնականները որպես ադսորբենտ օգտագործել են ցեոլիտները, որոնք բնական միներալներ են՝ կազմված սիլիցիումի, ալյումինի եւ թթվածնի ատոմներից: Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազում է 300 անգամ։ Փորձեր են արվել սորբենտի ազդեցության արագությունը մեծացնելու ուղղությամբ։ Հենց այս ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Սեւանա լճից կկլանվեն լճի համար վնասակար միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները:
Թվարկումը կարող ենք շարունակել, բայց դրանից Սեւանա լճի վիճակը չի փոխվի։ Պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք փրկել ռազմավարական նշանակության գերակա պաշարը, թե՞ ոչ։ Եթե այո, բոլոր խնդիրների լուծումները կան, մասնագետները տվել են։ Եթե ոչ, ապա այլեւս մտածել էլ պետք չէ, ձկնաբուծարանի ու Արարատյան դաշտի ոռոգման համար մի քանի տարի ջուր կլինի… Զավեշտալիորեն դառը իրականություն, որ ինքներս ենք ստեղծել, բայց եւ պարտավոր ենք փոխել, որ Սեւանը մեր հպարտությունը մնա, ոչ թե մեր ամոթը։