«Էն ժամանակ, երբ սկսեն ճշմարիտ գնահատել մեզ, էլ չենք լինի…»:
Ա. Բունիաթյան
Վերջերս Եռաբլուրում էի եւ այցելեցի մեր ժամանակների լավագույն հայերից բժիշկ Արցախ Բունիաթյանի շիրիմին, որի մոտ էին նաեւ արդեն ալեհեր ազատամարտիկներ։ Զրուցեցինք. ասացին, որ Արցախյան գոյամարտի տարիներին եղել են Մարտակերտում, ծանոթ են բժիշկ Արցախին, ով շատ զինվորների, նաեւ իրենց մարտական ընկերների կյանքն է փրկել։ Եկել էին հարգելու նրա հիշատակը։
10 տարի առաջ այս օրերին Բերձորում պատրաստվում էինք Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին եւ լսեցինք, որ վախճանվել է մեր սիրելի բժիշկը։ 2012 թ. հուլիսի 20-ին հասարակական գործիչ, գրող ու ազատամարտիկ, բոլորի կողմից սիրված Արցախի (Դալտոն Ասլանի Բունիաթյան) մարմինն ամփոփվեց Եռաբլուրում։ Հուղարկավորմանը շատ էինք նաեւ քաշաթաղցիներով. մեզ համար Արցախը միայն բժիշկ չէր, ընկեր էր ու հարազատ, խորհրդատու եւ սիրված անձ։ Յուրաքանչյուր անգամ, երբ Բերձորում որեւէ մարդաշատ միջոցառում էր լինում, բոլորի մեջ իր բարի լուսեղեն տեսքով աչքի էր ընկնում Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիրը։
1939 թ. մարտի 2-ին Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում է ծնվել։ 1950 թ. ընտանիքով տեղափոխվել են Հոկտեմբերյան քաղաք: Երիտասարդական տարիներին, մինչ Արցախյան շարժումը Ա. Բունիաթյանն այն եզակի հայերից էր, ով մասնակից եղավ Նժդեհի մասունքները Վլադիմիրից գաղտնի տեղափոխելուն եւ Սպիտակավոր եկեղեցու բակում ամփոփելուն, ինչպես ցանկացել էր մեծ զորավարը։ Նժդեհի նշխարներից ողն ամփոփել են Խուստուփ լեռան լանջին՝ դարձնելով սրբավայր: Այս մեծ գործի մասնակիցներն այդ օրը երդվել էին՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 6-7-ն այցելել իրենց հիմնած սրբավայրը: Ստեղծել էին իրենց թեւավոր խոսքը. «Եթե չգանք, ուրեմն չկանք..»: Այսօր արդեն նոսրացել է այդ բույլը, սակայն սրբավայր այցելուների թիվն ավելացել է: «Նժդեհի վերադարձը»՝ այսպես վերնագրեց իր գիրքն Արցախ Բունիաթյանը՝ նվիրված այդ եղելությանը: Հեշտ չէր խորհրդային ՊԱԿ-ի հսկողության տակ գտնվող շիրիմը Վլադիմիր քաղաքից տեղափոխել հայրենիք։ Բայց դա կայացավ Պավել Անանյանի շնորհիվ։ Արցախը պատմում էր, թե ինչպես են 3 տարի զորավարի նշխարները պահել Վարագ Առաքելյանի տան կտուրում, հետո տեղափոխել ու ամփոփել Սպիտակավորում ու Խուստուփի լանջին։
«Գիշերվա կեսին Խուստուփի լանջով մեկ տարածվել էր Աթանաս վարդապետի ձայնը. շարական էր երգում, երբ հուղարկավորում էինք Նժդեհի ողը»,- պատմում էր Արցախը, երբ տարիներ առաջ միասին եղանք սրբավայրում։ Արցախ Բունիաթյանի կուսակցական ընկեր Արին-Վոլոդյա Գալստյանն այսպես է բնութագրում նրան. «Մեր ժամանակի հայրենապաշտ Հայի կենսագրականը կարդալ՝ կնշանակի ամենուր հանդիպել Նժդեհ, Արցախյան շարժում, պատերազմ, հաղթանակ, զինվոր, մահապարտ եւ նման հասկացությունների»։
Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից պայքարի կիզակետում էր Դալտոնը, ընդունվեց ՀՅԴ շարքերը։ Կնոջ՝ Սոնա Հովեյանի պատմելով՝ ամուսինն այդ ժամանակ կոչվեց Արցախ՝ փոխելով օտարահունչ Դալտոն անունը: Հիշատակեց Վարագ Առաքելյանի հուշը՝ ինչպես են Էջմիածնում եկեղեցու կամարների տակ Արցախ կնքել իրենց գաղափարակից ընկերոջը: Իսկ երբ պետք է բերեին Նժդեհի աճյունը, Արցախը կնոջը նամակ է գրել. «Դե, Սոնա, առավոտյան գնում եմ: Վտանգը միշտ կա, բայց համոզված եղիր, որ սարսափ չունեմ, սարսափ, որ բոլորիս պահում է կապովի շների նման, ոտքերի տակ կուչ եկած… Անհատը բնատուր ձգտում ունի դեպի բարձունքները, աստղերին, արծվին նախանձով է նայում: Այս իմ «ճանապարհորդությունը» հենց աստղերին մոտենալու իմաստն ունի: Եվ եթե ես այն չլինեի, ինչ կամ, ապա ոչ թե դու, այլ ինքս ինձ չէի հարգի: Գուցե խելագարություն է, չէ որ ուրիշները ձգտում են հանգիստ կյանքի: Այն, ինչ արծիվը տեսնում է մեկ ժամվա մեջ, հավն իր ողջ ցեղով դա երբեք չի տեսնի… Գնում եմ, վտանգը կա, եւ քեզ նամակ գրելու մեծ պահանջ զգացի: Բարի եղիր իմ փոքրիկների հանդեպ, իմ փոխարեն համբուրիր նրանց: Ծաղիկներ շատ ես սիրում, դրանք այս ծաղկամանով նվիրում եմ քեզ… դրանք միայն ծաղիկներ չեն, այլ իմ հոգու քամվածքի նեկտարը…»։
Իսկ երբ սկսվեց արդեն պատերազմը, 1992 թ. սկզբներից մինչեւ 1995 թ. նոյեմբերն Արցախը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում, որպես վիրաբույժ, մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին: Եվ այդ ամբողջ շրջանը դարձել է նրա ութհատորյակի գրական հարուստ նյութը: «Արյունոտ օրեր» հուշապատում գիրքը լույս է տեսել 8 հատորով, տարբեր ենթավերնագրերով: Վերջին հատորը՝ «Հուշագրություն»-ը, ներկայացնում է 1994 թ. մայիսը: Այս եւ բոլոր հատորները գրվել են ըստ օրագրի: Պարզապես հիանալ կարելի է Արցախի աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ: Ներկայացնում է հարյուրավոր ազատամարտիկների, Մարտակերտի շրջանի բնակիչներին, ովքեր դիմել են բժշկական օգնության համար: Ընթերցելով գիրքը՝ կճանաչենք շատ շատերին, որոնց բուժել է բժիշկը, նրանց, որոնց կյանքի համար պայքարել է, սակայն ի զորու չի եղել փրկել: Եվ այս ամենը մեծ վերք է բացել Արցախի սրտում: Գիշերները մոմի ու լամպի, հաճախ լուսնի լույսի տակ է գրի առել: Գրողի համար անձնավորված կերպար են դարձել հայրենի երկրի հողն ու ջուրը, անտառները, թռչուններն ու Սարսանգի ձկները: Ցավով է նկարագրում ռումբերից տնքացող հողի, արմատախիլ ընկած ծառի, անտեր մնացած շների ու կատուների մասին: Բացի գեղարվեստական գործ լինելուց, նրա գործերը հանրագիտարանի արժեք ունեն: Ընթերցողը լավ կճանաչի Մարտակերտի շրջանը, հարյուրավոր ազատամարտիկների, տարբեր օտարազգի ու սփյուռքից եկած մարդկանց, ովքեր այդ օրերին արցախցու կողքին էին, կծանոթանա ժամանակի բարքերին: 1995 թ. Սասուն Մամյանը հարցազրույց է ունեցել բժշկի հետ, որը տպագրվել է «Հայ զինվոր» թերթում։ Հարցերից մեկը եւ պատասխանը.
-Հիշո՞ւմ եք Արցախում կատարած առաջին վիրահատությունը։
-Դժվար է էդքան ընկղմվել հիշողության խորքն ու քրքրել-հասնել հատակին։ Բայց մի ուրիշ դեպք եմ հիշում, որ մինչեւ կյանքիս վերջը Թումանյանի ասածի պես «սրտիս հանգիստ չի տալու»։ 1992 թ. ապրիլի վերջերին Չայլուից նոր էի տեղափոխվել Մարտակերտի նկուղ-հիվանդանոց։ Դամառլուի ճանապարհին մի ընտանիք հրետակոծության տակ էր ընկել։ Երեք տարեկան աղջնակի ձեռքը կախ էր ընկել ուսից։ Անդամահատելուց զատ ոչինչ չէր կարելի անել։ Դեռ մի քանի օր առաջ նա մանիկյուր էր արել եղունգները ու այնքա՜ն սիրուն թաթիկ ուներ: Նայում էի նրա աչքերին, որոնք կարծես ասելիս լինեին. «Ես ոչ մեկին պատերազմ չեմ հայտարարել»: Ինչքան գեղեցիկ աչքեր ուներ։ Չէր բողոքում, չէր լալիս: Վիրահատարանում մեզնից յուրաքանչյուրը խույս էր տալիս դանակից։ Ու այդ ժամանակ, կյանքում առաջին անգամ, ես շրջվեցի դեպի պատն ու անկախ ինձնից արտասվեցի։ Հիմա նա մեծացել է ու ամբողջ կյանքում պիտի ապրի պատերազմի խարանն իր վրա։ Ես արտասվեցի նրա համար։
«Երբ հայրիկը դուրս եկավ տնից, ու դուռը փակվեց, մի տեսակ լռություն տիրեց։ Մենք մտքով պատկերացնում էինք հայրիկի անցնելիք ճանապարհն ու ենթադրում, թե բարեհաջող տեղ հասնելուց հետո ի՞նչ պիտի անի այնտեղ։ Իսկ մի քանի օր հետո, երբ ստացանք առաջին նամակը, արդեն պարզ էր, որ հայրիկը կյանքում առաջին անգամ իր խոսքին տեր չի կանգնելու, չի վերադառնալու: Կարճատեւ այցով տանը եղավ երկու ամիս անց։ Հայրիկը շատ էր փոխվել։ Գերադասում էր լռել։ Նրան կարծես ոչինչ չէր հետաքրքրում այստեղ։ Թվում էր` չի կարողանում իրեն տեղավորել այս՝ մեր աշխարհում։ Միակ սիրած խոսքն էր. «Ղարաբաղը մաքուր է, չար աշխարհի բարքերը դեռ չեն ապականել այդ հողն ու այնտեղի ավանդույթները»,- նույն հարցազրույցում ասել է դուստրը՝ Լիանան:
Արցախ Բունիաթյանի ամենամեծ գործերից եղավ 1996 թ. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնումը, որտեղ աշխատեց մինչեւ 2008 թ., եւ որը հետագայում կոչվեց հիմնադրի անունով: Վերաբնակեցվող Քաշաթաղի շրջանում բուժմիավորում հիմնելն ու գլխավորելն այն ժամանակ հեշտ չէր, սակայն Արցախին հաջողվեց դառնալ շրջանի բնակչության սիրելի բժիշկն ու բարի խորհրդատուն, ցանկալի այր: 2019 թ. դեկտեմբերին բուժմիավորումը տեղափոխվեց նորակառույց շենք, որի դիմաց տեղադրվեց Արցախի կիսանդրին։ Մարտակերտում աշխատելու տարիները եղել են Արցախի ընտանիքի համար ամենադժվարը։ Կարոտ ու սպասումներ մոր, կնոջ, 3 դուստրերի համար։ Աբովյան քաղաքի իրենց տանը տարիներով սպասել են պատերազմի դաշտից նրա վերադարձին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արցախ Բունիաթյանն արժանացել է կառավարական ու գերատեսչական բազում պարգեւների: 1998 թ. մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով: 2008 թ. ապրիլի 22-ին Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Վաստակավոր բժիշկ» կոչման: Սակայն այս ամենից առավել կարեւորը նրան ճանաչողների կարծիքն է, կարեւորը, որ ժողովուրդն է նրան կոչել ԲԺԻՇԿ, եւ նրա պատվին Քաշաթաղում ծնված շատ տղաներ անվանակոչվել են Արցախ:
Անցել է 10 տարի, ինչ Արցախը հավերժի ճամփորդ է… Նրա բարի դեմքը՝ անկրկնելի ժպիտով, փարթամ բեղերով, շատերի հիշողության մեջ է։ Այսպիսին էր բժիշկը, ով հաճախ հիվանդին բուժում էր իր բարությամբ, խորհրդով։ «Արեւահեղուկ» թթի օղին նույնպես բժշկի դեղամիջոցներից էր։ Հայրենասեր մարդը մեծ ցավ էր ապրում, երբ զգում էր, որ երկրում կա անարդարություն, կուսակցական ու քաղաքական պառակտում։ Բարձրաձայնում էր, բողոքում։ Բժշկի այրու՝ Սոնա Հովեյանի խոսքով՝ կյանքի վերջին օրերին Արցախը հորդորել է, որ մարդիկ միմյանց նկատմամբ լինեն սիրով: Հավելել է նաեւ, որ իր կյանքի կարեւոր գործերից են՝ Նժդեհի մասունքները տեղափոխելուն աջակցելը, Արցախյան գոյամարտին մասնակցելը, Քաշաթաղի բուժմիավորումը ստեղծելը եւ «Արյունոտ օրեր» ութհատորյակի լույսընծայումը։ Արցախի ընկերներից Ժորա Բարսեղյանը, ով եղել է Նժդեհի մասունքների տեղափոխման կազմակերպիչներից, ընկերոջ հիշատակին գրում է. «Արցախն իր ունակ համեստությամբ իրավ աստղերին մոտ է այսօր: Արցախի մասին հիշողությունները հավերժ կապրեն իր գիտակից եւ հետեւորդ ընկերների մեջ: Աստված հոգիդ լուսավորի հարազատ, եզակի ընկեր…»։
Բերձորում 1996 թ. առաջին անգամ հանդիպեցի բժիշկ Արցախին, չնայած նրա մասին շատ էի լսել. բուժել է նաեւ իմ մարտական ընկերներին: Մեծ մարդուն, ում միշտ նմանեցրել եմ Ավ. Իսահակյանի հայտնի հերոս Օհան Ամուն, շատերն էին ճանաչում նաեւ Քաշաթաղից դուրս: Այսօր կրկնակի տխրություն է Բերձորում. երբ բացվեց Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույցը, եւ մուտքի մոտ տեղադրվեց հիմնադրի կիսանդրին, թվում էր՝ իրականացել է Արցախի երազանքը։ Սակայն 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց նոր պատերազմ, եւ բուժմիավորման շենքը ծառայեց որպես ապաստարան ու հոսպիտալ։ Այսօր դատարկ է այդ շենքը։ Անորոշ է նաեւ Բերձորի եւ դեռեւս այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագիրը։ Իսկ Արցախի եւ հազարավոր նահատակ հերոսների հոգիներն անհանգիստ են ու պահանջատեր…