«Դեռեւս ոչ մի Օթելլո այդքան չէր սիրել իր Դեզդեմոնային: Վերջապես եղավ մի օր, երբ ես սարսափով զգացի, որ մենակ չէի նույնիսկ այնտեղ, որտեղ արտիստը միշտ մենակ պետք է լինի, եթե արտիստ է բեմում ստեղծագործելիս. եւ իմ Օթելլոն սկսեց խանդել իր Դեզդեմոնային… իմ նկատմամբ…»:
Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ
Խոսքը 20-րդ դարասկզբի հայ բեմի թագուհու՝ Արուս Ոսկանյանի մասին է, նրա, ով եղել է հայ խորհրդային բեմի առաջին Ջուլիետը, Լեդի Մակբեթը, Պորցիան, Դեզդեմոնան՝ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ», «Մակբեթ», «Վենետիկի վաճառականը», «Օթելլո» դրամաներում: Նրա մասին, ով ճանաչվել է որպես «ճակատագրական կնոջ» կերպարների լավագույն անձնավորող՝ Մարգարիտ, Սոնա՝ «Պատվի համար», «Չար ոգի», Օֆելյա՝ «Համլետ», Մոննա Վաննա՝ նույնանուն ներկայացման մեջ: Նրա մասին, ով Հայաստանի Առաջին պետթատրոնի հիմնադիր-դերասանուհիներից էր եւ որտեղ խաղացել է՝ մինչեւ ուժերի ծաղկուն շրջանում՝ 54 տարեկան, կիջներ կյանքի վարագույրը:
Դերասանուհի, ով հանդես է եկել նաեւ առինքնող ասմունքով, բեմադրել պիեսներ, հեղինակել թատերական հոդվածներ, «որպես հնչուն մի եղեգ, ոգի ոսկեձայն»՝ գերել հանդիսատեսին ու ժամանակի հայտնի մարդկանց, նրանց թվում՝ հանճարեղ Չարենցին:
Կոստանդնուպոլսում է ծնվել Արուսյակ Դարբասյանը՝ Արուս Ոսկանյան շքեղ դերասանուհին: Վաղ տարիքից է հրապուրվել թատրոնով, նվագել ուդ, մանդոլին: Ուսանել է ծննդավայրի Էսայան վարյարանում, ապա ավարտել նաեւ ֆրանսիական Սեն Վենսան քոլեջը եւ անցել ուսուցչական աշխատանքի Ազգային հիվանդանոցի որբանոցում: Բայց այս աշխատանքն այնքան էլ սրտովը չէր՝ բեմն էր ուսուցչուհու երազանքը: Եվ ահա չսպասված առիթ՝ Պոլիս է ժամանում երիտասարդ Վահրամ Փափազյանը: Արուսին ոգեւորում է իր երբեմնի դասընկերոջ առաջարկը՝ խաղալ Էմիլիայի դերը «Օթելլոյում»: Նշանված օրիորդը շատ համարձակ է գտնվում եւ արհամարհում է բարդ իրավիճակը, ինչի համար ստիպված էր հատուցել՝ փեսացուն հրաժարվում է նրանից, իսկ ծնողներն իրենց համարձակ աղջկան փախցնում են Բուլղարիա: Բայց դա էլ փոխելու էր ճակատագրի ընթացքը. 1908-ին Բուլղարիայից վերադարձած բեմի ապագա ընտրյալը դիտում է Աբելյան-Արմենյան թատերախմբի ներկայացումները, որոնք ավելի են բորբոքում նրա սերն ու ձգտումները առ թատրոն: Շուտով ծանոթանում է Աբելյանի հետ, ստանում նրա հովանավորությունը: Իսկ երբ մտերմանում, ապա եւ ընտանիք է կազմում այդ թատերախմբի դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ, թատրոնում իր տեղը գտնում է անվերադարձ: Ընտանյոք հաստատվելով Բաքվում՝ երիտասարդ դերասանուհին հանդես է գալիս Սեւ քաղաքում, Բալախանում, Արմենիքենդում տրվող դրամատիկական եւ օպերետային ներկայացումներում: Այստեղ նրա հետ ծանոթանում է մեծահռչակ դերասանուհի Ազնիվ Հրաչյան եւ ինքնակամ ստանձնում Արուսի բեմական ուսուցչի պարտականությունները:
Մինչեւ 1917 թ. դերասանուհին հանդես է գալիս Բաքվում, երբեմն-երբեմն Աբելյանի եւ Սիրանույշի խմբերի հետ շրջագայում Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում: Այնուհետեւ երեքամյա բեմական գործունեություն Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության խմբի կազմում, մինչեւ կկանչեր մայր հայրենիքը:
1921-ից Արուս Ոսկանյանը Երեւանի Առաջին պետթատրոնում է: Այստեղ նրան բախտ էր վիճակվելու բեմ բարձրանալ ժամանակի գրեթե բոլոր մեծերի հետ՝ Վահրամ Փափազյան, Գուրգեն Ջանիբեկյան, Ավետ Ավետիսյան, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Համբարձում Խաչանյան եւ այլք: Եվ հմայել բոլորին՝ կերտելով իր անզուգական դերերը բազմաթիվ ու տարասելիք ներկայացումներում՝ Նատաշա՝ «Մորգանի խնամին», Սուսան՝ «Նամուս», Օֆելյա՝ «Համլետ», Կորդելիա՝ «Լիր արքա», Կատարին՝ «Անսանձ կնոջ սանձահարումը», Անտիգոնե՝ «Անտիգոնե», Անուշ՝ «Պաղտասար աղբար», Զեյնաբ՝ «Դավաճանություն», Փառանձեմ՝ «Երկիր հայրենի»: Այսպես կարելի է երկար շարունակել: Եվ դեռ ավելի կհարստանար նրա՝ հայ բեմարվեստի անանց նվաճումներից հանդիսացող կերպավորումների ցանկը, եթե որովայնային տիֆ կոչվածը բեմից վաղաժամ չիջեցներ այնքա՜ն էլեգանտ, հմայիչ ու թատերասերին գերող ժողովրդական դերասանուհուն…
Ամփոփենք՝ վերստին խոսքը տալով հանճարեղ Փափազյանին. «Արուսյակը շոյում էր հանդիսատեսին, հետեւը գցում ու տանում… ուր որ ուզում էր… Նա առինքնում էր հանդիսատեսին իր հմայքով…»: